Վարչապետ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Հետք»-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը:
Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ իր ցուցումով իր ազգականի՝ ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», - գրել էր նա, սակայն չէր մանրամասնել, թե ում մասին է խոսքը։
Ըստ ՔԿ-ի նախնական տվյալների՝ Բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ինժեները, ըստ մամուլի հրապարակումների՝ Մամիկոն Հովհաննիսյանը, 2019-ի փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993-ի «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին: Դեպքի առթիվ 2019-ի ապրիլի 4-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել