HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դուք հավատու՞մ եք, որ Ալեքսանյանը կարող է նման բան անել». նախկին պատգամավորը հերքում է լրագրողին առևանգելու պնդումը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտում իր վերաբերյալ քննվող գործի շրջանակներում: Նա վկայի կարգավիճակ ունի: 

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի հայտարարության հիման վրա, համաձայն որի՝ Ալեքսանյանը նրան առևանգել է և գլխին զենք պահել:

 «Դուք հավատու՞մ եք, որ Ալեքսանյանը կարող է նման բան անել: Նման բան չկա»,- «Հետք»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ղուշչյանի հայտարարությանը, ասաց Սամվել Ալեքսանյանը:

Մեր հարցին՝ Ղուշչյանի հետ նախկինում խնդիր ունեցե՞լ է, նախկին պատգամավորը պատասխանեց, որ ինքը ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չի ունեցել:

«Ես իմ կյանքի մեջ ոչ մի անգամ ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել: Ինքը կա՛մ մեկի զակազն է կատարում,  կա՛մ ցանկանում է իմ անվան հետ խաղալ, կա՛մ մի քիչ հիվանդ է»,- ասաց Սամվել Ալեքսանյանը: Մեր դիտարկմանը, որ եթե որևէ մեկի, ընդհուպ ներկայիս իշխանությունների հետ Սամվել Ալեքսանյանը խնդիր չունի, ապա ինչու՞ պիտի իր դեմ պատվեր տրվի, Ալեքսանյանն առաջարկեց հարցերը տալ Համլետ Ղուշչյանին:

Ստացվում է, որ ըստ Սամվել Ալեքսանյանի՝ Համլետ Ղուշչյանն իրեն զրպարտում է, ուստի հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրաստվո՞ւմ է զրպարտության համար դատական հայց ներկայացնել նրա դեմ:

«Ես պարապ չեմ, Ղուշչյանն ա պարապ, թող Ղուշչյանն էլ զբաղվի այդ գործերով»,- ասաց Սամվել Ալեքսանյանը: Վերջինս այլ հարցերի չպատասխանեց, չհայտնեց Քննչական կոմիտեում տված իր ցուցմունքի մանրամասները:

Համլետ Ղուշչյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է:

«Այդ դեպքը տեղի է ունեցել 2001 թվականին: Եթերում զանգ ստացա, և հեռուստադիտողն ասաց՝ «Լուսաստղ» օղի ենք խմել և թունավորվել: Ես էլ ասացի՝ գիտեք, տիկի՛ն, դուք մի՛ մեղադրեք, գուցե «Լուսաստղի» պիտակը, կեղծել են, քանի որ «Լուսաստղը» լավ օղի է համարվում, կեղծողներն օգտագործում են»,- ասաց Համլետ Ղուշչյանը:

Ըստ Ղուշչյանի` այդ հեռուստաեթերից հետո Սամվել Ալեքսանյանն ու այլ անձինք, որոնց Ղուշչյանը ոհմակ անվանեց, իրեն գիշերով տարել են Դավթաշեն թաղամաս ու այնտեղ Սամվել Ալեքսանյանն իր գլխին է պահել ատրճանակը:

«Ասաց՝ արա՛, սրանից հետո կասես էն, ինչ քեզ կասեն... ժարգոնով, կիսագողական»,- պատմեց Ղուշչյանը՝ նշելով, որ Սամվել Ալեքսանյանն իր խոսքերն ընկալել է որպես հակագովազդ ու ասել, որ իրեն վնասել է ու պիտի փոխհատուցի:

Ըստ Ղուշչյանի` հետագայում ինքն իմացել է, որ իրականում իրենից  ցանկացել են վերցնել այն ժամանակ գոյություն ունեցող «Երևան» հեռուստաընկերության 10 %-ը:

Մեր հարցին` իր ընկալմամբ՝ Սամվել Ալեքսանյանը ցանկացել է վախեցնե՞լ իրեն, հեռուստալրագրողը դրական պատախան տվեց, ապա պատմեց, որ այն ժամանակ, երբ Ալեքսանյանն ատրճանակ է պահած եղել իր գլխին, նրան զանգ է եկել, Ալեքսանյանն ասել է` «ախպերս ա զանգում» ու խոսելուց հետո իրավիճակը փոխվել է:

 «Ասաց` Ղուշչյա՛ն, բախտդ բերեց, ինձ ասում են, որ քեզ այս անգամ ներեմ»,- պատմեց Ղուշչյանը` նշելով, որ դրանից հետո Ալեքսանյանն իրեն ասել է, որ եթե Հայաստանից չհեռանա, ընտանիքին կվերացնի:

Ղուշչյանի խոսքով` դրանից հետո է, որ ինքը տևական ժամանակով հեռացել է Հայաստանից:

Հեռուստալրագրողը նշեց նաև, որ տեղի ունեցածի մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին, սակայն գործին պատշաճ ընթացք և Ալեքսանյանի վարքագծին իրավական գնահատական չի տրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter