HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». գործարարները չեն հավատում հարկայինի «լոլոներին»

Նրանք Արմեն Ալավերդյանի պատասխանները «լղոզված» համարեցին

Գործարարների և Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի երեկվա հանդիպում-քննարկումը, որը կազմակերպել էր Հանրային խորհուրդը, դժվար է արդյունավետ համարել: Հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները լսելուց հետո, արդեն վերջում, երբ Արմեն Ալավերդյանը գնաց, գործարարները դժգոհություններ փոխանակեցին: «Լրիվ հարցերի պատասխանները լղոզեց, թողեց»,- ասում էին նրանք:

Իսկ դժգոհող գործարարներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատճառաբանելով, թե Արմեն Ալավերդյանն առանց այն էլ իրեն չի սիրում և կընկնի իր հետևից, «Հայացք»-ի թղթակցին բառացիորեն ասաց հետևյալը. «Սա քննարկում չէր, սա այլանդակություն էր»:

Որքան էլ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը հայտարարի, թե հարկերի ավելացումը վերաբերում է միայն խոշոր բիզնեսին, այնուամենայնիվ մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչները մտավախություն ունեն, թե հարկայինն իրենց վրա էլ է ճնշումներ գործադրելու:

Արմեն Ալավերդյանը, «մենաշնորհ» բառը չօգտագործելով, խոսեց մենաշնորհների հեղինակների մասին: «Վերջին շրջանում Հայաստանում ընդգծված տնտեսական երևույթ է նկատվում. կազմակերպությունը ներկրում է ապրանք` հատկապես սննդամթերք, և իր խանութների ցանցի միջոցով վաճառում: Խոշոր խանութների ցանց ունեցողները միաժամանակ դարձել են խոշոր ներկրողներ, տնտեսությունը կենտրոնացրել են իրենց ձեռքում, և միջին բիզնեսը շարքից դուրս է գալիս»,- ասաց Ալավերդյանը:

Ահա և ՊԵԿ-ն այս մոնոպոլիստների դեմ պայքարելու նոր մեթոդ է գտել: «Այս պարագայում հարկային և մաքսային քաղաքականությունն այն գործիքներից է, որը կազմակերպություններին ստիպում է, որ ապրանքն ինքը հաշիվ ապրանքագրերով փոխանցի ուրիշ կազմակերպությունների: Եթե ինքն այնուամենայնիվ չի ցանկանում վառելիքը, սննդամթերքը, հագուստը և այլ ապրանքները միջնորդների օգնությամբ իրացնել, նա ստիպված է լինելու իր շրջանառությունը մեխանիկորեն 20%-ով ավելացնել և վճարել նաև ավելացված արժեքի հարկ»,- պատժի իրենց մեթոդը ներկայացրեց Ալավերդյանը:

Դժվար կլինի երաշխավորել, որ այս պարագայում թանկացումների նոր ալիք չի լինի, քանի որ ավելի բարձր հարկվող մոնոպոլիստը կփորձի ավելի մեծ եկամուտ ստանալ իր վաճառած ապրանքի դիմաց: Այս մասը, սակայն, Ալավերդյանը սահուն շրջանցեց:

Գործարարները մտահոգվեցին` հանկարծ այս նոր կարգը գյուղացու ապրանքին չառնչվի, գյուղացուն մոնոպոլիստ չասեն, քանի որ փորձ է արվում գյուղմթերքի իրացման հարցում դուրս մղել միջնորդի դերը: «Փարատեմ բոլորի կասկածները` ԱԱՀ վճարելու են տարեկան 1 մլրդ 200 մլն դրամ իրացում ունեցողները, ամսական առնվազն 100 մլն դրամ իրացում ունեցողները: Ամեն ինչ արվում է, որ գյուղմթերք արտադրողները չանհանգստանան, նրանց վրա հարկային բեռ չի լինելու, նրանք եկամտահարկի և շահութահարկի վճարումից ազատված են»,- ասաց Ալավերդյանը:

Գործարարներից մեկին հետաքրքրում էր. «Այս տարի ճնշումները հարկատուների վրա շարունակվելո՞ւ են»: Արմեն Ալավերդյանը շտապեց տեղեկացնել, որ էապես կրճատվել է ստուգող ստորաբաժանումների թիվը: «Մեր թիրախը խոշոր հարկ վճարողներն են: Փնտրել մեծ եկամուտները մանր առևտրի ցանցերում կամ վարսավիրանոցներում, ծիծաղելի կլինի: Այնքան փոքր է մեր գյուղատնտեսությունը, որ այնտեղ էլ պետք չէ հարկեր փնտրել»,- ասաց նա` հավելելով, որ հարկային եկամուտների 80%-ն այս տարի նախատեսվում է ապահովել ԱԱՀ վճարողների և խոշոր հարկատուների հաշվին:

Քննարկումներից հետո Հանրային խորհրդի ձեռնարկատիրության ենթահանձնաժողովի նախագահ Մուշեղ Տերյանը «Հայացք»-ի հետ զրույցում նշեց, որ գործարարները տարբեր մտահոգություններ ունեն հատկապես հարկային ստուգումների մասով կատարված փոփոխությունների վերաբերյալ: «Առաջին մի քանի ստուգումներից հետո արդեն պարզ կլինի` ոտնձգություններ կլինեն, թե ոչ»,- ասաց նա: Մուշեղ Տերյանը հաստատեց, որ այս փոփոխությունների արդյունքում նաև թանկացումներ կլինեն. «Դեղերն էլ շուտով կթանկանան, մի քանի խոշոր ընկերություններ իրենք ներմուծում, իրենք էլ վաճառում են: Հետևաբար, կթանկացնեն ապրանքը»:

«Նեցուկ ԱՍ» ՍՊԸ տնօրեն Անի Մալոյանը, ով գործի բերումով բիզնեսի ներկայացուցիչների հետ շատ է շփվում («Նեցուկ ԱՍ» ՍՊԸ-ն զբաղվում է գործարարների հաշվապահության վարման աշխատանքներով), փոխանցեց գործարարների դժգոհությունները: «Շատ դեպքերում ստվերը չի հարկվում, այլ հակառակը` նորմալ աշխատող հարկատուների աշխատանքն է խոչընդոտվում: Որոշ լավ ակնկալիք կա այս փոփոխություններից, բայց գործարարները գտնում են, որ սրանք հիմնականում խոչընդոտ են, քան բարեփոխում»,- «Հայացք»-ին ասաց Անի Մալոյանը:

Ռոզա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter