HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության՝ կարևորելով Երևանի և Լիոնի միջև իրականացված ծրագրերը Հայկ Մարությանը ասել է, որ  պետք է բարձրացնել երկու քաղաքների միջև համագործակցության արդյունավետությունը:

«Երևան քաղաքը իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում, և այստեղ մեծ հեռանկարներ ենք տեսնում: Մենք նաև մի շարք ներդրումային ծրագրեր ենք մշակել Երևանի համար և շնորհակալ կլինենք Ձեր աջակցության համար՝ Լիոնից հնարավոր ներդրողների ներգրավման առումով: Նաև պատրաստ ենք քննարկել և մեր իրավասությունների շրջանակներում աջակցել Երևանում լիոնյան գործարարների կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- նշել է Հայկ Մարությանն ու իր պատրաստակամությունը հայտնել երկու քաղաքների միջև հաստատված համագործակցությունն էլ ավելի զարգացնելու և նոր մակարդակի  վրա դնելու հարցում:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին նկատել է, որ հարկավոր է վերակենդանացնել և նոր ուժ հաղորդել երկուստեք հարաբերություններին:

«Մեր համագործակցությունը պետք է տեղափոխենք ավելի պրագմատիկ փուլ, ինչի համար բոլոր նախադրյալներն առկա են: Վերասահմանելով նոր ուղղություններ, համոզված եմ, մենք կկարողանանք կյանքի կոչել  նոր ծրագրեր, որոնք կարևոր են քաղաքների տնտեսական կյանքում: Փորձի փոխանակման ծրագրերն էլ իրենց հերթին կբացեն նոր դռներ»,- նշել է Ժորժ Կեպենեկյանը:

Փոխքաղաքապետը ներկայացրել է նաև Լիոնի կառավարման համակարգը  և նշել, որ այն համարվում է «ընդդիմության մայրաքաղաք»: Ժորժ Կեպենեկյանը նաև նշել է, որ Լիոնում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը ևս մեկ անգամ վերահաստատում է ֆրանսիացի ժողովրդի դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման ու ճանաչման հարցում:

 

Անդրադառնալով համագործակցության նոր ուղղություններին՝ կողմերը կարևորել են առողջապահության (պոլիկլինիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում), բարձրագույն կրթության, մշակույթի, սպասարկման, հատկապես հանրային սննդի ոլորտներն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter