HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

11 տարի առաջ խախտվել է Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղ հավաքների ազատության իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ խախտվել է Լ. Տեր-Պետրոսյանի խաղաղ հավաքների ազատության իրավունքը:

Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը պաշտպանել է փաստաբան Վահե Գրիգորյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ դիմումը ՄԻԵԴ ներկայացվել էր 2008թ. օգոստոսին և վերաբերում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008թ.-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, Երևան քաղաքի Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի ձերբակալության և ազատ տեղաշարժի սահմանափակմանը՝ 2008թ.-ի մարտի 1-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածում: Բողոքը վերաբերել է նաև խտրականությանը, որին հանդիպել է Լ. Տեր-Պետրոսյանն իր քաղաքական հայացքների համար:

Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք…»:

Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ին փոխանցել է, որ 11-րդ հոդվածը կիրառելի չէ Ազատության հրապարակի հավաքի դեպքում, քանի որ վերջինը խաղաղ բնույթ չէր կրում: Ոստիկանության աշխատակիցներն, ըստ կառավարության, 2008թ. մարտի 1-ին հանրահավաքը դադարեցնելու մտադրություն չունեին, նրանց միակ մտադրությունը եղել է տարածքում զենք փնտրելը, որին ցուցարարները բուռն կերպով են արձագանքել: Կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ միջամտությունն անհրաժեշտ էր, քանի որ ոչ մի ժողովրդավարական հասարակություն չէր կարող հանդուրժել նման ագրեսիվ պահվածք և անկարգություններ, որոնք ցուցաբերվել են մեծ բազմության կողմից: Ավելին, կարծում են, որ իշխանությունները բավականին հանդուրժող մոտեցում են ցուցաբերել Ազատության հրապարակում անցկացվող հավաքի նկատմամբ՝ թույլ տալով, որ այն տեղի ունենա 2008թ. փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը, չնայած այն հանգամանքին, որ կազմակերպվել է ներքին օրենսդրության խախտմամբ:

ՄԻԵԴ-ը, հղում անելով Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռին, և վերահաստատելով նախկին իր դիրքորոշումը, արձանագրել է, որ բավարար և համոզիչ ապացույցներ չկան եզրակացնելու համար, որ Ազատության հրապարակում հավաքի կազմակերպիչները և մասնակիցները բռնի մտադրություններ են ունեցել, իսկ հավաքը խաղաղ չէ: Հետևաբար, այդ մասով մերժել է կառավարության առարկությունը: Ըստ այդմ՝ Վահե Գրիգորյանը, վկայակոչելով ՄԻԵԴ-ի վճիռը, նշում է, որ խաղաղ հավաքը ցրելը չի ունեցել որևէ հիմնավորում, պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ, առանց նախապես զգուշացման և ուժային միջամտությամբ։

Հավաքը ցրելը դիտարկվել է անհամաչափ միջոց: Արդյունքում՝ խախտվել է Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղ հավաքների ազատության իրավունք։ Արդյունավետ պաշտպանության իրավունքի մասով ՄԻԵԴ-ը դարձյալ ճանաչել է իրավունքի խախտում` արձանագրելով, որ Լ. Տեր-Պետրոսյանը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։ Կառավարությունը հակառակ դիրքորոշումն էր ներկայացրել` վկայակոչելով Վարչական դատարան դիմելը, ինչից չի օգտվել Լ. Տեր-Պետրոսյանը:

ՄԻԵԴ-ը դարձյալ պնդել է, որ միջամտությունը պարտադիր չէ, որ պայմանավորված լինի բացարձակ արգելքով: Կարող է իշխանությունների կողմից ունենալ այլ դրսևորումներ: 11-րդ հոդվածի 2-րդ մասի «սահմանափակումներ» տերմինը պետք է մեկնաբանվի դեպքերին նախորդող և ընթացքում ձեռնարկված միջոցների համատեքստում, ինչպիսիք են նախնական արգելքը, հանրահավաքի ցրումը կամ մասնակիցների ձերբակալումը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժիչ միջոցները, ներառյալ՝ հանրահավաքում մասնակցելու համար նախատեսված տույժերը:

Ինչ վերաբերում է խտրականության արգելքին, ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել քննել՝ հաշվի առնելով արդեն իսկ հանգած եզրակացությանը խաղաղ հավաքների և ազատ տեղաշարժի իրավունքների մասով։

Վ. Գրիգորյանը, դարձյալ վկայակոչելով ՄԻԵԴ-ին, նշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի հարցի կապակցությամբ արձանագրվել է, որ այն ներպետական բողոքարկման առարկա չէր դարձվել, և դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ` հաստատապես համոզված լինելու համար, թե արդյոք պետական պահպանության ծառայությունը վերազանցել է իր պարտականությունները, և արդյոք դիմողի անձնական ազատության և ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են։ Այդ մասով ՄԻԵԴ-ը գանգատը համարել է ակնհայտ անհիմն և անընդունելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter