HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետաքրքիր ապրողը՝ Մայդա Շավակ

Արմեն Քեշիշյան

Անցյալ տարի ընկերս մի գիրք նվիրեց ինձ: Երեսին երեք տողով գրված էր՝ «Maïda Chavak, «Ակնթարթ» [coup d’œil], portraits arméniens»: Հեղինակի նկարներն էին, ժլատ, հակիրճ տեքստեր: Հայաստանում արված 240 նկարից միայն 80-ն է տեղ գտել գրքում: Նկարները ցնցում էին պարզությամբ և… նրբանկատությամբ, կարծես, հեղինակը, թանաքով ու գուաշով պատկերել էր ոչ թե կոնկրետ կերպար, այլ նրա հետ ծանոթությունից ստացած տպավորության մեկ ակնթարթը միայն:

Գրքում տասը-քսան նկարին հետևում էին այլ «ակնթարթներ»՝ ֆրանսերենով տեքստեր, որոնք այս կամ այն նկարը բացատրելուց ավելի՝ միավորում էին դրանք «մեր օրերի հայը» կերպարում: Կարծես, Մայդան մեզ է առաջարկում մերօրյա Հայաստանի հայության ընդհանրացված իր պատկերացման ակնթարթները:

Նրա «Ակնթարթը» մի ամբողջ աշխարհ բացեց, որը հիմա արդեն կարելի է անվանել «Մայդայի կերտած մեր աշխարհը»: Աշխարհ, որի բազմազանությունը ներկայացնելուն խոչընդոտում է, ինչպես բոլոր իսկապես տաղանդների՝ Մայդա-արվեստագետի համեստությունը: Այս ակնարկում արծարծելու համար նրանից անհրաժեշտ տեղեկություններ «կորզելը» ամիսներ տևեց:

«Ակնթարթը» մեր Հայաստանի ու այստեղ ապրող մարդու մասին է՝ հեղինակի աչքերով: Այսօրվա Հայաստան… Ի՞նչ է այն, եթե ոչ Մայդայի պատկերած՝ հյուրերի համար միշտ գցած սեղան… սուսուփուս իրենց գործը բարեխղճորեն, որակով կատարող մարդիկ (որոնց ժամանակը երբեք չի գալիս մեր մեջ), պահածոներ… բուսարգելոց ստեղծելու երազով տնկված ծաղիկների ու ծառերի սածիլներ… անարտասանելի անուններով մեքենայի պատուհանից ներխուժող խոտաբույսեր… օդանավակայանում սևահագուստ, սուրքիթ սևակոշիկ մարդիկ… համեստ ու անհայտ կիսանոթի ու ժպտերես՝ լուրջ ու մնայուն գործ անող նվիրյալներ… դժվար ճանապարհների փոս ու վիհ իմացող ու դրանք վարպետորեն շրջանցող՝ նախքին օպերային երգիչ-տաքսիստ… ապրուստի համար քաշած օղուց ամեն (ու շատ) հյուրին մեկ շիշ նվիրող… իր տունը պանդոկ դարձրած երբեմնի բեմադրող-նկարիչ, Արարատյան դաշտավայրի արևը կլանած մրգերով հյուրասիրող նկարչուհի, որի ամուսինը նավարկել է ամբողջ աշխարհը և նավակը խարսխել տան պատուհանի տակ, որից երևում են հորիզոնը օղակած լեռները… թատերական ոչ մի պարագա չունեցող խմբի բեմադրություններ, որի դերասանուհին գիշերները գորգեր է գործում… աստղադիտարանի հեռադիտակից երևացող այլ աշխարհներ ու դրանց ետևում կանգնած մարդիկ… մանրաֆորմատ գովազդով ու թարգմանությամբ հաց վաստակող բաքվեցի փախստական… նախքան պատերազմը գործարանում աշխատող, իսկ հիմա մի քիչ ամեն ինչ ու ոչինչ չանող ճագարաբույծ շուշեցի… դեմքի մի մասը ընկույզ հիշեցնող նապաստակ բուծողը… վանքի մոտ վաճառատուն… և դեմքեր, գույներ, երազնե՜ր…

Նույն ընկերոջս շնորհիվ Մայդայի հետ անձամբ ծանոթացա: Մի քանի լեզվով ազատ խոսող նկարիչ, լուսանկարիչ, արխիվաբան, ձեռագրագետ, հումորով օժտված համեստ մարդ:  Հետո իմացա, որ այս անսովոր անունը «ծովային աստղ» է նշանակում: Ճակատագրի վրա անվան ազդեցության տեսության կողմնակից չլինելով՝ այնպես եմ, սակայն, մտածում, որ «ծովը» նրա հետաքրքրությունների անսահմանութունն է խորհրդանշում, իսկ «աստղը»՝ այն լուսավոր տպավորությունը, որ նա թողնում է իր հետ շփվողների վրա: Մայդան աստղով է:

Մայդան պտտել է մեր երկիրը, եղել Արցախում: Հատկապես սիրում է Արա և Արագած լեռների շրջակայքները. լերկ բնություն, չտեսնված ծաղիկներ, օդ, քարերին և մարդկանց երեսներին դաջված դարեր: Ընկերների օգնությամբ ցուցահանդեսներ է ունեցել, նոր ընկերներ ձեռք բերել: Մեր երկրի հանդեպ սերը, կարծում եմ, ոչ միայն Կիլիկիայի մերսինցի տատիկից ու պոլսեցի պապիկից է, այլև հայրական ֆրանսիացի կողմին հատուկ նորախույզ հետաքրքրասիրությունից:

Նա մասնագիտորեն անում է այն գործերը, որոնց ընտրությունը մեկ հստակ չափանիշ ունի՝ գործը պետք է սիրի, հետաքրքրվի դրանով. լինի դա Գյուլբենկյանի արխիվների ու նամականիի հետազոտությունը բացահայտելու համար արվեստի բնագավառում հայազգի միջնորդների գործունեությունը՝ հանդիպելով և հարցազրույցներ վարելով նրանց ժառանգների հետ կամ Ալբեր Կանի պարտեզ-թանգարանը: Կամ Փարիզի արվարձանների երիտասարդ արվեստագետների կրթական ծրագիրը: Կամ ուսանողների հետ անտառապահպան նախաձեռնությունը: Կամ Առաջին աշխարհամարտի մասին հիշողությունների շտեմարանի կազմումը: Կամ ֆրանսիայի մի շարք քաղաքներում պոետների հետ բանաստեղծական բացօդյա երեկոների կազմակերպումը և էլի ու էլի գեղեցիկ գործեր:

Փարիզում է ծնվել և մեծացել, բայց վաղուց բնակվում է Մարսելում: Փարիզյան շրջանի Բուլոն-Բիլանքուղում, Մայդան անցկացրել է աշխատանքով հագեցած մեկ տարի: Ֆրանսիացի բանկիր-բարեգործ Ալբեր Կանը 1909 թվականից մի ծրագիր նախաձեռնեց, որին սեփական մջոցներով ներգրավեց լուսանկարիչներ, ուղարկելով նրանց ավելի քան 50 երկրներ՝ գունավոր լուսանկարներ անելու: Արդյունքում հիմնեց «Երկրագնդի արխիվները»՝ աշխարհի տարբեր մշակույթներից լուսանկարների հավաքացու, ավելի քան 72,000 գունավոր լուսանկարներ և 183,000 մերտ շարժանկար: Հիմա Փարիզը հպարտությամբ իր զբոսաշրջային ուղիներում ներառում է այս թանգարան-պարտեզը, ուր զետեղված են աշխարհի հազարավոր վայրերի առաջին գունավոր լուսանկարները: Կանը երազող էր, և իր այս հավաքացուն իր երազների արտացոլանքն է:

Պարտեզի հատվածները «տեսարաններ» են կոչվում. այստեղ կա Անգլիական այգի, Վարդաստան, Ճապոնական թեյատուն-այգի, ինչպես նաև մերկասերմերի անտառ: 1929 թվականի ճգնաժամի պատճառով Կանը սնանկացավ, իր ստեղծած պարտեզը դարձավ հանրային: Հիմնադիրն ու նախկին տերը շարունակում էր այստեղ զբոսնել, մինչև իր մահը 1940 թվականին, երբ Ֆրանսիան գրավել էին նացիստները:

Այստեղ զետեղված ճակատագրերի հետազոտություն էր անցկացնում Մայդան: Զբոսնողների հետ հարցազրույցներ, վկայությունների հավաքագրում և դասակարգում, լուսանկարչություն, վիզուալ արխիվների, ի վերջո՝ պարտեզի կերպարի ստեղծում: Կազմակերպում էր բացօդյա ցուցահանդեսներ, կատալոգներ կազմում: Վերջում անցկացվեց մի ցուցահանդես, որտեղ նեկայացվեցին մշակույթի տարբեր դրսևորումների վկայություններ, տեսաարխիվներ և լուսանկարներ:

Մայդային այս աշխատանքը հանձնարարել էր ինքը՝ թանգարանը: Ծրագրի իրականացման արդյունքում լույս տեսավ ինքնատիպ մի աշխատություն՝ «Հատուկ պարտեզի հուշամատյան» անվանումով, որի կատալոգը ներառում է Մայդայի նամակը Ալբեր Կանին: Այս նամակում Մայդան պատմում է հիմնադրին, թե ինչ է կատարվել իր պարտեզի հետ իր՝ 1940 թվականին վրա հասած մահվանից հետո: Տեղին եմ համարում Մայդայի՝ Կանին ուղղված նամակից մի քանի հատվածներ մեջբերելը.

«Սիրելի Տիար Կան, նախ ներեցեք Ձեր պարտեզը մուտք գործելու համար: Երբեմն ծիծաղում եմ այն զբոսաշրջիկների վրա, որոնք քարտեզը ձեռքներին ինձ հարցնում են, թե ինչպես դուրս գան այստեղից: Եվ հիշում եմ այն առաջին անգամը, որ Ձեր մասին ոչինչ չիմանալով՝ ես էլ կորել էի այստեղ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է Ձեր ստեղծած աշխարհում իմ ուղևորությունը: Այն պահից, երբ Դուք դադարեցիք այստեղ գալ, բնակիչների, պարտիզպանների ու պարտեզի սիրահարների պատմությունները միահյուսվել են ծաղիկներին ու ծառերին: Այս բոլոր մարդկանց հրավիրել եմ զբոսանքի ու հարցնում եմ արդեն, կարծես, իրենցը դարձած պարտեզի մասին հուշերից:

Մինչև այժմ ինձ թվում է, որ Ձեր տուն եմ եկել ու այս նստարանին տեղավորվել: Ինքս ինձ Ձեր տան հյուր կարգել, ուր այլևս չկա դրա տերը: Լսել եմ, որ Ձեր բժիշկը խորհուրդ է տվել Ձեզ արձակուրդ վերցնել՝ մեծահարուստին հատուկ անհագստություններից հեռանալու համար: Եվ Դուք ճանապարհ ընկաք: Ամբողջ աշխարհը պտտեցիք, Ձեր աչքերը բացեցիք, որ լեցնեք նորով, մինչ այդ չիմացյալով: Երբ վերադարձաք, հիմնեցիք երիտասարդ շրջանավարտների համար նախատեսված ճամփորդությունների դրամագլուխ ասելով, որ կյանքի մասին մի բան իմանալն ու սովորելը անհնարին է լոկ գրքեր կարդալով…»  Նամակը շարունակվում է, իհարկե, բայց այն Մայդայինն է և ուրիշի նամակները կարդալը լավ բան չէ: Լավ է հանդիպել Մայդային ու իմանալ ավելին:

Գյուլբենկյանի հետ համագործակցում էին բազմաթիվ հայ գործարարներ, այդ թվում՝ արվեստի բնագավառում միջնորդներ: Մեծահարուստի արխիվում ստվար տեղեկություններ կան՝ նամակներ, գրություններ, փաստաթղթեր, այս համագործակցության մասին: Մայդան հետազոտում է հախուռն նյութերը: Պետք է մի փոքր դեռ սպասել նախաձեռնության ավարտին. Մայդայի բոլոր աշխատանքները արժեքավոր են, մտածված, մասնագիտորեն որակյալ ու հետաքրքիր: Եվ անպայման արդյունքները հասու դարձնել մեր երկրի գիտահետազոտական կառույցներին, որոնք պետք է հետաքրքրված լինեն հայերի գործունեությամբ աշխարհի տարբեր երկրներում:

Շարունակելով Մայդայի գործունեության վրա «ակնթարթային» հայացքներ գցելը՝ ներկայացնենք միայն մի քանի այլ ծրագրեր, որոնք ինքն իրականացրել է վերջին երկու-երեք տարիներին: Բոլորն էլ ուրույն են, նրանց միացնում է բարին գործելու տրամադրությունը, մարդասիրությունը, մարդկային տարբեր հանրույթներին հատուկ խնդիրներին լուծումներ առաջարկելու մղումը:

Փարիզի հյուսային Վալ Դ’Ուազի շրջանում, «Cuesta» մշակութային կոոպերատիվի հետ համատեղ՝ հետազոտել է մի քանի ավաններում բնակվող սոցիալական, կրթական, քաղաքական ոլորտների աշխատողների մոբիլությունը՝ համատեղ լուծումներ գտնելու արվեստագետների խնդիրներին: Ընկերների հետ մշակել է մի խաղ, որի օգնությամբ բնութագրվել են այս կամ այն տարածքում բնակվող ու աշխատող մարդկանց նախասիրությունները արվեստի բնագավառում և ըստ այդմ՝ օգնել արվեստագետներին առավել արդյունավետ կերպով տեղաբաշխել իրենց ռեսուրսները: Սա «Cuesta» կոոպերատիվի հետ Մայդայի կատարած աշխատանքներից միայն մեկն է:

Հաջորդը՝ «Անտառային զբոսանքն» է: Մի քանի ամիս շարունակ Սորբոնի համալսարանի ուսանողների հետ միասին մշակել են փարիզյան Ֆեղիեղ անտառի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: Այս անտառում հարցազրույցներ են անցկացրել զբոսնողների, անտառապահների, որսորդնեի, շրջակայքի բնակչության, մարմնավաճառների հետ: Հավաքված տվյալների հիման վրա կազմվել են քարտեզ, խաղ, թվային ծրագիր: Նպատակը՝ բնապահպանական նորմերն ապահովելով անտառի բոլոր շահառուների համար ավելի անվտանգ ու հաճելի ժամանց ապահովելն է: Նախաձեռնության արդյունքները ներկայացվել են Ֆրանսիայի «Կանաչ տարածքների գործակալություն»:

Փարիզի Արպաժոնե արվարձանի երեք ավաններում վերջին երեք տարիների ընթացքում բնակություն հաստատած պոետներին տեղի նիստուկացին ընտելացնելու և հատկապես բնապահպան գործունեությանը ներգրավելու նպատակով իրականացրել է «Հազվագյուտ ծաղիկների սերմեր» ծրագիրը: Մոտակա անտառում զբոսանքների ընթացքում հարցազրույցների, լուսանկարչական նյութերի և տեսաարխիվների գործադրմամբ ներկայացվել է տեղի պատմությունը, առասպելները, անտառի էնդեմիկ բույսերն ու կենդանիները: Արդյունքում շահառուներին հարազատ է դարձել իրենց համայնքը, բնիկ կերպարների մասին առասպելներն ու պատմությունը սնել են նրանց երևակայությունը և հրատարակել է իրապես համայնքային մի գիրք, ուր կարելի է զգալ տեղանքի հմայքը իբրև բնության, պատմության, առասպելի ու պոեզիայի հանդեպ սիրո արտահայտություն: Զբոսաշրջությանը նպաստող առանձնահատուկ և այլ տեղ չհանդիպած ծրագիր:

Կոլոմիեղը Փարիզի մեկ այլ արձարձան է, ուր 2011թ.-ին բնակություն է հաստատել այսպես կոչված «Երազկոտ պոետների միությունը»: Այս բնակիչների համար կազմակերպում էր զբոսանքներ, որոնց ընթացքում՝ հին լվացքատնից մինչև քաղաքի տարբեր կետեր ու շուրջը տարածված դաշտերում զբոսանքների ընթացքում ներայացվող պատմական ակնարկների ու մարդկանց հետ զրույցների միջոցով վերականգնում էր տեղանքի երբեմնի և արդի իրականությունը, արվեստագետներին «միահյուսում» տեղի հետ, հարազատացնում տեղանքին: Ինչո՞ւ հին լվացքատան մոտից. որովհետև հին ժամանակներում, երբ չկային լվացքի մեքենաներ, այստեղ Կոլոմիեղի կանայք գալիս էին լվացք անելու և… բամբասելու՝ պատմություններ պատմելու: Այդպիսի բամբասանքների միջոցով էլ Մայդան հրապուրում էր այդ զբաղմունքին հակված արվեստագետներին: Կոլոմիեղում ավանդական և շատ սիրված պանիր է արտադրվում, որը գնորղներին է առաջարկվում հատուկ տուփերի մեջ, հատուկ փաթեթավորմամբ: Զբոսանքների ընթացքում արված ավելի քան 80 լուսանկարներն ու վերապրած «բամբասանք-պատումները» Մայդան հրատարակել է հենց այդպիսի պանրի տուփի մեջ, իբրև արվարձանի հետ արվեստագետների երազների միահյուսվածության խորհրդանիշ:

Սաքսաֆոն է նվագում մի խմբի կազմում, որն ակնթարթորեն հավաքվում է պայմանավորված վայրում, անպայման փողոցում կամ հրապարակում և սկսվում է… երաժշտության տոնը: Խումբը կոչվում է «Les Lapins Superstars» («Գերաստղ նապաստակներ»): Տարբեր մասնագիտության ու զբաղմունքի, երաժշտություն և տոն սիրող մարդիկ փողա-ջազային մի խումբ ունեն, փոփոխական կազմով: Նվագում են, հավաքում մեծ բազմություն և որոշ գումար, որով ճամփորդում են նոր տեղեր: Ապրում են…

Չնայած որ հայերենով հաղորդակցվելու, գրելու և կարդալու ոչ մի էական խոչընդոտ չունի, Մայդա Շավակը կատարելագործում է արևելահայերենը՝ այնքան տարբեր իր նախնիների արևմտահայերենից, բայց նաև՝ ձգող: Ասում է, որ հայերեն գրելը նույնիսկ ավելի սահուն է ստացվում, քան անգլերեն:

Ավելի շատ Հայաստանի, քան Ֆրանսիայի հայ համայնքի հետ կապեր ունեցող Մայդան հիմա Ֆրանսիայում է: Բայց կարելի է հաստատ համոզված լինել, որ մի օր նա նորից կգա Հայաստան: Որովհետև, ինչպես ինքն է ասում «Ակնթարթներում»՝ «…ամեն անգամ Փարիզ վերադառնալիս, ինքս ինձ հարց եմ տալիս. «ինչո՞ւ եմ կրկին վերադառնում այնտեղ»: Փարիզ վերադառնալիս, ճամպրուկներս նկարներով լեցուն՝ անցկացնելու մի քանի ամիս, քանի դեռ չի սպառվել վայրի ուրցի ինձ հետ բերածս պաշարը»: Որովհետև սիրում է կյանքը, գիտի, որտեղ նոր բան գտնել և ուրախանալ գտածոին և այդ ուրախությամբ կիսվել ընկերների հետ: Որովհետև նա դեռ չունի այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է հայն ու Հայաստանը իր համար: Եվ որովհետև նրան այստեղ կարոտում են…

Մեկնաբանություններ (2)

Վանուհի
Հիանալի ակնարկ հետաքրքիր մարդու մասին։ Շնորհակալություն, Արմեն Քեշիշյան, քո զարմանալի բացահայտումները հարստացնում են մեզ բոլորիս և ճանաչել տալիս իրար։ Մի օր այդ բոլորը կհավաքես "Իմ ժամանակակիցները" հատորյակում։ Այդ մեծ սրտումդ ո՜նց ես տեղավորում ու սիրում բոլորին․․․ Մայդան արդեն դարձավ ընկերուհիս քո շնորհիվ։ Բարև, Մայդա Շավակ․․․
Արմեն Քեշիշյան
Շնորհակաություն եմ հայտնում Ռուբեն Ստեփանյանին՝ Մայդայի հետ ծանոթացնելու, ինչպես նաև այս ակնարկը գրելու ընթացքում անգնահատելի աջակցության համար: Մայդային եմ շնորհակալ, որը տրամադրեց թե տեղեկատվություն, և թե լուսանկարներ: Տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ տեղադրել "Լուսանկարը՝ Արեգ Բալայանի" գրությունը մուտքի նկարի տակ: Այդ նկարն արված է Մայդայի "Ակնթարթ" գրքում տեղ գտած նկարների ցուցահանդեսում, Փարիզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter