HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երեխաների համար գործած խաղալիքներից սկսվել է Նոնայի բիզնեսը

Դիլիջանցի Նոնա Մարդանյանը գործում է հայկական հեքիաթների հերոսների կերպարներով խաղալիքներ։ Հելունագործել սովորել է տատիկից՝ 9-10 տարեկանում: Նոնան մասնագիտությամբ նկարիչ-ձևավորող է, այժմ աշխատում է նաև որպես տոնական տորթերի ձևավորող։

Նախկինում հելունագործել է պայուսակներ, սփռոցներ, տոնական օրերին՝ տան դեկորներ։ Հետագայում, երբ երեխաները մեծացել են, Նոնան որոշել է հելունագործական հմտությունները կիրառել երեխաների համար։ Ասում է՝ մայրիկի դերը իրեն «ստիպեց» երեխաների համար խաղալիքներ գործել։ Դրանք հետագայում դարձել են նրա բիզնեսի հիմքը։

Նոնայի ստեղծած առաջին խաղալիքները երևակայական են եղել։ Սակայն նրա չորսամյա որդին դրանք նմանեցրել է հայկական հեքիաթների հերոսներին։ Նոնային դուր է եկել որդու այդ միտքը և սկսել է հելունագործել հայկական հեքիաթների, մուլտֆիլմերի կերպարներով խաղալիքներ։

Նոնա Մարդանյանը երեք երեխաների մայր է։ Ասում է՝ երեխաներն իրեն շատ են օգնում խորհուրդներով և աշխատանքային նոր գաղափարներով։ «Տղաս հաճախ է խորհուրդներ տալիս։ Ասում է՝ հագուստը այս գույն արա, կամ Ուստիանին մի քիչ չաղ արա, որ նման լինի։ Վեց տարեկան է»։

Նոնան ուրախ է, որ իր սիրելի զբաղմունքն այսօր դարձել է նաև բիզնես։ Ժպտալով ասում է՝ բիզնես ունենալու մասին երբեք չի մտածել։ «Սա իմ հոբբին է։ Ես գործում եմ և հանգստանում։ Հատկապես սիրում եմ խաղալիքներ, տիկնիկներ հելունագործել»,- ասում է նա։

Նոնայի հերոսները հիմնականում թումանյանական են՝ Քաջ Նազար, Ուստիան, շուն, կատու, «Գտնված երազ» մուլտֆիլմի ծերուկն ու նրա թոռնիկը։ Ասում է՝ սրանք գնորդների ամենասիրելի ու պահանջված կերպարներն են։

Երկու տարվա ընթացքում 200-ից ավելի խաղալիք է հելունագործել Նոնան։ Հելունագործած խաղալիքները հիմնականում վաճառում է ցուցահանդեսներում: Դրանք ներկայացված են «GSG» ապրանքանիշի ներքո։ Անվանումը պատահական չի ընտրել․ երեք երեխաների անունների առաջին տառերն են։

Նոնայի աշխատանքները ճանաչելի դարձնելու գործում նրան օգնում է նաև 6-ամյա որդին․ տանը կազմակերպում է տիկնիկային թատրոն՝ ներկայացնելով մայրիկի աշխատանքները: «Փոքր բեմ ենք տեղադրել տանը, որտեղ իմ գործած հերոսներով ելույթ է ունենում։ Հիմնականում հրավիրում է բակի երեխաներին, ներկայացումներ անում»,- ասում է Նոնան։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter