HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Անտիպ Շիրազ՝ տատիկիս թղթապանակում

Տատիկս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) «հնաբնակներից» էր, և երկարամյա աշխատանքի ընթացքում բարեկամական կապեր էր հաստատել Սփյուռքի ու Հայաստանի շատ գրողների, արվեստագետների հետ: Չգիտեմ՝ ինչպե՞ս կարող եմ հասցնել հրատարակել բոլոր նյութերը՝ անտիպ նամակներ, գրական գործեր, կարծիքներ… Հովհաննես Շիրազը հաճախ էր այցելում ԳԱԹ, տատիկիս վկայությամբ՝ արխիվում ուսումնասիրում էր Թումանյանի, Տերյանի ձեռագրերը: Թանգարանի աշխատակիցներն էլ, ամենայն հավանականությամբ, նրան այնքան սիրով էին ընդունում, որ օրվա մեծ մասը Շիրազն անց էր կացնում նրանց ընկերակցությամբ և հասցնում էր նաև տեղում բանաստեղծություններ գրել:

Տատիկս իր ձեռագրերում նշել է, որ Շիրազն իրեն բազմաթիվ բանաստեղծություններ է նվիրել, որոնց մի մասը չի պահպանել:

Նրա արխիվում, սակայն, գտնվեցին մի քանի բանաստեղծություններ՝ «Այստեղ՝ թանգարանում», «Թանգարանի բոլոր աշխատակիցներին», որոնք տպագրեցինք «Մեդիամաքս»-ում: Կարծում էի՝ տատիկիս արխիվում պահպանված Շիրազի բանաստեղծություններն այդքանն են:

Բայց բազմաթիվ թղթապանակներից մեկում գտնվեցին անտիպ այլ բանաստեղծություններ՝ հենց Շիրազի ձեռագրով: Երկուսն էլ մակագրված են տատիկիս: Մեկը՝ «Արարատին» վերնագրով, մակագրել է «Թանգարանի թանկ Արփիկին», մյուսը՝ «Իմ երգը» ևս՝ «Արփիկին»: Այսօր, ի դեպ, Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Ահա և բանաստեղծությունները.

Արարատին

Ով Արարատ, հսկադ Հայոց,
Աշխարհն ամբողջ՝ կրակ ու բոց,
Մինչ դու հանգիստ նայես կրկին
Հետ, քո եղբոր՝ սուրբ Կազբեկին,
Մի՞թե քո աչք չի տեսնի, որ
Կրակ կուտան դաշտեր ու ձոր,
Մի՞թե քո սիրտ չի հավատա,
Որ քանց գետեր՝ արյուն կերթա,
Մի՞թե չիտես, որ չես ամպել,
Չի՞տես, որ հին, նորոգ մի Բել
Ինքը ճիվաղ՝ վիշապն հագին,
Նորեն կռիվ կուտա Հայկին
Ու կլանել կուզե մթար
Քեզ ու արևն ու ողջ աշխարհ:
Մինչ չեմ տեսնի մեջ ամպերուդ՝
Շիթ մի արցունք մեջ աչքերուդ,
Թիկըն տվել, երեկվա պես
ի՞նչ կըխորհիս ու կսպասես,
Որ չես նայի աշխարհն  ի վար,
Ուր կյանք ու մահ կուտեն իրար

Ու լեռ Մասիս վիշտն իմ վանեց,
Մեջ երկնքեն ձայն մի հանեց,-
-Ես կնայեմ դաշտերն ի վար,
Ուր կյանք ու մահ կուտեն իրար,
Ո՛վ պատանյակ, մահեն գնա,
Մեջ աստղերուն կյանքդ մնա,
Ես մեջ մահին շատ մնացել
Եվ դարդերուս շատ եմ լացել:
Ու էն լիճը՝ իմ Սևանա,
Իմ արցունքի լիճն է որ կա,
Ու թե կնճիռն ամպ ու շանթեն
Չեմ փարատել իմ ճակատեն
Ու կնայեմ էսպես անթարթ,
Նորեն՝ խրոխտ, նորեն՝ հպարտ,
Նորանից է, որ մեջ հոգուս
Հավատն է  լեռ ու հույսն է լույս,
Թե չեմ լալու էլ ծնկաչոք,
Կընկնի, գիտեմ, Բելն այս նորոգ,
Ու կտեսնես մեջ աչքերուս
Լոկ խնդության արցունք ու լույս:
                                        1943 թ.

 

Իմ երգը


Ես բանաստեղծ եմ, երկնքի որդի,
Եվ դեռ ամպոտ են իմ ոտքերն ահա,
Ես գիտեմ գաղտնի լեզուն աստղերի,
Եվ գիտեմ խորհուրդն արևի անմահ-
Օ՛, ես որ գրկել, շոյել ուզեցի
Որպես մանուկիս՝ աշխարհը դալար,
Ես, որ սրտիս մեջ  ծովից խոր լացի,
Ուրիշի մի շիթ արցունքի համար,
Ես, որ տխրեցի մահով մի ծաղկի,
Ես, որ սրբեցի մի մոր պես ՝ հստակ
Արցունքով լցված աչքը մանուկի,
Ես, որ սիրո պես  մահվան դեմ ելա,
Անմահությունը տենչալով մարդու,
Ես ատելությամբ կանչում եմ ահա
Օ՛, մարդի՜կ, առեք սրսրեն ահարկու,
Աշխարհե աշխարհ սրարշավ ելեք,
Ելել է մարդու ոսոխն ամեհի,
Դուք նրա մաով կյանք խնկարկեցեք,
Ես կհամբուրեմ շրթունքը մահի,
Բայց նրան ներել՝ չիեմ կարող երբեք:

                                       14 / VI, 43 թ.

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter