HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Բախշյան. «Հրամանի խախտմամբ ռուսական դասարաններում սովորում են ՀՀ քաղաքացիների երեխաներ»

Անահիտ Բախշյանը դիմում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ հայտնելով ռուսական դասարաններում սովորող Հայաստանի քաղաքացիների երեխաներ մասին իր մտահոգությունը։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Այսօր Հայաստանի հանրապետությունում առաջին անգամ նշում ենք Քաղաքացու օրը, շատ լավ է և ես որոշեցի հենց այսօր կրկին ահազանգել «Առավոտ»-ում մարտի 27-ին հրապարակածս «Օրինական ծնողների առկայության պայմաններում, կտրուկ ավելացել են այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաների թիվը, որպեսզի նրանք սովորեն ռուսական դասարաններում»  հոդվածի մասին, որովհետև չգիտեմ ահազանգս տեղ հասավ, թե՝ ոչ։

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին

Հարգելի պարոն Հարությունյան,

Որպես Երևանի ավագանու անդամ, 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018-ի ապրիլ ուսումնասիրություն եմ իրականացրել Երևանի դպրոցների ռուսական դասարաններում սովորողների թվի, այլ երկրի քաղաքացիների և այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաների թվի մասին։ Ի պատասխան վերոնշյալ հարցերի մասին 04092017թ 3/Ե-42 Երևանի քաղաքապետին ուղղված գրության, սեպտեմբերի 26-ին ստացել եմ համապատասխան ցուցակ, ըստ որի ՀՀ ԿԳ նախարարի 12072011թ N806-Ա/Ք հրամանով հաստատված ռուսերենով ուսուցմամբ դպրոցների ցանկում, 2017-2018թթուս տարում սովորել է 2584 աշակերտ, որոնցից 1839-ը այլ երկրի քաղաքացիների երեխաներ են, 113-ը՝ այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաներ են, իսկ 632-ը՝ ՀՀ քաղաքացիների երեխաներ են, հիշենք ԿԳ նախարարի հրամանը «երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է։ Օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողների ծնողների երեխաների համար ռուսական դասարաններում ընդունելություն են իրականացնում Երևանի 13 դպրոցներ, սակայն այդ ցուցակում կա մի դպրոց՝ Երևանի թ 192, որը, ըստ Կրթության տեսչական մարմնի 2018 թ ապրիլին ինձ տրամադրած տեղեկանքի, ներառված չէ  ԿԳ նախարարի հրամանում, այսինքն` այդ դպրոցում ռուսական դասարանների առկայությունն անօրինական է ու հայտի չէ, թե ի՞նչ հիմքով է այդ դպրոցում կազմակերպվում ընդունելություն ռուսական դասարաններում։ Ուսումնասիրությունս շարունակվել է 2017թ նոյեմբերի 7-ին Երևանի քաղաքապետին ուղղված հաջորդ նամակով, որում ներկայացնելով վերոնշյալ թվերը, խնդրել եմ դպրոց առ դպրոց տեղերում ստուգել այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալների և ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողների երեխաների փաստաթղթերի օրինականությունն ու տրամադրել համապատասխան տեղեկանք։ 2017թ նոյեմբերի 16-ին ստացել եմ պատասխան, որում գրված է, որ ՀՀ քաղաքացիների 632 երեխաները սովորում են ռուսական դասարաններում ԿԳ նախարարի հրամանով հաստատված կարգով?, այնինչ «երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է

Սա ժողովրդագրական լուրջ խնդիր է, որը պետք է վերահսկվի հավուր պատշաճի։ Կրթության տեսչական մարմինը 2017թ մայիսի 15-19-ը Երևանի ռուսերենով ուսուցմամբ հանրակրթական դպրոցներում ուսումնասիրություններ է իրականացրել, որի արդյունքում  խնդրի վերաբերյալ բացահայտումներ է արել և 2017-ի մայիսի 22-ին դիմել է Երևանի քաղաքապետին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներում ուսումնասիրություն կատարել, սակայն քաղաքապետի համաձայնությունն այդպես էլ չեն ստացել։ Իմ համոզմամբ, այս ոլորտում կոռուպցիան ակնհայտ է։

Խնդրում եմ այս խնդիրը  պահել ԿԳՆ-ի և հատկապես Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում և լավ կլինի, եթե Կրթության տեսչական մարմինը զբաղվի այս խնդրով ։ Սա Հայաստանի ժողովրդագրությանը սպառնացող վտանգներից մեկն է։ Հուսամ  այս խնդիրը կստանա համապատասխան արձագանք։

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ

27042019թ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter