HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերի շահույթն առաջին եռամսյակում 20.4%-ով նվազել է. որոնք են անկում գրանցած բանկերը

Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը հրապարակել են 2019 թվականի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները, որոնցում առկա տվյալները ցույց են տալիս, որ բանկային համակարգի զուտ շահույթն էականորեն կրճատվել է։

«Հետքն» ուսումնասիրել է բանկերի այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունները։ Ըստ դրանց՝ այս տարվա առաջին երեք ամիսներին բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է  16 մլրդ 92 մլն դրամ՝ 2018 թվականի առաջին եռամսյակի մոտ 20 մլրդ 229 մլն դրամի դիմաց։ Այդպիսով, բանկերի զուտ շահույթն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 4.1 մլրդ դրամով կամ 20.4%-ով։

Չնայած շահույթի նվազմանը՝  պետք է նշել, որ բանկերից և ոչ մեկն առաջին եռամսյակը վնասով չի փակել։

Շահույթի անկում է գրանցել է 17 բանկերից 11-ը։ Ամենամեծ զուտ շահույթը ստացել է «Ամերիաբանկը»։ Բանկի զուտ շահույթը կազմել է մոտ 3.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 536 մլն դրամով կամ 20.9%-ով։

Շահույթի չափով երկրորդ տեղում «Արդշինբանկն» է, որի զուտ շահույթն առաջին եռամսյակում կազմել է 2.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 40.5 մլն դրամով կամ  1.8%-ով։

Եռյակը եզրափակում է «Ինեկոբանկը», որի շահույթ կրճատվել է նախորդ տարվա համեմատ։ Առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է շուրջ 1.8 մլրդ դրամ՝ նվազելով 255 մլն դրամով կամ 12.5% -ով։

Բացի «Ամերիաբանկ»-ից և «Արդշինբանկ»-ից՝ շահույթի աճ են գրանցել նաև «Կոնվերս բանկը», «Բիբլոս բանկ Արմենիան», «Մելլաթ բանկն» ու «Հայէկոնոմբանկը»։

Բանկերի շահույթների մասին տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին եռամսյակում հայաստանյան բանկերի կազմում բացարձակ թվով զուտ շահույթի ամենամեծ աճը գրանցել է «Ամերիաբանկը»։

Իսկ ամենամեծ անկումը «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ինն է։ Նշված բանկի զուտ շահույթն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է մոտ 584 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մոտ 2.2 մլրդ դրամի դիմաց։ Այսինքն՝ նշված բանկի զուտ շահույթը նվազել է 1.57 մլրդ դրամով կամ 3.7 անգամ։

Զգալի է նաև «Արցախբանկի» շահույթի նվազումը։ Բանկի զուտ շահույթն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է շուրջ 1.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 1.1 մլրդ դրամով կամ 40.8%-ով։

Բանկային համակարգում շահույթի նվազմանը զուգահեռ մի շարք այլ ցուցանիշների գծով աճ է արձանագրվել այս տարի, ինչպիսիք են վարկերն ու ավանդները, որոնց առաջիկայում կանդրադառնանք։ Ինչ վերաբերում է շահույթի նվազման պատճառներին, ապա ֆինանսական հաշվետվությունների հիման վրա կարելի է որոշ եզրահանգումների գալ։ Օրինակ՝ մի բանկի դեպքում դա պայմանավորված է անհուսալի վարկերի դուրս գրումով, մյուսի դեպքում՝ անցած տարի գրավադրված գույքի վաճառքի գործարքներով և այլն։ Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք փորձագետի մեկնաբանություններն այդ մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter