HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանաբանական այգում բիզնեսի համար տարածքները վարձակալությամբ կտրամադրվեն մրցույթով

Մայիսի 1-ից կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այցելուները դեռ որոշ ժամանակ չեն կարողանա օգտվել այգու մուտքի մոտ տեղադրված խաղային ատրակցիոններից: Փակ կլինեն նաև սրճարաններն ու հանրային սննդի մյուս կետերը: Պատճառը հինգ տնտեսվարողների հետ վեցամսյա պայմանագրերն են, որոնց ժամկետները լրացել են:

Ապրիլի 25-ին տնտեսվարողներին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որպեսզի նրանք իրենց պատկանող գույքը հեռացնեն այգու տարածքից: Տնտեսվարողները, սակայն, հրաժարվում են կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Տնտեսվարողներին հանդիպելուց հետո այգի է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: 

Տեղում ծանոթանալով խնդրին՝ փոխքաղաքապետն ընդգծում է՝ այն պետք է լուծվի միայն իրավական հարթությունում: Տիգրան Վիրաբյանը նաև շեշտում է՝ գործընթացի նպատակն է պաշտպանել երկարաժամկետ գործարար ծրագրերն ու տնտեսվարողների շահերը:

«Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք ունեցել, չունենք և չենք ունենալու: Որևէ ձեռնարկատեր իրավունք չունի շարունակել գործունեություն իրականացնելը, եթե պայմանագրի ժամկետը լրացել է: Քաղաքապետարանը կհայտարարի մրցույթ, և այն մարդիկ, որոնք կմասնակցեն և կառաջարկեն ամենահարմար պայմանները քաղաքի և կենդանաբանական այգու համար, նրանք էլ իրավունք կունենան տնտեսվարելու: Մրցույթին ազատորեն մասնակցելու իրավունք  ունեն նաև այն տնտեսվարողները, որոնք նախկինում այստեղ գործունեություն են ծավալել»,-ընդգծեց Տիգրան Վիրաբյանը:

 «Բարի կամք դրսևորելով՝ բազմիցս բանավոր խնդրել ենք և հիմնավորել, որ Կենդանաբանական այգու տարածքը ենթակա է քաղաքապետարանին և մենք չունենք որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն այստեղ երկարաժամկետ գործունեություն թույլատրելու համար: Սակայն տնտեսվարողներն ասում են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի պայմանագրի ժամկետը երկարաձգվի»,-նշել է այգու իրավաբան Քրիստինե Ղասումյանը:

Որոշ տնտեսվարողներ ոչ միայն հրաժարվում են իրենց պարտավորությունները կատարելուց, այլև փորձում են խոսել սպառնալիքների լեզվով:

«Բնականաբար, ամենակոշտ արձագանքը կստանան այն մարդիկ, որոնք փորձում են խոսել սպառնալիքի, այլ ոչ թե օրենքի լեզվով: Երբ մարդուն առաջարկում են 6-ամսյա պայմանագիր, նա չի կարող լուրջ ներդրումներ կատարել և ստիպված է առանց սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու նման կետերից վաճառք կազմակերպել: Մենք ստեղծել ենք բոլոր օրինական ճանապարհները և իրավական հիմքերը, որպեսզի մրցակցային պայմաններ ստեղծենք և մարդիկ իրավունք ունենան երկարաժամկետ ներդրումային ծրագրերի առաջարկներ ներկայացնել»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:

Կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն ծավալելու համար մրցութային փաթեթներն այժմ մշակվում են:  Պատրաստ լինելուն պես դրանք կհրապարակվեն, և բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել այգու տարածքների վարձակալության մրցույթներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter