HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը ներեց 280 բռնադատվածի վարկային պարտավորություններն ու տույժերը

2002-2012 թվականների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների՝ չվճարված մնացորդային մասը և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը կներվեն՝ ձևակերպվելով որպես կառավարության կողմից վերջիններիս տրամադրված պետական ֆինանսական աջակցություն: Որոշումը կայացրեց կառավարությունը՝ այսօրվա հերթական նիստի ժամանակ:

Թե որքան է կազմում այդ աջակցությունը, գործադիր բերված որոշման նախագծում գրված չէ:

«Որոշման ընդունման արդյունքում մասամբ կբարելավվի շուրջ 280 մարդու սոցիալական վիճակը՝ նրանց ազատելով իրենց վարկային պարտավորություններից և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերի վճարումից»,- որոշման նախագծում նշել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Ըստ նախարարության, նրանց ժառանգների ճնշող մեծամասնությունը սոցիալապես անապահով և տարեց անձինք են և օբյեկտիվորեն հնարավորություն չունեն իրականացնելու իրենց վարկային պարտավորությունները։

Ինչպես նշվում է գործադիր բերված որոշման նախագծում, 2002-2012 թվականների պետական բյուջեներով հաստատված միջոցների շրջանակում բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու (բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար) նպատակով տրամադրվել է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ՝ 25 տարի մարման ժամկետով վարկ՝ 1 միլիարդ 272 միլիոն դրամ ընդհանուր գումարով:

Հաշվի առնելով վարկառուների սոցիալական վիճակը, կառավարությունը 2010թ. և 2013 թվականներին ընդունել է վարկերի մարման ժամկետները երկարաձգելու որոշումներ: Դրանց հիման վրա երկարաձգվել են վարկային պարտավորությունների գծով սահմանված վճարման ժամկետները, ամբողջ ծավալով զիջվել են վարկերի գծով ինդեքսավորման ենթակա գումարները, մինչև այդ որոշումների ուժի մեջ մտնելը հաշվարկված ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը: Սակայն 262 վարկառուներին տրամադրված վարկի գծով ժամկետանց պարտավորությունների ընդհանուր ծավալը 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ կազմել է 343 միլիոն դրամ, որից 230 միլիոնը՝ վարկի մայր գումար, 36 միլիոնը՝ տոկոսագումար, իսկ 76 միլիոնը՝ ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկված տույժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter