HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորի կինը մեկ տարվա ընթացքում 137 միլիոն դրամի անշարժ գույք է գնել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի կինը՝ Նաիրա Խաչատրյանը, կարող է հավակնել ամենահարուստ դատավորի կին կոչմանը՝ իր կուտակած ունեցվածքի պատճառով: Ի տարբերություն դատավոր ամուսնու՝ նա ակտիվ գործարքների մեջ է: Գնում է անշարժ գույք, վաճառում, տալիս փոխառություններ, դրանց դիմաց ստանում տոկոսներ:

Մասնավորապես, ուսումնասիրելով դատավոր Ավետիսյանի և նրա տիկնոջ 2011-2018թթ. գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ պարզեցինք, որ Նաիրա Խաչատրյանի եկամուտներն ավելացել են հատկապես 2015-2017թթ.:

2015թ. Ն. Խաչատրյանի տարեկան աշխատավարձը կազմել է ընդամենը 672 հազար դրամ, սակայն 94 մլն դրամ եկամուտ է ստացել վարձակալության դիմաց ստացած վճարից, 90 մլն դրամի եկամուտ էլ ստացել է հասարակական նշանակության շինության վաճառքից: 

2016թ. դատավորի կնոջ աշխատավարձը կազմել է 888 հազար դրամ: Սակայն վարձակալության դիմաց ստացած վճարից ունեցել է հավելյալ 94 մլն դրամ եկամուտ: Նույնքան և նույն աղբյուրներից եկամուտ է ստացել նաև 2017թ.: Դրան ավելացել է 14,000 դոլարի եկամուտը, որը գոյացել է տրված 280 հազար դոլար փոխառությունից ստացված տոկոսագումարից: Ուշագրավն այն է, որ Նաիրա Խաչատրյանն իր նախորդ տարիների հայտարարագրերում արտարժույթով գումար չի նշել, սակայն նա միանգամից 280 հազար դոլար փոխառություն է տվել ու ստացել տոկոսներ: Հայտարարագրից այդպես էլ պարզ չի դառնում, թե որտեղից դատավորի կնոջը միանգամից 280 հազար դոլար:

2018թ. Նաիրա Խաչատրյանը դրամային եկամուտ ստացել է միայն աշխատավարձից՝ դարձյալ 888 հազար դրամ: 7785 դոլար եկամուտ էլ ստացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից: 2018-ը դատավորի կնոջ համար «լավ տարի» է եղել նաև գույք ձեռք բերելու առումով: Նա գնել է միանգամից 3 անշարժ գույք. անավարտ շինություն՝ 80 մլն դրամ, բնակարան՝ 52 մլն դրամ և ավտոտնակ՝ 5 մլն դրամ:

000.jpg (127 KB)

Ի տարբերություն կնոջ՝ դատավոր Էդիկ Ավետիսյանն իր հայտարարագրերում նշել է միայն աշխատավարձից ստացած եկամուտ, իսկ դրամական միջոցները չեն անցել 15 մլն դրամը:

2016թ. Է. Ավետիսյանը 15 մլն դրամով ձեռք է բերել LEXUS NX 200t մակնիշի ավտոմեքենա, իսկ 2017-ին 2 մլն դրամով օտարել է VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան:

Նաիրա Խաչատրյանը հայտարարագրել է նաև դրամական միջոցներ, որոնք ավելացել են հատկապես 2016-2018թթ.: Ավելին, նրա հայտարարագրերում անճշտություններ կան, ինչին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուշադրություն չի դարձրել: Մասնավորապես՝ Ն. Խաչատրյանն իր 2015թ. հայտարարագրում նշել է, որ տարեվերջին ունեցել է 35 մլն դրամ դրամական միջոց: 2015-ի տարեվերջի գումարի չափը պետք է համընկնի 2016թ. տարեսկզբի գումարի չափի հետ, սակայն, 2016թ. նա հայտարարագրել է 131 մլն 644 հազար դրամ: Նույնը վերաբերում է նաև 2014-2015թթ. հայտարարագրերին:

Մեկնաբանություններ (1)

Առանց դատարանի վճռի գույք բռնագանձող
Դատավոր է. ավետիսյանը ունիկալ վճիռներ է կայացնում, նրա «դատավորի ներքին համոզում» եզրույթը խիստ մաթեմատիկական տրամաբանություն ունի. ինչքան փող կտան վճռի համար: Օրենքը էական չէ: Նա ընդունակ է վերաքննիչ ատյանից եկած գործով նորից նույն սխալներով նոր վճիռ կայացնել, որոնց համար վերաքննիչը բեկանել է նախորդ վճիռը: Թե ու՞ր է տանելու էդ հարամ փողը, ե՞րբ է կշտանալու, իր ներքին համոզմունքը գիտե: Սրա համոզմունքը փոխելու համար նոր իրավական մոտեցումը պետք է կիրառել՝ եկամտով չհիմնավորված գույքի բռնագրավում: Եթե նրա կինը այդտեսակ հաջողակ բիզնեսwoman է, 1-ը 1000 է սարքում, էլ ամուսինը ինչու է ամեն օր կրակի հետ խաղում? Դժվար է ներքին համոզմունքը հասկանալ, ի վերջո...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։