
Մայիսի 1-ը միայն օրացույցում է կարմիրով
Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում:
Հայաստանում մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր է:
Շրջեցինք Երևանում եւ խոսեցինք քաղաքացիների հետ՝ պարզելու, թե որքանով է պահպանվել տոնի խորհուրդը, և արդյոք պաշտպանված են աշխատողների իրավունքները։
Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ Հայաստանում ոտնահարվում են աշխատողների իրավունքները։
«Հայաստանում գործատուն իրավունքի տերն է, աշխատողը՝ պարտականություն կատարողը»,- ասաց 31-ամյա Մարինա Կարապետյանը։ Իր փորձից ելնելով ասում է, որ մասնավոր հաստատություններում աշխատողը չունի արձակուրդի իրավունք։
«Նախկին աշխատանքիս վայրում խաբել ասել էին, որ գրանցել են ինձ, գնացի վարկ վերցնելու, պարզվեց՝ գրանցված աշխատող չեմ, չտվեցին, դուրս եկա աշխատանքից, հիմա աշխատանք եմ փնտրում»,- ասաց 54-ամյա Կարինեն։
64-ամյա Գոհարը մասնագիտությամբ ֆիզիկոս է, բայց երկար տարիներ աշխատում է որպես հաշվապահ։ Հավաստիացնում է, որ մասնավոր կազմակերպությունում ազատ օր վերցնելը մեծ խնդիր է, իսկ արձակուրդի մասին երազում է։
Արձակուրդի, տոն օրերին չաշխատելու իրավունքից օգտվում են հիմնականում պետական հաստատությունների աշխատողները ՝ բուհերի, դպրոցների աշխատակիցները, միայն նրանք ունեն հստակ սահմանված արձակուրդ։
«Մանկավարժի մասնագիտության դրական կողմը արձակուրդի իրավունքն է, որը գրեթե չի խախտվում, բայց շատ բացեր կան՝ սերունդ կրթելու, դաստիարակելու համար 80֊100.000 դրամը չնչին գումար է»,-նշում է մանկավարժ Նունե Պետրոսյանը։
Քաղաքացիների կարծիքով՝ մայիսի 1-ը վաղուց կորցրել է իր խորհուրդը, գրեթե ոչ ոք չի հիշում, որ տարիներ առաջ այն մեծ շուքով նշում էին բոլորը։
«Ժամանակին այս տոնը մեծից փոքր նշում էին, երթեր, համերգներ, միջոցառումներ, հիմա ՝ մանավանդ նոր սերունդը, չգիտի այս տոնի մասին ոչինչ, ուղղակի գիտեն, որ օրը ոչ աշխատանքային է, լավ կլիներ, որ այսօր ևս նշվեր այնպես, ինչպես նախկինում,- ասաց 68-ամյա Սահակը։
Սաթիկ Աբրահամյանի խոսքով՝ քաղաքը չի զգում, որ այսօր մայիսի 1-ն է, գրեթե բոլորը շտապում են աշխատանքի, ինքն էլ շտապողներից մեկն է, մայիսի 1-ը միայն օրացույցում է կարմիրով։
Անյա Սարկիսովա
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս
Մեկնաբանել