24 միլիոն դրամ՝ Քաղաքաշինության կոմիտեին
Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության աշխատանքից ազատված և կադրերի ռեզերվում գրանցված աշխատակիցներին վերջնահաշվարկի գումարը տրամադրելու համար կառավարության պահուստային ֆոնդից կոմիտեին հատկացվեց 24 միլիոն դրամ։
Կառավարությանը նման առաջարկ ներկայացրել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։
Կոմիտեն հայտնել է, որ 2018 թվականի օգոստոսի 7-ի գրությամբ կոմիտեի 2019 թվականի բյուջետային հայտում ներառված են եղել Քաղաքաշինական պետական տեսչության ազատված քաղաքացիական ծառայողների վերջահաշվարկի ծախսերը, սակայն 2019 թվականի պետական բյուջեում այդ ծախսերը չեն նախատեսվել:
Մինչդեռ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, Քաղաքաշինական պետական տեսչության աշխատանքից ազատված քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով գրանցվել են կոմիտեի կադրերի ռեզերվում և օրենքով սահմանված կարգով երեք ամիս վարձատրվել Քաղաքաշինության կոմիտեից:
Գործող կարգավորումների համաձայն, կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է, եթե քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարում են՝ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում: Կադրերի ռեզերվում գրանցված աշխատակիցներից 13-ը իրենց դիմումի համաձայն դեռևս 2018 թվականի դեկտեմբեր ամսին ստացել են վերջնահաշվարկ՝ շուրջ 7,5 մլն դրամի չափով, իսկ ռեզերվում գրանցված 39 աշխատակցի 6-ամսյա ժամկետը լրացել է այս տարի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել