HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալ Ս.-ին 15 հոգով հանում էին միջանցք, դաժան ծեծ տալիս, որ լռեցնեն

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Առաջիկայում պատրաստվում եմ հարցազրույցների շարք սկսել. անկախ տեխնիկական որոշ դժվարություններից (ձայնագրիչ չի թույլատրվում, հեռախոսազանգով անհարմար կլինի գրառում անել), կարծում եմ՝ ամեն ինչ կստացվի: Հուսամ՝ զրուցակիցներս կպատասխանեն իմ գրավոր հարցերին: Իսկ այսօր, ձեզ կպատմեմ անտեսանելի թելերով իրար հետ կապված ներկայի և անցյալի մի քանի հետաքրքիր դրվագների մասին:

Վերջերս դատարանի շենքում դատապարտյալների և կալանավորների համար նախատեսված խցերից մեկում ծանոթացա նախկին բարձրաստիճան մի զինվորականի հետ: Նկատի ունենալով իմ բավական լիբերալ հայացքները և մոտեցումները՝ դեմ չեմ լինում շփվել թե՛ քրեական աշխարհի, թե՛ ոստիականական, զինվորական համակարգի աշխատակիցների հետ, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվել են ճաղերի հետևում: Ինչպես ասում են` մարդը մարդ լինի:

Նախկին զինվորական զրուցակիցս պատմեց, որ 90-ականներին սահմանամերձ զորամասներից մեկում բարձր պաշտոն է զբաղեցրել, մի քանի զինվորների սպանության գործով հետաքննություն է իրականացրել: Հետաքրքիրն այն է, որ այդ գործով հետաքննիչը ավելի քան երկու տասնամյակ անց կասկած հայտնեց, որ այդ գործով սպանված 5 զինվորներից 2-ին մահապատժի դատապարտված զինվորը չի սպանել: Այսինքն` այս աղմկահարույց գործը իրականում լիովին չի բացահայտվել:

Նախկին հետաքննիչին հարցրեցի` թեկուզ քառորդ դար անց, ցուցմունք կտա՞ այս գործի մասին, չէ՞ որ մինչև հիմա պատիժ է կրում մարդ, ում մեղքը փաստացի ապացուցված չէ, համենայն դեպս, կան ողջամիտ կասկածներ: Նախկին պաշտոնյան հրաժարվեց՝ մեկնաբանելով, որ այդ գործը իր ձեռքից արագ վերցրեցին և փոխանցեցին այլ գերատեսչություն: Ընթերցողին հիշեցնեմ, որ հենց այս գործով մի քանի տարի առաջ Զարուհու հետաքննության արդյունքում՝ հարցազրույցի ժամանակ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը նույնպես նման կասկած էր հայտնել, օպերատիվ տվյալներ բացահայտել: Բայց այս տեղեկության հիման վրա այն ժամանակ՝ 2014-ին դատարանը մերժեց նոր երևան եկած հանգամանքներով դատախազությանը պարտավորեցնել վարույթ հարուցել։

Նախկին զինվորականն, ի զարմանս ինձ, լավ տեղեկացված էր նաև մեկ այլ քրեական գործի մասին, որով 1991թ-ին մահապատժի էր դատապարտել Կիրովականի բնակիչ Կարեն Բոյաջյանը, որը մի քանի տարի առաջ մահացավ ցմահ ազատազրկվածների հիվանդանոցային խցում: Զրուցակիցս վստահաբար ասաց, որ Կարենն առհասարակ կապ չի ունեցել իրեն վերագրված սպանության հետ: Հստակ ասաց, թե իրականում ովքեր են կատարել այդ սպանությունը, որ իրական մարդասպանները լավ թիկունք են ունեցել ու խուսափել պատժից, ասաց, որ կարճ ժամանակ անց բոլորն էլ հեռացել են Հայաստանից: Ինչևէ, ստացվում է, որ Կարեն Բոյաջյանը 19 տարեկանում անմեղ դատապարտվել էր մահապատժի, 25 տարի տառապել, հոգեպես խեղվել էր բանտում, ու այս ամենը ոչ իր կողմից կատարած հանցանքի համար: Մինչ այդ դրսում ինչ միֆեր ասես, որ չեն տարածում մահապատժի ու ցմահ դատապարտյալների մասին: Օրինակ՝ դատարանում թե՛ ոստիկաններից, թե՛ կալանավորներից մի քանի անգամ հարցրել են ինձ.

- Ձեր` ցմահների մեջ մեկը կա, ասում են, որ հենց մարդ են բերում, ուտում ա, բայց առավոտը, հենց դուռը բացում են, ոչ մի կտոր չեն գտնում. ոսկորները զուգարանով ուղարկում ա…

Հասկացա՝ Ս.-ի մասին էին ասում: Այս նույն, սարսափ հիշեցնող պատմությունը լսել էի նաև 1996թ.-ի ամռանը, մինչև դատապարտումս: Տարիներ անց անձամբ ծանոթացա այս միֆի հերոսի հետ: Բայց մինչ այդ պատմեմ, թե մեկ այլ ցմահ դատապարտյալ անձամբ ինչ էր պատմում Ս.-ի մասին.

- Ինձ մահապատիժ տվեցին, բերեցին կլորի 5-րդ հարկ: Միլիցեքը ասեցին՝ «մարդակերի» խուց ենք տանում, տեսնենք` քանի՞ օր կդիմանաս: Վախեցած ներս մտա: Տեսնեմ ջանով, պարապած մեկը` իզալենտով կպցրած մեծ, մանյակի ակնոցներով ու պալասատի բուշլատը տկլոր, փռչոտ ջանին հագած: Հենց միլիցեքը դուռը փակին, սա ասեց. «Բարի գալուստ դժոխք»: Իրեք գիշեր աչքս չեմ կպցրել: Ինքն էլ չէր քնում, հա ման էր գալիս, նայում վրես ու անընդհատ խոսում էր: Արդեն չդիմացա ու 3 օրից դուռը խփի, որ գան տանեն ինձ: Ինքը՝ բուշլատովը, ծիծաղում էր:

Հիմա ի՞նչ, եթե մարդը մերկ մարմնին զոլավոր բուշլատ հագել, հետն էլ շատախոսել, ուրեմն «մարդակե՞ր» է: Հատուկ էին նրան պիտակավորել, քանի որ այս տղան միակն էր, ով դժոխային տարիներին առանց որևէ վախի արժանապատվություն էր պահանջում, երբ այս կամ այն կերպ նվաստացնում էին մարդու պատիվն ու արժանապատվությունը: Ես այն տարիներից սկսած օրենք էի պահանջում թղթի ու գրչի միջոցով, իսկ Ս.-ն՝ կոշտ դիմադրությամբ: Այդ պատճառով նրան բազմաթիվ անգամներ հանում էին միջանցք ու մի 15 հոգով դաժանաբար ծեծում ոտքերով, ձեռքերով, մահակներով, որ լռեցնեն:  

Տարիներ անց Ս.-ին բերցին իմ խուց` 4 այլ ցմահների հետ: Ս.-ին, աշխատակիցների պատվերով, ահավոր խեղճացրել էին: Իմացա, որ գրեթե ամեն օր հենց խցակիցները դաժան ծեծել, նույնիսկ հարազատների բերած սնունդ են ձեռքից վերցրել: Մի խոսքով, անմարդկային վերաբերմունք հենց խցակիցների կողմից, և Ս.-ն դարձել էր նիհար և թուլացած, բայց չէր կորցրել դուխը: Իմ խուց տեղափոխված նոր բնակիչները ցանկանում էին շարունակել իրենց նախկին դրվածքը, բայց չստացվեց: Երկու օր, առանց քնելու զրուցում էի հետները, համոզեցի, որ չի կարելի բախտակցի նկատմամբ այդպես վարվել: Մթնոլորտը դարձավ համերաշխ, պարզվեց, որ Ս.-ն իրականում բավական հումորով, շփվող, կամեցող մարդ է: Իսկ ամենազարհուրելին այն է, որ այդ, դեռ 1992-ին նրան՝ 18 տարեկան տղային, ով ծառայում էր նոր ձևավորվող հայկական բանակում, մահապատժի են դատապարտել՝ ելնելով նրանից, որ հանցագործության վայրում գտնվել է մի զինվորական գլխարկ, որի վրա եղել են նրա անվան առաջին տառերը: Մինչ օրս Ս.-ն պնդում է, որ ինքը չի կատարել իրեն վերագրված հանցագործությունը:

Այս պատմությունները մեկին պարզապես հետաքրքիր կարող են թվալ, մյուսին` սարսափելի կամ անհավանական, բայց մի պահ պատկերացրեք, որ իրականում հանցանք չկատարածին` գլխին գործ սարքելով ուղարկել են բանտախուց՝ ցմահ պատիժ կրելու: Ողջ քաղաքակիրթ աշխարհում վերանայվում են բազմաթիվ մահապատժի և ցմահ ազատազրկման դատվաճիռներ, արդյունքում 15-35, անգամ 40 տարի անց նրանք ճանաչվում են անմեղ: Հայաստանում դեռ որևէ մահապատժի դատավճիռ չի վերանայվել: Թավշյա հեղափոխությունից անցավ մեկ տարի, սակայն անցումային արդարադատությունը դեռ իրական չի դառնում:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter