HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի պարզաբանումը իր հայտարարագրի վերաբերյալ

Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պարզաբանում է տարածել իր հայտարարագրի մասին: Հիշեցնենք, Քյարամյանը մասնավորապես հայտարարագրել էր 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար: Արգիշտի Քյարամյանի պարզաբանումը նույնությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեծ ակնկալիք ունեմ ճիշտ ընկալվելու: Իմ հայտարարագրի վերաբերյալ մամուլի արձագանքը հաշվի առնելով՝ պարտավորված եմ կրկին անդրադառնալ այդ հարցին:

Երեկ՝ ճեպազրույցի ընթացքում, իմ կողմից ունեցվածքիս ծագումնաբանությունը բովանդակային առումով չպարզաբանելու հանգամանքը պայմանավորված է եղել միայն նրանով, որ անկեղծ ցանկություն եմ ունեցել ընդգծել յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ պաշտոնյայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի կարևորությունը: Սակայն հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որ հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։

Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ:

Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը։

Հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, ողջ կյանքս ապրել եմ հզոր հայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունեմ ընդգծված ատելություն, որն անթաքույց ցուցադրել եմ ողջ կյանքիս ընթացքում: Երբևէ չեմ առաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել, առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից: Ստանձնածս պատասխանատու պարտականությունները կատարելիս ակնկալում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը: Սկսած գործը պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին»:

Մեկնաբանություններ (3)

Հասմիկ
Շատ կշռադատված ու խելացի վերլուծություն է արվել լրագրող Կարեն Մարգարյանի կողմից: Կարծում եմ մեր օրերում յուրաքանչյուր հոդվածագիր, յուրաքանչյուր ընթերցող ու հասարակության յուրքանչյուր անդամ պետք է կարողանա հանդարտ, հանգիստ ու համոզիչ մոտեցումներ հաղորդի իր գործողություններին և այդ պարագայում մեր հանրային կյանքը կդառնա ավելի լավը, ավելի դրական ու ավելի բարի: Այո՛, ես իրականում հավանեցի ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատարի վերաբերյալ այս համակողմանի ու օբյեկտիվ հրապարակումը:
Կարեն Մարգարյան
ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԵՆ ՀՀ Վարչապետի 2018 թվականի ապրիլի 10-ի համապատասխան որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ: Առաջին հայացքից բավականին հաջողված նշանակում, նոր Հայաստանի սկզբունքներին ու մտածողությանը հարիր կադրային քաղաքականություն, երիտասարդ մարդու ծառայողական առաջխաղացում, ով մինչ այդ աշխատել է տարբեր ուժային կառույցներում և իր գործունեության ընթացքում երբևէ չի հայտնվել որևէ սկանդալային միջադեպի կիզակետում (ինչպիսի տեսարանների, որ մեր հասարակությունը շատ է ականատես եղել): Նրան ճանաչող յուրքանաչյուր ոք՝ իր ղեկավարները, գործընկերները և ընդհանրապես բոլոր ճանաչողներ կփաստեն, որ նա երբևէ չի կատարել իր ծառայողական պարտականություններին հակասող որևէ գործունեություն: Ու եթե այս ամենին էլ հավելենք, որ ՀՀ Վարչապետը բարձրաստիճան պաշտոնատար անձանց նշանակումներ կատարելիս բնականաբար խորությամբ և տարբեր խողովակներով ուսումնասիրում է տվյալ անձին վերաբերող ողջ տվյալները, ապա կարելի է համոզվածորեն փաստել, որ իրականում կատարվել է ճշգրիտ ընտրություն, համադրվել են մարդու անցած անբիծ ճանապարհը, նրա մասնագիտական որակները, կատարողական կարգապահությունն ու մարդկային հատկանիշները և այս ամենն էլ հիմք են հանդիսացել մեր երկրի պետական կառավարման համակարգը բանիմաց ու խելացի մեկ երիտասարդ անձով ևս համալրելու հարցում: Վստահ եմ, որ Արգիշտի Քյարամյանին բոլոր ճանաչողները համակարծիք կլինեն տողերիս հեղինակի հետ ու նույնիսկ դրական առումով բազում հավելումներ կանեն նրա անձին վերաբերող համեստ որակումներիս: Բայց արի ու տես, որ Քյարամյանին նշանակելուց օրեր անց, երբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության շուրջ ծավալվեցին հայտնի զարգացումներն ու կառույցի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվեց նորանշանակ ու երիտասարդ տեղակալին՝ նրա անձի շուրջ սկսվեցին ձևավորվել տարբեր առասպելախառն ասեկոսեներ ու բանը նույնիսկ հասավ նրան, որ շատերին սկսեց հետաքրքրել անգամ Ա. Քյարամյանի կողմից ազնվորեն հայտարարագրված ֆինանսական միջոցների ծագման աղբյուները: Այստեղ արդեն միտումն ակնհայտ էր և փորձենք ներկայացնել տվյալ հարցի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացումներ ձևավորելու որոշ մոտեցումներ: Տվյալ թեմայի հարգելի՛ շահարկողներ, շահարկման ու բանսարկության հայտնի վարպետներ, երիտասարդ պաշտոնյայի ծառայողական առաջընթացից նյարդային բարդ վիճակում հայտնվածներ, երիտասարդ մարդուն քաջալերելու փոխարեն հիասթափություն պատճառողներ և հարգարժա՛ն այլք. Դեռևս 2012 թվականի հունվարի 9-ից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձևավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովն ու այդ իսկ պահից սկիզբ է առել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման գործընթացը: Առկա է հայտարարագրման համապատասխան կարգ, մշակված ու հաստատված պահանջներ և ձևաթղթեր: Իսկ մինչ Արգիշտի Քյարամյանը բազմաթիվ ու բազմապիսի մարդիկ, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ այս տարբերակով ներկայացրել ու ներկայացնում են հայտարարագրեր՝ վերջիններիս էջերում արտացոլելով ավելի մեծ թվով գումարներ ու միջոցներ: Եվ եթե դա աղմուկի տեղիք պետք է տար ու բոլոր հատարարագրված միջոցների ծագման աղբյուրը հետաքրքրեր Ձեզ, ապա ու՞ր էիք Դուք 2012 թվականից ի վեր. ինչու՞ հանկարծ հայտնվեցիք հիմա ու հենց Արգիշտի Քյարամյանի պարագայում ցանկացաք իմանալ ծագման աղբյուրները: Ինչու՞ տարեց պաշտոնյաների դեպքում, ում ողջ կյանքն ու գործունեությունը աչքներիդ առաջ է եղել այդ հարցերը չեք տվել ու հիմա եկել նմանատիպ անազնիվ հարցեր եք հղում մի երիտասարդ պաշտոնյայի, ով շատ հավանական է, որ կարող էր իր որևէ հարազատից (քեռուց՝ ինչպես ինքն է նշել, տատիկից, պապիկից կամ այլ որևէ մեկից) թեկուզ որպես ժառանգություն ստացած լիներ այդ ամենը և վերջ: Ու այդուհետ շարունակեր մաքրամաքուր կերպով աշխատել՝ չթաթախվելով որևէ բացասական երևույթի մեջ, ինչպես դա կա Արգիշտի Քյարամյանի պարագայում: Բայց ցավոք, թողած այս պարզ ու շիտակ իրողությունը, ոմանք հայտնվել են խորը տվայտանքների մեջ, երիտասարդ մարդու նմանատիպ առաջխաղացումից հիվանդացած՝ ամենուր կեղտ են փնտրում, տարածում բազմաժանր ու բազմաշերտ ապատեղեկատվություն: Սարսափելի ցավ ես ապրում, երբ իրենց անձը հասարակության առողջացման ջատագովներ հռչակած շատերն այսպիսի դեպքերում անմիջապես վերածվում են այդ նույն հասարակության հոգեբանությունը կացնահարողների: Ցավոք, բայց սա է իրականությունը: Իսկ Արգիշտի Քյարամյանին բոլոր ճանաչողները մնում է նրան հորդորեն, որ չտրվի այդ սին տեղեկությունների բացասական ազդեցություններին, պետական կառավարման համակարգում շարունակի իր ազնվագույն երթը և կարողանա նոր Հայաստանի նոր սկզբունքների կերտման հիմնական դարբնոցներից մեկը համարվող Պետական վերահսկողական ծառայության գործունեությունը կազմակերպել իր ազնվության և պարկեշտության տրամաբանությամբ՝ բոլորին ապացուցելով իր տեսակի սկզբունքայնությունն ու տվյալ առաքելությունն իրականացնելու անվերապահ կարողությունները: Կարեն Մարգարյան լրագրող
Hovsep
Համոզիչ չի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter