HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Եթե մեղադրանքը չկասեցվի, իրավական դաշտը մաքրելու պայքար է սկսվելու նոր Հայաստանում. Դավիթ Սանասարյան

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված) Դավիթ Սանասարյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում իր փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Ինեսսա Պետրոսյանի հետ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր մասնակցությամբ քրեական գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը:

«Եթե այդպես չգնաց, բավականին լուրջ նոր պայքար է սկսվելու նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքրելու պայքար է սկսվելու նոր Հայաստանում: Ես վստահեցնում եմ դա, և սա ոչ թե նրա համար, որ եթե ինձ մեղադրեք, ես ձեր հետ կռիվ եմ տալու, դրա համար չեմ ասում, բայց ասում եմ, որ քաղաքացիներն էլ են տեսնում, որ այստեղ կա խնդիր»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին ապրիլի 18-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Մինչ այդ՝ փետրվարի 20-ին, ԱԱԾ-ում ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ քրեական գործ էր հարուցվել: Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի սարքավորումների գնման գործընթացին, որին ենթադրաբար միջամտել են ՊՎԾ աշխատակիցները: Խնդրին նաև անդրադարձել էր «Հետք»-ը՝ «Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հրապարակումով: Այդ ամենից հետո Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց հեմոդիալիզի սարքավորումների գնման գործընթացում արձանագրված ենթադրյալ չարաշահումների փաստով: Այդ քրգործի հիմքում էլ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրություններն էին: Արդյուքնում 2 քրեական գործ կա, որոնցից մեկով մեղադրվում են ՊՎԾ աշխատակիցները, իսկ մյուսի հիմքում հենց ՊՎԾ աշխատակիցների կատարած բացահայտումներն են:

«Ինձ ասում են, երևի անփորձություն է արել: Սիրելի ժողովուրդ, դատախազության հարուցած գործը հեմոդիալիզի պարագաների գնման հետ կապված լրիվ հակառակի մասին է խոսում: Երբ որ ինձ ներկայացվել է հիմնավոր փաստեր, որ այս հիվանդանոցներում կա մոնոպոլիա, որ տարիներ շարունակ «Գնումների մասին» օրենքը խախտումներով է անցկացվել, բնականաբար ես ի պաշտոնե այլ բան անելը, քան պահանջել, որ դաշտը ազատականացնելը, այսինքն՝ համապատասխան գործընթացներ իրականացնելը չէի կարող և ես արել եմ իմ գործը: Այստեղ որևէ անփորձություն չկա: Ցավոք չեմ կարող ավելի մանրամասների մասին խոսել»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը: «Դատախազությունը չասեմ ամբողջությամբ, բայց մեծամասնությամբ իր մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որ մենք տվել ենք»,- նկատեց նա:

ՊՎԾ պետը նաև արձագանքեց «168 ժամ» թերթի այն հրապարակմանը, որ իր մասնակցությամբ քրեական գործում որպես ապացույց մի տեսանյութ կա, որը տեսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որ լրատվամիջոցը, որ աղբյուրը որ ներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, խոսք եմ տալիս, մի քանի օր առաջ ասել եմ, հիմա նորից խոսք եմ տալիս, էքսկլյուզիվ, ձեռքս իրենց լրատվամիջոցում կկտրեմ, եթե կաշառք վերցնելու նման տեսանյութ լինի»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ նման տեղեկատվության տարածումը արվում է հակահեղափոխության համար:

Դավիթ Սանասարյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը կրկնեց նախկինում արված իր հայտարարությունը, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ շինծու քրեական հետապնդում է իրականացվում ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից: Դա հիմնավորելու համար Պետրոսյանը ներկայացրեց իրադարձությունների արագ զարգացումը և ԱԱԾ-ի շտապողականությունը մեղադրանք առաջադրելու հարցում այն դեպքում, երբ իրենց միջնորդությունն ուղղակի անտեսվել է:

Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ դատախազության հարուցած քրեական գործը բացառում է ԱԱԾ-ում հարուցված և Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը:

«Իրավական առումով այստեղ մենք կազուս ունենք: Անձին մեղսագրված է պետական պաշտոնը չարաշահել, դրանով էական վնաս պատճառել մի բանի համար, որ նա հայտնաբերել է և այդ տեղեկությունները ուղարկել է Գլխավոր դատախազություն, պետական չարաշահումների վերաբերյալ»,- ասաց Արսեն Սարդարյանը՝ նշելով, որ տեղեկություններ են հայտնել նախաքննությանը, որոնք ցույց են տալիս Սանասարյանի անկեղծ մղումները:

«Ես ուզում եմ զգուշորեն խոսել, չասեն՝ նախաքննական գաղտնիք եք խախտում: Այդ տեղեկությունը ցույց է տալիս պարոն Սանասարյանի մղումները, նրա բարեխիղճ լինելը, ազնիվ լինելը, որ նա իր հետ շատ մտերիմ անձի հետ խոսակցության ժամանակ այդ  հանգամանքների մասին գրում է, դեռևս այն ժամանակ, երբ քրեական գործ չի եղել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այդ տեղեկությունները վարույթն իրականացնող մարմինը չուսումնասիրած՝ մեղադրանք է առաջադրել և որոշում է կայացրել լիազորությունները կասեցնելու մասին:

Դավիթ Սանասարյանը պատմեց, որ երբ պետք է ուսումնասիրեին հեմոդիալիզի պարագաների շուկան, իրեն զգուշացրել են, որ մտնում են մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում, նախկին օլիգախների դաշտ են մտնում, որին ի պատասխան նա ասել է՝ հետաքրքիր չէ, թե ում դաշտ են մտնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter