
Դատախազը չներկայացավ դատական նիստին, իսկ դատարանը մերժեց Էդմոնդ Խուդյանի բողոքը
9 ամիս քրեական գործով քննություն է իրականացվում` առանց տուժողի և մեղադրյալի
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հայաստանյան ներդրումների յուրացման հետ կապված դատական գորընթացի վերաբերյալ արդեն գրել ենք եւ ներկայացրել 2011թ. մայիսի 3-ի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 83159711 քրեական գործով Էդմոնդ Խուդյանին տուժող ճանաչելու հարցի դատավարական նախապատմությունը:
Հերթական դատական նիստը պետք է տեղի ունենար 2012թ. փետրվարի 6-ին` ժամը 15:00-ին:
Դատական նիստը սկսվեց ուշացումով, քանի որ դատախազն ու քննիչը չէին ներկայացել: Դատական նիստը սկսվելուց հետո ուշացումով ներկայացավ քննիչ Տիգրան Հարությունյանը: Դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանն այդպես էլ չներկայացավ դատական նիստին: Դատական նիստը շարունակվեց, և էդմոնդ Խուդյանի փաստաբանները քրեական գործով ներկայացված նորանոր փաստեր հրապարակեցին:
ՊԵԿ-ի քննիչն այդպես էլ չկարողացավ որևէ կերպ պատճառաբանել, թե Էդմոնդ Խուդյանին ինչու տուժող չի ճանաչում: Նմանապես չկարողացավ հայտնել, թե 2011թ. հոկտեմբերի 29-ի իր այդ որոշումից երեք ամիս անց ինչ գործողություն է կատարել, և դա այն դեպքում, երբ գործի քննության համար երկամսյա ժամկետ է սահմանված:
Ակնհայտ է, որ քննիչը հսկող դատախազի հովանավորությամբ և թելադրանքով է անգործություն դրսևորում, քանի որ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ քննության ժամկետը երկարաձգելու հարցով դիմում է դատախազին: Արդեն երեք անգամ քննիչը նման միջնորդություն է ներկայացրել դատախազին, իսկ վերջինս էլ անհիմն երկարաձգել է քննության ժամկետը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի անմիջական վերահսկողության ներքո է քննության ժամկետների հարցը, սակայն ակնհայտ է, որ 83159711 քրեական գործով ոչ միայն դատախազական հսկողություն չկա, այլ նաև վերահսկողություն չկա:
2012թ. փետրվարի 6-ի նիստի ժամանակ նախագահող դատավորի հարցադրումներից ակնհայտ էր, որ քննիչի գործողությունները հակասում են քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին: Նման մթնոլորտում նախագահող դատավորը հայտարարեց, որ բողոքի քննությունն ավարտվեց և որոշումը կհրապարակվի 2012թ. փետրվարի 7-ին` ժամը 10:45-ին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշմամբ Էդմոնդ Խուդյանի բողոքը մերժվեց:
Հայաստանի Հանրապետության անունից կայացված դատարանի որոշմամբ հերթական անգամ արդարադատությունն ու Էդմոնդ Խուդյանը պարտություն կրեցին, իսկ ՊԵԿ-ի քննիչն ու դատախազությունը հօգուտ իրենց «հաղթանակ» գրանցեցին:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել