HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարատ Խակովի կարգադրությունը խուճապ է առաջացրել երկաթուղայինների շրջանում

Մայիսի 5-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը գարնային պլանային տեղազննութուն կատարեց Վանաձոր-Այրում երկաթգծի ուղեկալում: Նրան ուղեկցում էին ընկերության ծառայությունների ղեկավարները: Սանահինի շրջադարձային դեպոյի ուղեգծերում Մ.Խակովը անձնամբ էր ուսումնասիրում երկաթգծերի անվտանգությունը և Սանահին կայարանում կանգնած շարժակազմի տեխնիկական վիճակը:

«Տարվա մեջ երկու անգամ` գարնանը և աշնանը, ուսումնասիրվում է մեր տնտեսության վիճակը: Մենք հիմա նայում ենք երկաթգծում տիրող վիճակը, որպեսզի պլանավորենք մեր ամառային աշխատանքները»,- լրագրողներին ասաց Մ. Խակովը:

Սանահինի մեխանիզացված ուղեգծերի տեղակայող կռունկների վերանորոգման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը 2011թ. ապրիլի 19-ի կարգադրությամբ հանձնարարել է ժամանակավոր ապամոնտաժել Սանահինի կոնտակտային ուղեմասի 5-րդ և 6-րդ փակուղային գծերը: Կարգադրության վերահսկողությունը Խակովը դրել է հենց իր վրա:

 Կարգադրությունը, սակայն, Սանահինի երկաթուղայինների շրջանում նոր խուճապ է առաջացրել: Երկաթուղայինները համարում են, որ կոնտակտային գծերի ապամոնտաժումից հետո գնացքները չեն կարող շրջադարձ կատարել Սանահինի երկաթգծում: Նրանք ենթադրում են, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հիմա էլ միտք ունի Այրում կայարան տեղափոխել շրջադարձային դեպոն:

«Առայժմ երևի երեք ամիս շոգեքարշերը չեն կարող Սանահինում շրջադարձ կատարել: Կամաց-կամաց սկսել են քանդել: Որ շրջադարձը չլինի, գնացքները որ չկանգնեն, վագոն ստուգողներն էլ չեն լինի, սլեսարներն էլ կկրճատվեն: Արդեն երկաթուղու կապի ծառայությունից 4 աշխատող կրճատվել է»,- «Հետքին» ասացին Սանահին կայարանում Խակովի այցին սպասող երկաթուղայինները:

«Կոնտակտային գծերի ապամոնտաժումից, բա իհարկե, աշխատատեղեր են կրճատվելու: Տես' հիմա ինչքան մարդ է կրճատվելու վագոնային արտադրամասից և մյուս տեղերից: Շրջադարձային դեպոյի բոլոր մասնաճյուղերը կաշխատեն, բայց քիչ աշխատողներով: Գնացքներ չկան, էնքան ապրանքաշրջանառություն չկա, որ մարդկանց վարձատրեն: Վարձատրությունն էլ սենց ա. սուտկեքով գնացք չի գալիս, ղեկավարներն էլ աշխատողներին ասում են' գալիս եք պարապ նստում, որպես ինչ ձեզ վճարենք»,- շրջադարձային դեպոյում տիրող վիճակը ներկայացրեց սանահինցի Ֆրունզիկ Շոլինյանը: Նա 50 տարի աշխատել էր դեպոյի էլեկտրացանցում:

 Սանահինում դժգոհեցին նաև մեքենավարների անհամեմատ ցածր աշխատավարձերից: Մեքենավարները լրագրողներին ասացին, որ դժգոհ են նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի ու Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի հետ 2010թ. դեկտեմբերի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի ունեցած բանակցությունների արդյունքներից:

Այն ժամանակ պատգամավորն ու քաղաքապետը երկաթուղայիններին համոզել էին, թե Շայդուլինը խոստացել է 5 տարի պայմանագրային երաշխիքով Սանահինի նախկին լոկոմոտիվային դեպոյի հաստիքացուցակում փոփոխություններ չկատարել: Պայմանավորվածության մեկ օրինակը դեպոյականներին չի հանձնվել: Իսկ հունիսին ավարտվում է Սանահինի շրջադարձային դեպոյի աշխատողների աշխատանքային պայմանագրերի ժամկետը: Երկաթուղայինները հիմա են հասկանում, որ դեկտեմբերի 15-ին ԱԺ պատգամավորի, Ալավերդու քաղաքապետի և Շևքեթ Շայդուլինի բանակցություններին պետք է մասնակցեր գոնե մի քանի մեքենավար:

Կոնտակտային գծերի ապամոնտաժման մասին իր հրամանի և Սանահինի շրջադարձային դեպոյում տիրող իրավիճակի մասին լրագրողներին ներկայացրած իր բացատրություններում Մարատ Խակովն ասաց, որ կոնտակտային գծերի ապամոնտաժումը տեխնոլոգիական պրոցես է, վերանորոգման արտադրամասում պետք է կազմակերպվի ճանապարհային տրանսպորտի վերանորոգում, և որպեսզի աշխատողները չզոհվեն էլեկտրահարումից, ժամանակավոր հանել են կոնտակտային գծերը:

Խակովը հերքեց շրջադարձային դեպոն Այրում տեղափոխելու վերաբերյալ սանահինցիների մտահոգությունը: «Այդպիսի միտք չկա, առաջին անգամ Ձեզանից եմ լսում: Ամռանը նոր երթուղի է բացվելու դեպի Վրաստան, այդ գնացքները մինչև Թբիլիսի վարելու են Սանահինի մեքենավարները»,- ասաց նա:

 Աշխատավարձերի ցածր լինելը Մ.Խակովը բացատրեց գնացքներ չլինելով և տոնական օրերով: Նա նաև չհամաձայնեց երկաթուղայինների այն տեսակետին, թե ցածր աշխատավարձի պատճառը 2011թ. հունվարի 1-ից Սանահինի երկաթուղային դեպոյի կարգավիճակը փոխելը և շրջադարձային դեպո ստեղծելն է. «Ես չեմ կարող ասել' ինչ են ասում մարդիկ, բայց ընդհանրապես գնացքները քիչ են գալիս: Մենք դա քննարկել ենք»:

Շրջադարձային դեպոյի կապի ծառայության 4 աշխատողի կրճատման փաստի հետ կապված' Մ. Խակովը տվեց հետևյալ պատասխանը. «Այս տարվա առաջին եռամսյակում իմ աշխատողներից 170 մարդ է ազատվել աշխատանքից: Մարդիկ Ռուսաստան են մեկնում: Եթե ձեր աշխատողներից 4-ը ազատվել է, 114-ն էլ մնացել է: Իսկ դուք տեսնում եք' գնացքներ աշխատո՞ւմ են, թե՞ չեն աշխատում: Ես չեմ կարող վճարել, եթե չկան գնացքներ»:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն արդեն անկարող է կրճատումներ կատարելու իր նոր մտադրությունները թաքցնել Սանահինի երկաթուղայիններից, ինչն էլ կարող է երկաթուղայինների շրջանում զանգվածային նոր բողոքի պատճառ դառնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter