HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մետաղյա աշխատանքներ՝ ճարտարապետ Արտյոմ Ղազարյանից

Ճարտարապետ Արտյոմ Ղազարյանը մետաղական աշխատանքներ է ստեղծում։ Մինչ այս Արտյոմը նկարել է, քանդակել, դիզայներությամբ զբաղվել։ Սակայն վեց տարի առաջ նրան գրավեց երկաթը։

«Վերջին նյութը երկաթն է, որով ցանկացա աշխատել։ Դա այն նյութն էր, որի հետ դեռ չէի աշխատել։ Բացի այդ, որքան էժան նյութի հետ գործ ունես, այնքան ստեղծագործելուդ մեջ ազատ ես, չես ափսոսում։ Երկաթը ձգեց, շատ հետաքրքիր նյութ է։ Գիտեք՝ ինձ համար չկա վատ նյութ։ Ցանկացած նյութից կարելի է որևէ գեղարվեստական, էսթետիկական աշխատանք ստանալ»,-ասում է նա։

Արտյոմ Ղազարյանի աշխատանքներում հիմնականում գերակշռում են կենդանիները, երաժշտական կերպարները։ Ասում է՝ մետաղով աշխատելը հեշտ է, այն ենթարկվող նյութ է։

«Ինչ ստեղծագործական աշխատանքներ կատարում եմ, որևէ մեկից չեմ սովորել, որևէ մեկին չեմ կրկնում։ Ցանկացած իրից փորձել եմ արվեստ ստանալ։ Եթե մարդն ունի ճաշակ, կարողանում է կերպարներ, կոմպոզիցիա ստանալ, համադրությունները ներդաշնակ դարձնել, կարող է ստեղծագործել»,-ասում է նա։

Աշխատելիս Արտյոմի մշտական ուղեկիցը երաժշտությունն է։ Այդ է պատճառը, որ նրա աշխատանքներում երաժշտական կերպարները մեծ թիվ են կազմում։ Ինչպիսի զգացումներ կտա այդ օրը միացված երաժշտությունը, այդպիսի տրամադրությամբ էլ կստեղծվի մետաղական աշխատանքը։

«Իմ աշխատանքներում էլ երաժշտություն կա։ Իմ աշխատանքներից յուրաքանչյուրը որևէ երաժշտության տակ է ստեղծվել։ Ինձ համար լռությունը շատ ագրեսիվ երևույթ է։ Պետք է որևէ երաժշտություն միացված լինի, ֆոն լինի, որ դրա տակ հանգիստ աշխատեմ։ Ես գիտեմ, թե յուրաքանչյուր աշխատանք ինչպիսի երաժշտության ներքո է ստեղծվել»,- նշում է նա։

Արտյոմի համար կարևոր է ստեղծագործական աշխատանքի եզակիությունը։ 

«Հենց ազատ ժամանակ է լինում, նոր բան եմ ստեղծում։ Արդեն էսքիզներ չեմ էլ անում։ Գլխումս այնքան աշխատանքներ ու նոր մտքեր կան, որ միանգամից դնում ու անում եմ։ Այդ գաղափարներն այնքան են հասունացած, որ զգում եմ՝ հենց այս պահին էլ կարող է մի նոր աշխատանք ստեղծվի»,- ասում է ճարտարապետը։

Արտյոմը բնակվում է Եղեգնաձորում։ Ստեղծագործում է տանը՝ իր արվեստանոցում։ Կատակում է՝ տանը մի սենյակ չկա, որտեղ ստեղծագործելու հարմարություն չլինի: «Տուն-արվեստանոց եմ դարձրել։ Այնտեղ ես իմ աուրայի մեջ եմ,-ասում է նա։

Ինչպես ինքն է ասում` չի սիրում «գնորդներին հայկական մոտիվներով գրավել»։ Ասում է՝ եթե հայկական դետալներն աշխատանքում տեղին չեն, երբևէ չի ներառի, դրանով չէ, որ պետք է գնորդին գրավի։ Ամենասիրելի աշխատանքները «խառնուրդներն են»՝ քար-երկաթ, փայտ-երկաթ համադրությունները։

Իսկ գնորդների սիրելի կերպարը մետաղյա ավանակն է։ Ըստ նրա` գնորդները ավանակը համարում են հումորային, բարություն խորհրդանշող կերպար, այդ պատճառով առավել շատ են գնում։

Երկաթից բացի, Արտյոմն օգտագործում է նաև քար, հիմնականում՝ հրաբխային ծագման։ Դրանք տձև են, ստեղծագործողին թելադրում են, թե ինչպիսին պետք է լինի աշխատանքը։

Արտյոմը ցույց է տալիս մետաղյա քամելեոնը և ասում՝ շատ ժամանակ է ծախսել դրա ստեղծման վրա: 

«Եթե ֆինանսապես ապահովված մարդ լինեի, ընդհանրապես չէի մտածի ստեղծագործելով փող աշխատելու մասին, միայն կստեղծեի այն բոլոր նախագծերը, որոնք գլխումս կան, իսկ այդպիսի շատ հետաքրքիր աշխատանքներ կան։ Ուղղակի ժամանակը չի ներում»,-ափսոսանքով նշում է նա։

Արտյոմը ցանկանում է իր ստեղծած «Քոչարի պարող տղամարդիկ» մետաղական աշխատանքի մեծ տարբերակը տեղադրել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Եղեգնաձորի մուտքի մոտ՝ ժայռի վրա։ Այդ պատկերի ֆոտոշոփ տարբերակն արել է եւ համոզվել՝ այն համահունչ է տեղի միջավայրին և բնությանը։

Որդին՝ 23-ամյա Արման Ղազարյանը, նույնպես երկաթագործ է, աշխատում է հոր հետ։ Ղազարյանների աշխատանքները ներկայացված են «Արտյոմ Երկաթ» ապրանքանիշի ներքո, վաճառվում են հուշանվերների խանութներում, ցուցահանդեսներում։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (1)

Արտյոմ ղազարյան
Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Դիանա Ղազարյանին եվ Անի Սարգսյանին իմ եվ իմ ստեղծագործություննեի մասին հոտվածը արհեստավարժ եվ գեղեցիկ պատրաստելու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter