
Նորագյուղցի Ավետի բարեկամին դատեցին
Քրեական աշխարհի հեղինակություն, Նորագյուղցի Ավետի ազգական, «Արցախբանկի» աշխատակից Կարեն Խաչատրյանը քիչ առաջ դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանինց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ դատավոր Լեւոն Ավետիսյանը, այնուամենայնիվ, չի փոխել քրեական հեղինակության բարեկամի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին որոշումը:
Ըստ այդմ՝ Կարեն Խաչատրյանը մնացել է ազատության մեջ, եւ դրանից կզրկվի միայն այն դեպքում, երբ առաջին ատյանի որոշումը ստանա օրինական ուժ:
Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում Կարեն Խաչատրյանը «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել նկարիչ, 37-ամյա Դավիթ Կարապետյանին (Կարեյան), ապա հարվածել է «Daewoo» մակնիշի տաքսի մեքենային, որն էլ իր հերթին բախվել էր «Wolksvagen Passat» մակնիշի ավտոմեքենային:
9 հոգի՝ Արվեստագետ Կարեյանը, տաքսու վարորդն ու ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Սակայն վրաերթի
ենթարկված նկարիչը ստացած վնասվածքներից «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր:
Առաջադրված մեղադրանքով Կարեն Խաչատրյանին առավելագույնը սպառնում էր 5 տարվա ազատազրկում: Իսկ մեղադրող-դատախազ Արթուր Սեփոյանը նախորդ նիստում դատարանին միջնորդել էր ամբաստանյալին ազատազրկել 4 տարով: Պաշտպանական կողմը, ըստ ամենայնի, դատավճիռը կբողոքարկի:
Լուսանկերները՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանել