HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գլխավոր դատախազը ներկայացրեց 2018-ի հանցագործությունների աճի պատճառները

2018թ-ին հանցագործության դեպքերն աճել են, բայց հանցավորության վատթարացնող արդյունքներ չկան: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով դատախազության գործունեության մասին 2018թ-ի զեկույցը:

Դավթյանի խոսքով՝ 2018թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22 551 դեպք, որից 11 344-ը եղել է Երևանում:

2017-ի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2266-ով կամ 11.2 %-ով:

Ըստ դատախազի՝ առավել վտանգավոր բնույթ ունեցող հանցագործությունների թիվը նվազել է, բայց ավազակային հանցագործությունների աճ է գրանցվել:

«2018թ. արձանագրված հանցագործությունների դեպքերի աճի հիմնական պատճառներից մեկը նախորդ տարիներին կատարված և 2018թ. բացահայտված դեպքերն են, որոնք արտացոլվել են այս տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում: 2018թ. արձանագրված 22 551 հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6 %-ը կատարվել են նախորդ տարիներին»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով՝ երեք-չորս անգամ աճել են հատկապես կոռուպցիոն բնույթի հանցատեսակների դեպքերը։
«Առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճի ցուցանիշով, ինչը դրական դինամիկա է»,- ասաց Դավթյանը:

Ըստ Դավթյանի՝ նաև քաղաքացիների նախաձեռնողականության ակնհայտ աճ կա, ինչն արտահայտվել է հատկապես նախորդ տարիներին կատարված հանցագործությունների մասին վերջիններիս կողմից տրված հաղորդումներով:

«Այս գործոնները արդեն ցույց են տալիս, որ չենք ունեցել հանցավորության դասական իմաստով վատթարացնող արդյունքներ, բայց անհատապես կոնկրետ հանցատեսակների մասով երկու ուղղություններով նախորդ տարի ունեցել ենք վատ արդյունքներ, և այս առումով ուժերը կենտրոնացվում են այդ ուղղություններով»,- ասաց նա:

Դավթյանի խոսքով՝ հափշտակությունների և բնակարանային գողությունների մասով աճ կա, նաև ՃՏՊ-ների աճ, որոնցից մահվան ելքով վթարները կազմել են 25 %-ը:

Նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակի՝ սպանության դեպքերով: 2018թ. ընթացքում Հայաստանում գրանցվել է սպանության 36 դեպք:

«Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Մեր երկրում հանցավորության պատկերում մեծ հաշվով բացասական ցուցանիշներ չունենք»,- ասաց նա։

Արթուր Դավթյանի վստահեցմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը բազմապատիկներով աճել է: «Մասնավորապես, 2018թ. կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 298-ով կամ 182.8 %-ով»:

Գլխավոր դատախազի խոսքով՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկայում որոշակի քայլ է արվել՝ այն բարելավելու համար։

«ՄԻԵԴ-ում նախադեպային իրավունքը վերլուծելով՝ գործնական ուղենիշներ սահմանվեցին, և դարձան քրեական հետապնդման մարմինների համար սեղանի գրքեր։ Կարճ ժամանակում լուրջ արդյունքներ ենք ունեցել»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ մեղադրյալները նախորդ տարի 10 %-ով ավելի են եղել, բայց այդ պայմաններում 2018-ին 20 %-ով ավելի պակաս կալանքի միջնորդություններ են ներկայացվել։

«Սա ցույց է տալիս, որ կալանքի հարցին գնալը լուրջ քննարկման փուլ է անցնում»,- ասաց նա։ Դատախազի խոսքով՝ էապես աճել է գրավի կիրառումը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են իրականացվում համացանցային խուլիգանության դեպքերը կանխելու համար։

«Այսօր ոստիկանությունն անհասկանալի անգործություն է դրսևորում. եթե կեղծ էջերից հնարավոր չէր պատժել, բանը հասել է նրան, որ այսօր իսկական էջերից մարդիկ ամենավերջին հայհոյանքներն են հնչեցնում պատգամավորների, քաղաքական գործիչների նկատմամբ և նորմալ չէ, որ այդ դեպքերում իրավապահ մարինները անգործություն են ցուցաբերում»,- ասաց Պետրոսյանը:

Արթուր Դավթյանն արձագանքեց՝ նման գրառումները ոչ միայն պաշտոնյայի, այլ ցանկացած մարդու համար են տհաճ, և ինքը ևս չի կարող ողջունել նման երևույթը։  «Բայց համաձայն չեմ, որ իրավապահ մարմինները անգործություն են անում, օրենքով և իրենց պարտականություններով նրանք չեզոքություն են պահում և լավ են անում, որովհետև դուք այդպես եք պատվիրակել և հայհոյանքը խուլիգանություն չի կարելի նայել»,- ասաց նա՝ հավելելով, որ պատգամավորների լիազորությունն է իրականացնել օրենսդրական փոփոխություն և քրեականացնել համացանցում հայհոյանքը, որպեսզի իրավապահները անգործություն չցուցաբերեն։

Արթուր Դավթյանի խոսքով՝ պատգամավորը չի կարող հիշել դեպք, երբ սպանության և այլ դեպքերով սպառնալիքներ են հնչել, և վարույթներ չեն հարուցվել:

Գևորգ Պետրոսյանն ասաց, որ մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ, որ հրապարակային վիրավորանքը քրեականացվի: «Այսօր ողջ հասարակությունն ականատես է լինում այդ անպատժելի խուլիգանական դրսևորումներին»,- ասաց Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter