HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մարիամ Ալեքսանյանի և Սիլվա Չոբանյանի հիմնած «Տոտիկ» հենդմեյդը փոքր քայլերով առաջ է գնում

Մարիամ Ալեքսանյանը և Սիլվա Չոբանյանը ձեռագործությամբ զբաղվող վարպետներ են: Մասնագիտությամբ ռեժիսոր Սիլվա Չոբանյանին և ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարիամ Ալեքսանյանին հետաքրքրությունը ձեռագործության նկատմամբ միավորել է, և ծանոթությունից մի քանի ամիս հետո նրանք հիմնել են «Տոտիկ» հենդմեյդը:

«Տոտիկը» ձեռագործ աշխատանքների հարթակ է, որտեղ վարպետները ձեռագործ տիկնիկներ, խաղալիքներ են գործում, կտորից պայուսակներ և տոպրակներ կարում:

«Մենք ամեն ինչ սկսել ենք փոքր-փոքր քայլեր անելով, փոքր ներդնումներ անելով, մենք տոտիկ-տոտիկ քայլերով առաջ ենք շարժվում: Նախաձեռնությունն էլ հենց «Տոտիկ» անվանեցինք, որպես փոքր քայլ»,- ասում է Մարիամ Ալեքսանյանը:

«Տոտիկում» առաջնային նպատակ է ձեռագործության ուսուցանումը և ցանկացած դիմողի Մարիմաը և Սիլվան փոխանցում են իրենց հմտությունները. վարպետության դասեր են կազմակերպում ձեռագործությամբ հետաքրքրվողների համար: «Առաջին աշակերտը, երբ մեզ տեսավ, զարմացավ. եկել էր այն մտքով, որ պիտի տեսնի տարեց կանանց: Այս կարծատիպի պատճառով է, որ մարդիկ հաճախ մտածում են, եթե  ձեռագործությամբ զբաղվում ես, ուրեմն տարեց կին ես »,- պատմում է Սիլվան:  

Ձեռագործության վարպետներին այսօր կարելի է հանդիպել քաղաքի տարբեր վայրերում հելյունով կամ շյուղերով խաղալիքներ, հագուստ գործելիս: Այսպես փորձում են ձեռագործության նկատմամբ հետաքրքրություն առաջացանել:

«Հիմա ուր գնում ենք, գործում ենք, շատ տարբեր հետաքրքրություն ունեցող կանայք ու աղջիկներ կարող են ձեռագործությամբ զբաղվել, տարիքը կապ չունի: Սա տխուր կյանքի ներկայացում չէ, այլ գեղեցիկ իրերի պատրաստում է»,- ասում է Մարիամը:

«Տոտիկի» հիմնադիրներն իրենց աշխատանքներում հիմնականում օգտագործում են թել, կտոր, բուրդ: Ձեռագործ աշխատանքների մի մասի էսքիզավորումը արել են երեխաները՝ «Ֆեյսբուք»-ում տեղադրված հայտարարությունից հետո. «Երեխաները նկարում են, իսկ մենք այդ նկարները վեր ենք ածում խաղալինքների»,- ներկայացնում է Մարիամը:

Մարիամի ու Սիլվայի նպատակն է ստեղծել ձեռագործ իրերի մի մեծ հարթակ, որտեղ կհամախմբվեն ձեռագործության վարպետները և հետաքրքրվողները ու կհամագործակցեն միմյանց հետ: Նպատակ ունեն միավորել նաև մարզերում ապրող վարպետների և տարբեր համայնքներում ձեռագործության կենտրոններ հիմնել:

«Տոտիկի» ծրագրերց մեկն էլ Մովսես գյուղում ձեռագործության 5-օրյա դասընթաց անցկացնելն էր, և այնտեղ ձեռագործ տոպրակների փոքր արտադրություն հիմնելը:

«Փորձեցինք գյուղի կանանց կյանքում շարժ առաջացնել, որպեսզի որոշ ժամանակով կտրվեն իրենց առօրյայից և կարողությունները զարգացնեն: Սկզբնական քայլը իրենց ուժերի և մեր նկատմամբ վստահություն ձեռք բերելն էր»,- ասում է Մարիամ Ալեքսանյանը:

Մովսեսում «Տոտիկի» նախաձեռնությանը միացած կանանցից 30-ը յուրաքանչյուրն իր տանը տոպրակներ կարելու պատրաստակամություն են հայտնել, տոպրակները վաճառվում են առցանց պատվերներ ստանալուց հետո:

 

Լուսանկարները՝ «Տոտիկ» հենդմեյդի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter