HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ինչու է Շիրակի մարզպետը հրաժարվել, իսկ փոխմարզպետը համաձայնել ստանալ օրենքով հասանելիք պարգևավճարը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ հրաժարվել, իսկ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը համաձայնվել է ստանալ օրենքով հասանելիք պարգեւավճարը:

«Ես համարում եմ, որ մարդու լավ աշխատանքը պետք է խրախուսվի: Ես կողմ եմ պարգեւավճարին, եթե աշխատակցիդ գնահատելու տարբերակը դա է,- ասում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը,- ապրիլի 19-ի պարգեւատրումը օրենքի սահմաններում է կատարվել: Ես, իմ 2 օգնականն ու խորհրդականը հրաժարվել ենք պարգեւավճարից, որովհետեւ համարեցինք, որ երկամսյա մեր աշխատանքով եռամսյա պարգեւատրման տրամաբանության մեջ չենք մտնում: Ես եւ իմ թիմն աշխատանքի ենք անցել փետրվար ամսից»:

Շիրակի մարզպետարանի կայքում տեղադրված կարգադրությունից տեղեկանում ենք, որ 2019թ.-ի առաջին եռամսյակում հատուկ առաջադրանքները եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը ստացել է 307 հազար 384 դրամ պարգեւավճար:

Վարդան Գրիգորյանը փոխմարզպետ է նշանակվել 2018թ.-ի հունիսի 27-ին՝ շնորհիվ եղբոր եւ նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մտերմության: Փոխմարզպետի ընտանիքին է պատկանում Գյումրիում գործող «Ռոյալ» կահույքի սրահը: Նախկին մարզպետի թիմից Վարդան Գրիգորյանը միակն է, որ շարունակում է պաշտոնավարել:

Մարզպետի հրամանով պարգեւատրվել են նաեւ մարզպետարանի վարչության 10 ղեկավարներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղարը:

Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի փոխանցմամբ, պարգեւավճար ստացել է 142 աշխատակից՝ 15 մլն դրամ:

«Սկսած փոխմարզպետից` վերջացրած հավաքարարով ստացել են օրենքով սահմանված իրենց պարգեւավճարը աշխատավարձի 58 տոկոսի չափով,- ասում է Լիպարիտ Մարտիրոսյանը,- քանի դեռ օրենքը կա, չի փոխվել, պարգեւատրումները լինելու են: 2019թ.-ի պետական բյուջեով մեր ծախսերը հաստատված են, այդ թվում եւ աշխատավարձի ֆոնդն ու պարգեւավճարները: Մարզպետի որոշմամբ պարգեւավճարները ստանում են վարչության պետերն ու հայեցողական պաշտոն զբաղեցնողները, վարչության աշխատակիցների պարգեւատրման հարցերով զբաղվում են տվյալ վարչության պետերը: Աշխատավարձի տարեկան ֆոնդի 20,3 տոկոսը հատկացվում է պարգեւավճարներին ու քանի դեռ այլ օրենք չկա՝ մեխանիզմը կիրառվելու է»:

 

Լուսանկարում՝ ձախից՝ Տիգրան Պետրոսյան, Վարդան Գրիգորյան

Մեկնաբանություններ (2)

Դավիթ
Հետաքրքիր է ինչքան են վճարել <<Հետք>>-ին մարզպետի գովազդի և մարդկանց սևացնեու փորձի համար: Փոխմարզպետը ստացել է պարգևավճարը և բարեգործություն արել, մի խանգարեք մարդկանց աշխատել, մի հիասթափեցրեք և մի վիրավորեք մարդկանց ձեր հոդվածներով: Վերջապես լուրջ աշխատանքով զբաղվեք, ամոթ է:
Էդգար
Նման նյութերը փոքր աուդիտորիայի համար է, ոչ մի խելացի մարդ սրան լուրջ չի վերաբերվի, քանզի բացահայտ մարզպետի գովազդ է ու փոխմարզպետի հակագովազդ: Ու ավելին ասեմ, ինչքան տեղյակ եմ, պարգևավճար ստանալն ու չստանալը ցանկացած մեկի իրավունքն է, չստացողը ոչ մի բանով ավել չէ ստացողից կամ ընդհակառակը: Ամոթ է, լուրջ գործով զբաղվեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter