HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի վարած խորհրդակցությունը քննարկել է դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի կարգավորումներ մտցրեցինք՝ հույս ունենալով, որ առնվազն մեծ մասով առկա խնդիրները լուծում ենք: Այսօրվա քննարկման թեման և առիթն է՝ հասկանալ, թե վերջին կարգավորումներով ինչ խնդիրներ ենք կարողացել լուծել, դեռ ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում են և ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում չեն, բայց լավ կլիներ, որ լինեին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դեղերի գների վրա ազդող գործոններին, հարկային վարչարարությանը, դեղերի մեծածախ և մանրածախ իրացման խնդիրներին, մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման հնարավորություններին, մաքսային պահեստներում դեղերի պահպանմանը, դեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին և այլ հարցերի: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, առկա խնդիրների շուրջ ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է ձևավորել հարթակ, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ կանցկացվեն պարբերական քննարկումներ՝ առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, դեղերի շուկայի կարգավորումների շուրջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter