
Պաշտպանը միջնորդեց գրավով ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, ապա հայտարարեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ունի
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը քաղաքացիական հիվանդանոցում է, և չի ներկայացվել իր խափանման միջոցի գործով դատական նիստին: Վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց հետաձգել նիստն ու հնարավորություն տալ, որպեսզի Գրիգորյանը մասնակցի դրան: Միջնորդության դեմ առակեցին մեղադրող դատախազներ Վահե Դոլմազյանն ու Հայկ Պետրոսյանը: Ըստ մեղադրող կողմի՝ Գրիգորյանի պաշտպանները ներկա են նիստին, նրա բացակայությունը խոչընդոտ չէ խափանման միջոցի հարցին անդրադառնալու համար, նրա լսված լինելու իրավունքը չի խախտվում: Դատարանը ևս նման դիրքորոշում հայտնեց ու որոշեց նրա բացակայությամբ քննել խափանման միջոցի հարցը:
Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանը միջնորդեց դռնփակ քննել նիստը՝ պատճառաբանելով, թե գործի նյութերում առկա են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Դատարանը նկատեց, որ գործը դեռևս բուն դատաքննության փուլում չի գտնվում, այլ միայն քննարկվում է ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը, որից հետո Քամալյանն չպնդեց իր միջնորդությունը:
Անդրադառնալով Գրիգորյանի խափանման միջոցի հարցին՝ պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց նրան 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Պաշտպանը թվարկեց Գրիգորյանի հիվանդությունները, ինչպես նաև նշեց, որ առկա չեն Գրիգորյանի կալանքի տակ պահելու օրենքով սահմանված հիմքերը:
Մեղադրող դատախազներից Վահե Դոլմազյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ Գրիգորյանի հիվանդության հարցին բազմիցս անդրադարձ կատարվել է. հիվանդություններն այնպիսին չեն, որ արգելք հանդիսանան նրան կալանքի տակ պահելու համար:
Դատախազը դատարան ներկայացրեց նաև փաստաթուղթ, համաձայն որի՝ Գրիգորյանը հրաժարվում է պահպանել շաքարային դիաբետով հիվանդ անձանց խորհուրդ տրվող սննդակարգը:
Դատարանն արդեն հայտարարել էր խորհրդակցական սենյակ հեռանալու մասին, երբ պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց արտագնա նիստ անցկացնել: Դատարանն այդ միջնորդությանը չանդրադարձավ, որից հետո պաշտպան Բաղդասարյանը նշեց, որ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ունի: Դատավորը հետաձգեց խորհրդակցական սենյակ հեռանալու որոշումը, և ժամանակ տրամադրեց պաշտպանին՝ միջնորդությանը պատրաստվելու համար:
Մեկնաբանել