
Արա Ղազարյան. «Եթե Ռուսաստանում որոշեցին մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը, ուրեմն դա քաղաքական որոշում է»
«Հետք»-ի հարցերին պատասխանում է «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Արա Ղազարյանը:
-Պրն. Ղազարյան, մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվում է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձման հարցը: Իրավական ի՞նչ կարգավորումներով է նա պաշտպանված և ի՞նչ շանսեր ունի:
-Եթե Ռուսաստանում օբյեկտիվորեն քննվի Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան հայցելու գործը, ապա ինքը գրեթե շանս չունի, որովհետև շատ թույլ գործ է:
Միհրան Պողոսյանը ՌԴ-ում քաղաքական ապաստան ստանալու դիմում է ներկայացրել, ինչը նշանակում է, որ վարչական վարույթ է հարուցվում, և դրա շրջանակներում դատարանը որոշում է կայացնում: Կամ՝ վարչական մարմինը հետո դա կարող է բողոքարկել, որը կարող է մի քիչ ավելի երկար տևել: Իսկ ընդհանրապես, նման գործերը պետք է արագ քննվեն: Իրավաբանների շանսերը շատ թույլ են, որովետև գործն ինքնին թույլ է, որպեսզի ՌԴ մարմինների բավարարեն նրա դիմումը:
Ունեցել եմ բազմաթիվ գործեր Եվրադատարանում, որոնք շահել եմ: Սկզբունքը հետևյալն է. ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի 33-րդ հոդվածն ասում է, «ոչ մի պետություն փախստականին չի վտարում կամ որևէ կերպ վերադարձնում այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ կսպառնար՝ իր ռասայի, կրոնի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական կարծիքի հարելու հիմքով»։ Այսինքն՝ եթե անձը մտահոգված է, վախ ունի կամ, ըստ Եվրոպական կոնվենցիայի, անխուսափելի վտանգ կա, որ եթե նրան հանձնեցին այն պետությանը, որն ուզում է, նա այնտեղ կենթարկվի մահապատժի կամ խոշտանգումների, միայն այդ դեպքում անձին չպետք է հանձնես: Սա է չվերադարձնելիության սկզբունքը: Բայց ամենաբարդն այն է, թե ոնց կգնահատես դա: Դա գնահատվում է կոնկրետ չափանիշներով, բնականաբար, մեծամասամբ դատարանի ենթադրություններն են լինելու, որովհետև ապացույցներ չեն ունենա իրենց ձեռքի տակ, որ այս մարդն ընդունող պետությունում կենթարկվի խոշտանգման: Դրա համար կան գործոններ, որոնք դատարանները հաշվի են առնում, որից բխեցնում են մտահանգում, թե որքանով է հավանական, որ այս անձը կենթարկվի խոշտանգումների կամ մահապատժի ընդունող պետությունում: Երկու խումբ հանգամանքներ են հաշվի առնում.
- Ընդունող պետությունում երկրի ընդհանուր իրավիճակը: Ես ունեցել եմ Հայաստանի դեմ գործ, որով կասեցրել եմ արտահանձնումը Եվրադատարանի միջոցով, որովհետև այդ մարդուն պետք է հանձնեին Թուրքմենստան, ուստի ես մանրամասն ներկայացրել եմ Թուրքմենստանում ընդհանուր վիճակը և այդ մարդուն վերաբերող ընթացակարգերի պրակտիկան, օրինակ՝ կալանավորման պրակտիկան, վիճակը բանտերում, որ ավտորիտար պետություն է մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով կամ պատերազմական վիճակ է: Հիմա պատկերացրեք՝ Մոսկվայի դատարանը կամ վարչական մարմինը ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո պետք է քննի Հայաստանի ընդհանուր վիճակը: Բնականաբար, փաստաբանն այս փաստարկը չի բերի, որովհետև դա չափազանց թույլ է մանավանդ այսօրվա Հայաստանում, որտեղ քաղբանտարկյալներ չկան, որովհետև տեղի է ունեցել հեղափոխություն, որտեղ ժողովրդավարական ուժեր են եկել, և ողջ աշխարը ողջունում է: Որևէ կերպ հնարավոր չէ հիմնավորել, որ Հայաստանում զինված բախումներ են, որ Հայաստանի բանտերում լայնածավալ խոշտանգումներ են տեղի ունենում, որ առերևույթ արդարադատությունը նրան մատչելի չի լինելու: Օրինակ՝ Թուրքմենստանի նույն գործով զուգահեռ տանեմ, գրեթե օրենսդրական կարգավորում կար, որ ում արտահանձնում էին, առնվազն 6 ամիս պահվում էր կալանքի տակ առանց արտաքին աշխարհի հետ շփման թույլտվության: Նման բաներ չկան Հայաստանում: Օդանավակայանից սկսած՝ փաստաբան է տրամադրվում, նույնիսկ եթե կալանավայրում բնակիչների թիվը շատ քիչ է, անմարդկային պայմաններ չկան: Մի խոսքով, փաստարկների առաջին խումբը չի ծառայի՝ հիմնավորելու, որ մեծ է հավանականությունը կամ անխուսափելի վտանգի առաջ է կանգնած, որ Հայաստանում նրան խոշտանգման կենթարկեն:
- Երկրորդ խումբն արդեն անձնական հատկանիշներն են: Այսինքն՝ հաշվի են առնվում որոշ անձնական հատկանիշներ, որոնք հիմք կտան կարծելու, որ Հայաստանում ոչ թե նրան կդատապարտեն, այլև կխոշտանգեն և կյանքից կզրկեն: Հիմա Միհրան Պողոսյանն անձնական բնույթի ի՞նչ հանգամանք պետք է ներկայացնի, որ անխուսափելի է դարձնում, որ նրան մահապատժի կենթարկեն կամ վենդետա կլինի նրա նկատմամբ: Որևէ փաստարկ ինքը չունի: Ես ունեի մի սիրիացի երիտասարդ, որին Հայաստանից ուզում էին վտարել: Նա փախել էր Սիրիայի բանակից: Գումարած՝ նա նաև ալևի էր: Այսինքն՝ բանակից փախչելն արդեն քրեական գործ հարուցելու գործոն էր, և այնտեղ բանակից խուսափողներին խոշտանգում են: Այսինքն՝ առևերույթ խոշտանգման վտանգ պետք է լինի: Կամ նույն Թուրքմենստանի քաղաքացու գործը, ով լուրջ կոնֆլիկտի մեջ էր Թուրքմենստանի նախագահի հետ, սա անձնական բնույթի հատկանիշ էր և փաստերով հիմնավորվում էր. Թուրքմենստանից փախնելուց առաջ նրան 5 անգամ ազատությունից զրկել են և ամեն անգամ փող էր տվել, դուրս էր եկել բանտից: Սրանք բոլորը փաստեր են, հանգամանքներ և գործոններ, որոնցից դատավորը պետք է բխեցնի և եզրահանգումներ անի, որ անխուսափելի է, որ նրան կխոշտանգեն: Միհրան Պողոսյանն ի՞նչ փաստարկ պիտի բերի, որ իրեն Հայաստանում խոշտանգելու են: Նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված, կա մեղադրանք, միակ հիմքը դա է: Ուրիշ բան, եթե այստեղ հնչեին սպառնալիքներ, որ հենց եկավ, նրան պիտի վերացնեն և այլ, նման սպառնալիքներ չկան:
Գործը չափազանց թույլ է, և եթե Ռուսաստանում հանկարծ որոշեցին մերժել արտահանձնումը, ուրեմն 99,99 %-ով դա քաղաքական որոշում է, որովհետև, կրկնում եմ, իրավաբանորեն գործը չափազանց թույլ է:
-Չի՞ կարող որպես փաստարկ դիտարկվել Միհրան Պողոսյանի վերաբերյալ հարուցված և կարճված քրեական գործը, որը նոր իշխանությունների օրոք վերաբացվել է, և դիտարկվի այնպես, որ գործը վերաբացվել է, որովհետև Պողոսյանը նախկին իշխանությունների ներկայացուցիչ է եղել:
-Փաստաբանը որպես ռազմավարություն այդ փաստարկն է բերելու՝ խտրականություն, որ նրա նկատմամբ կա թիրախավորված քրեական հետապնդում: Բայց ՄԱԿ-ի կոնվենցիայի համար դատարանները դա չպետք է դիտարկեն: Դատարանները պետք է նայեն, թե կա խոշտանգման կամ կյանքից զրկելու անխուսափելի վտանգ: Նույնիսկ եթե կա որոշակի թիրախավորում նրա նկատմամբ, դա կարելի է բացատրել քրեական հետապնդմամբ և իշխանափոխությամբ: Այսինքն՝ նախկին իշխանությունները չէին ուզում քրեական հետապնդման ենթարկել նրան, բայց հիմա եկել են նոր իշխանություններ՝ ավելի ժողովրդավարական, և դա անում են: Դա նորմալ է: Դա արտահանձնումը մերժելու հիմք չէ: Բայց փաստաբանն այդ ուղղությամբ կտանի, որ նրա նկատմամբ կա ուղղորդված, կանխակալ մոտեցում: Եթե նույնիսկ կա կանխակալ մոտեցում, ապա նրա համար, որ նա գուցե կատարել է ծանր հանցանք: Ուրիշ փաստ չկա, որ նրան հետապնդում են զուտ նրա համար, որ նա Պողոսյան Միհրանն է, որովհետև անկախ նրանից, թե նա Պողոսյանն է կամ Պողոսյանը չէ, ով էլ նման արարք կատարեր, քրեորեն հետապնդելի է:
Այլ փաստարկներ չկան, օրինակ, չկան տասնյակ մամուլի հրապարակումներ, որ նրա հասցեին սպառնալիքներ են հնչում, որ իշխանությունները գուցե չկարողանան նրա անվտանգությունն ապահովեն, որովհետև երկրում անկառավարելի վիճակ է, կամ իշխանություններն ուզում են ինչ-ինչ խմբավորումների հետքերը թաքցնել, հետևաբար նրան կյանքից կզրկեն: Սովորական քրեական գործ է՝ կապված փողերի լվացման, ապօրինի հարստացման և կոռուպցիայի հետ: Եվ պարզ է, որ դատարանը միանգամից կհասկանա, որ Միհրան Պողոսյանն ապաստանի դիմումը ներկայացրել է զուտ ժամանակ ձգելու համար: Օրինակ՝ ես ունեմ հիմա ապաստանի դիմում, արդեն 1,5 տարի է՝ դատարանները քննում են, միայն 4 ամիս է՝ Վճռաբեկ դատարանը որոշում չի կայացնում, մինչդեռ փախստականների գործերն արագությամբ պետք է քննվեն: Հիմա ապաստանի դիմումները բողոքարկումներով ու ձգձգումներով կարող են ամիսներ տևել: ՄԱԿ-ի կոնվենցիայից է բխում, որ հենց անձը դիմեց փախստականի կարգավիճակի համար, բոլոր վարույթները պետք է սառեցվեն: Եթե կա քրեական գործ, պետք է սառեցվի, եթե կա արտահանձնման գործ, պետք է սառեցվի: Նույնն էլ Միհրան Պողոսյանի գործն է, և նրանք արել են միակ հնարավոր քայլը նման հանգամանքներում, որով կարող են ժամանակ ձգել, եթե ՌԴ դատական և վարչական մարմինները սկսեն մեծ ինտերվալներով գործը քննել: Բայց մեր օրենքում և իրենց օրենքում նույնպես պետք է այդ ժամկետները կարգավորվեն, և փախստականների գործերն առանձնակի արագությամբ պետք է քննվեն: Եթե Պողոսյանի դիմումն ընդունեցին և երկար ձգձգեցին, 100 տոկոս դա ևս քաղաքական որոշում է: Եթե գործը մի քիչ ուժեղ լիներ, մենք կասեինք՝ լավ, գուցե իրավական լուծում են ուզում գտնել, բայց գործն այն քան թույլ է, որ եթե բավարարեցին դիմումը, 100 տոկոս քաղաքական որոշում է:
Եթե ապաստան տվեցին, Հայաստանը ոչինչ չի կարող անել, իրավական գործընթաց չկա: Բայց ոչ մի ապացույց չկա, որ Միհրան Պողոսյանը Հայաստանում քրեական հետապնդման է ենթարկվում խտրականության՝ նրա ազգային պատկանելիության, կրոնական համոզմունքների կամ անձնական հատկանիշների հիմքով: Սա սովորական քրեական գործ է: Իրավաբանորեն՝ Միհրան Պողոսյանի ապաստանի գործը չափազանց թույլ է, ես այդ գործին 0-100 սանդղակում կտամ 10 միավոր:
Մեկնաբանել