HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարի տեղակալն այցելել է Ջրվեժի համայնքապետարան

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 26-ին այցելել է Ջրվեժի համայնքապետարան, որտեղ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակը 2019 թվականի հունիսի 1-ից կսկսի մատուցել նաև պետության կողմից պատվիրակված 60-ից ավելի ծառայություններ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ պետական ծառայություններ մատուցող տասն օպերատորներին միացել են նաև 40 համայնքապետարաններ՝ Հայաստանի ողջ տարածքում դրանց թիվը դարձնելով 50-ը: Սա նշանակում է, որ 67 պետական ծառայություններից ցանկացածը ստանալու համար այլևս մայրաքաղաք, մասնավորապես՝ պետական մարմիններ այցելելու անհրաժեշտություն չի լինի: Դրանք մոտ կլինեն քաղաքացիներին, կլինեն հենց համայնքներում:

Կառավարության որոշմամբ ծրագրին միացած համայնքներն իրենց ստանձնած գործառույթները կսկսեն իրականացնել փուլ առ փուլ, և մինչև 2020 թվականի ավարտն այն ամբողջապես ներդրված կլինի 40 համայնքներում:

Նախարարի տեղակալը համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանի հետ քննարկել է ծառայությունների տրամադրմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել նաև հնարավոր խնդիրներին՝ կապված դրանց մասին քաղաքացիներին իրազեկելու և պետության կողմից մատուցվող ծառայություններից տեղում օգտվելու ծավալը փուլ առ փուլ մեծացնելու հետ:   

Համայքապետարանում փոխնախարար Աննա Վարդապետյանը հանդիպել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերին, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփային, Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային գրասենյակի  ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական ծառայությունները համայնքներին պատվիրակելու արդյունքում վերջիններիս զարգացմանը նպաստելու հնարավորությունները: Աննա Վարդապետյանի խոսքով՝ ծառայությունների պատվիրակումը դեռևս առաջին փուլն է, առավել կարևոր է դրանց արդյունավետ կատարմանը հետևելը:

Հանդիպման ավարտին փոխնախարարը ծանոթացել է GIZ-ի կողմից՝ Գերմանական համագործակցության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակի կարողություններին:

Նշենք, որ գործող օպերատորների գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter