HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուլագարակի անասնատերերը անբարեկարգ ճանապարհների պատճառով անասուններին հեռագնա արոտավայրեր չեն տանում

Վրույր Այվազյանի Շեգան անունով կովը մեր այցելության օրը որձ հորթ էր ծնել: Վրույրին տեսնելուն պես նրան աչքալուսանք տվեց կթվորուհի Աստղիկ Մուրադյանը: Վրույրի ֆերման Գյուլագարակի ծայրամասի՝ խորհրդային տարիներից ժառանգություն մնացած անասնագոմում է: Վրույրը գյուղի խոշոր անասնատերերից է, 30 խոշոր եղջերավոր անասուն ունի: Կովերից 21-ը Աստղիկն է կթում:

«Էնա ծնված օրվանից ֆերմայում եմ աշխատում: Հիմա 51 տարեկան եմ: Աշխատանքս հաճելի է, լավ վարձատրվում եմ: Մի կով կթելու համար 4000 դրամ եմ ստանում: Գոհացնելը էսենց է, շատ կարիքներ ունենք, բայց որ էդ էլ չլինի, ի՞նչ կանենք»,- ասաց Աստղիկը։ Նա ամեն առավոտ ժամը 04:30-ին գնում է գոմ:

Գյուլագարակի ծխամատյանում 1149 խոշոր եղջերավոր անասուններ են գրանցված: Գյուլագարակը 113 հա արոտավայր ունի, որից 40 հա-ը գյուղի շրջակա տարածքում է, 83 հա-ը հեռագնա արոտավայրեր են: Անասնատերերը իրենց խոշոր եղջերավոր անասուններին հիմնականում արոտի են դուրս բերում 40 հա արոտավայրում: Հեռագնա 83 հա արոտավայրերը չեն օգտագործում՝ սարերի անբարեկարգ և անանցանելի ճանապարհների պատճառով: Հետխորհրդային տարիներին Գյուլագարակի հեռագնա արոտավայրերի ճանապարհները երբևէ չեն վերանորոգվել:

Անասնապահ Ռուդիկ Ծատինյանին հարցրի իր աշխատավարձից: Ասաց՝ 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Չդժգոհեց ֆերմայի աշխատանքից. «Աշխատող մարդու համար ոչ մի աշխատանք էլ դժվար չէ»՝ ասաց: Ֆերմայի 3-րդ աշխատողը Արենն է: Արենի հետ չկարողացա զրուցել, լեզվական խնդիրներ ուներ: Աստղիկն ու Ռուդիկը նրա փոխարեն հայտնեցին, որ Արենը նույնպես 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում և լավ աշխատող է:

Վրույր Այվազյանը մասնագիտությամբ իրավագետ է: Պատմեց, որ զինվորական ծառայության տարիներին Նոյեմբերյանի սահմանային դիրքերի պաշտպանության համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Վանաձորի մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո աշխատել է հարկային և մաքսային մարմիններում: «Բայց գյուղն ինձ ձգում էր, վերադարձել եմ գյուղ»,- ասաց նա:

Վրույր Այվազյանը 2018թ.-ից Գյուլագարակի համայնքապետ Մհեր Գևորգյանի խորհրդականը և համայնքի զարգացման ծրագրերի պատասխանատուն է: Նա Գյուլագարակի ամենաշատ կով ունեցողներից մեկն է: Ասում է՝ 30 կովը հանգուցյալ հորից է ժառանգություն ստացել: Վրույրն այս պահին օրական մոտ 200 լիտր կաթ է ստանում: Կաթը հանձնում է Ամրակից գյուղում՝ 1 լիտրը 130 դրամով:

«Այդ գինը ինձ ձեռք է տալիս»,- ասում է Վրույրը:

Գյուլագարակի անասնատերերի համար գյուղամերձ արոտավայրերը չեն բավարարում գյուղի անասուններին, զրույցում ասում են՝ կովերը արոտից երբեմն սոված են տուն վերադառնում:

Վրույր Այվազյանը իր անասունները սար է տանում. «Կոնկրետ Պուշկինոյի լեռներն եմ տանում, բայց փոքր ֆերմերների համար, ովքեր 5-15 գլուխ խոշոր են պահում, մեծ խնդիր է արոտավայրի հարցը»,- բացատրեց նա: Արոտավայրի քչության պատճառով Գյուլագարակի փոքր ֆերմերները իրենց վարելահողերը ստիպված կամ որպես արոտավայր են օգտագործում, կամ՝ խոտհարք:

«Հիմա մի հատ ծրագիր ունենք, 3 կմ հեռագնա արոտավայրի ճանապարհ ենք ուզում վերականգնենք՝ «Ցխոտ» կոչվող արոտավայրի ճանապարհի մասին է խոսքը: Տեսնենք, կստացվի՞, բայց հույսներս մեծ է, որ պետք է ստացվի ու նպատակադրված ենք, որ «Ցխոտ» տանող ճանապարհը Գյուլագարակի մասով անպայման վերականգնենք»,- ասաց նա:

Վրույրն ասաց, որ սարի անբարեկարգ ճանապարհը դժվարեցնում է գյուղի հետ սարվորների կապը, անհնար է լինում ժամանակին սարվորներին սնունդ հասցնելը, օրվա կաթը սարից տեղափոխելը: Սարում արտակարգ պատահարների ժամանակ անբարեկարգ ու անանցանելի ճանապարհներով անհնար է լինում նաև սարվորներին ժամանակին օգնության հասնելը: «Սարերում բռնկվող անասունների համաճարակի դեպքում շատ անասնաբույժներ խուսափում են անանցանելի ճանապարհով սար բարձրանալ: Այդ պատճառով անասնատերերը խուսափում են գնալ սարերը»,- բացատրեց Վրույրը:

Վրույրի խոսքով, եթե հեռագնա արոտ տանող մյուս ճանապարհներն էլ վերականգնվեն, խոշոր եղջերավորները գյուղից դուրս կգան, մանր եղջերավորներին էլ եղած 40 հա արոտավայրը կհերիքի:

Անասնաբույժ Մարտուն Դավոյանի ասելով՝ խորհրդային տարիներին Գյուլագարակում խոշոր եղջերավոր անասունները ավելի շատ են եղել: Էն ժամանակ ամբողջ անասուններին տարել են գյուղից 20 կմ հեռավորության վրա  գտնվող Սողրուշան, Չորգիաճ, Չոգյաճ, Ցխոտ, Ցավոտ և Գյուրդ սարերը: Եթե Գյուլագարակի սարերի ճանապարհները վերանորոգվեն, Գյուլագարակի անասնատերերը մեծ ուրախությամբ սարեր կգնան, անասունների գլխաքանակն էլ կավելանա»,- ասում է Մարտուն Դավոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter