HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան առա՞նց ՆԱՏՕ-ի

Վահրամ Հովհաննիսյան

Ժողովրդավարության XVII դպրոցի շրջանավարտ

Շուտով կլրանա Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության 70-ամյակը: Աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքին անդամակցությունը Թուրքիայի համար զարգանալու, ուժեղանալու լավ հնարավորություն է, սակայն այսօր սերտ համագործակցությունը շարունակելու խոչընդոտներ են ի հայտ եկել. թուրքական իշխանությունների վարած ներկայիս քաղաքականությունն ընդդիմանում է ԱՄՆ և ԵՄ ժողովրդավարական, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահանջներին, նրանց վարած արտաքին քաղաքականությանը: Բազմաթիվ հարցերում անհամաձայնությունները, հակադիր ճակատից Անկարային իր դաշնակիցներից հեռացնելու հրապուրիչ միջոցներն այսօր լուրջ մարտահրավերներ են նետել Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում:

Լարվածության աճն այս երկու միավորների միջև առաջին անգամ չի տեղի ունենում, ներկայումս դա ընդգրկում է մեծ շառավիղ, ներքաշել է նաև տարածաշրջանային և միջազգային հզոր խաղացողների` նույնիսկ հակադիր ճամբարից:

Թուրքիայի համար տևական ժամանակ փակ է լինելու մուտքը դեպի ԵՄ, դեպի Արևմուտք ռազմաքաղաքական առաջընթացի հնարավորություն չկա, ուստի արագ տեմպերով զարգացող, ազգային ու պետական ծավալապաշտական գաղափարներ ունեցող պետության համար հատկապես հարավային ուղղությամբ առաջանալու տարբերակը լուրջ խոչընդոտի է հանդիպում Հյուսիսատլանտյան դաշինքի շահերում: Հիշենք, որ այստեղ թուրքական և իսրայելական շահերը ևս լուրջ հակասություններ ունեն, իսկ Իսրայելն ԱՄՆ հիմնական դաշնակիցն է ՆԱՏՕ-ից դուրս (MNNA):

Դ. Թրամփի հայտարարությունը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի իրավունքը ճանաչելու վերաբերյալ ևս դիմադրության հանդիպեց թուրքական քաղաքական վերնախավի կողմից. նախագահ Ռ. Թ. Էրդողանը և ԱԳՆ Մ. Չավուշօղլուն հանդես եկան Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ: Հակաիսրայելական տրամադրվածությունը Թուրքիային այստեղ ևս գործընկերներ պարգևեց` ի դեմս Իրանի, Սիրիայի: ԵՄ-ը նույնպես բացասական վերաբերմունք արտահայտեց Գոլանի նկատմամբ Իսրայելի սուվերենությունը ճանաչելու հարցի վերաբերյալ:

Իրանը և Ռուսաստանը պաշտպանում են Թուրքիայի վարած քաղաքականությունն ընդդեմ քրդական պետության ստեղծման, տարածաշրջանում Իսրայելի ազդեցության թուլացման և հատկապես արևմտյան ներկայության նվազեցման ուղղությամբ:

Եթե ալյանսի եվրոպական երկրներն իրենց անվտանգությունը կապում են հիմնականում ԱՄՆ ռազմական աջակցության հետ, և նրանց ձեռնտու է դաշնակցային անվտանգությունը, ապա այս առումով «անկախացած» Թուրքիան կաշկանդված է ՆԱՏՕ-ի սահմանափակմամբ:

Թուրքիայի համար անընդունելի է ԱՄՆ կողմից քրդերին տրամադրվող աջակցությունը` համարելով իր ներքին անվտանգության սպառնալիք, անընդունելի է հարկադրական առճակատումն Իրանի և Ռուսաստանի հետ, որոնց հետ այսօր տնտեսական կարևոր գործընկեր է, և որոնք տարածաշրջանային մի շարք հարցերում համակարծիք են:

Իրենց իշխանության ամրապնդման համար թուրք ղեկավարները հաճախ են շրջանցում այն գաղափարները, որոնք տասնամյակներ շարունակ տարածում են ԱՄՆ-ը և ԵՄ-ը. ժողովրդավարություն, ազատություններ, օրենքի գերակայություն: Մինչդեռ այս կողմում Թուրքիայից այդպիսի արժեքներ չեն պահանջում:

Ռուսաստանն իր հերթին, օգտվելով թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացումից, ամեն կերպ աջակցում է «հեռացմանը»` հանդես գալով առավել շահավետ առաջարկներով, ընդ որում` ռազմական:

Արդեն այս տարվա վերջերին ռուսական կողմը Թուրքիա կմատակարարի Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչի մասին խոսվում է դեռ 2016թ.-ից: Ռուս-թուրքական բանակցություններն այս համակարգերի վաճառքի վերաբերյալ տարիներ շարունակ քննադատվում էին ՆԱՏՕ-ի կողմից: Դրան ի պատասխան` ԱՄՆ-ը կասեցրեց F-35 կործանիչների տրամադրումը Թուրքիային, սպառնաց նաև հնարավոր պատժամիջոցներով (CAATSA): Այդուհանդերձ, հետդարձի ճանապարհ դեռ չի նշմարվում:

Ընդհակառակը, Թուրքիան իր աշխարհագրական դիրքը, ռեսուրսները կարողանում է շահարկել Եվրոպայի հետ հարաբերություններում, ինչո՞ւ չէ նաև ՆԱՏՕ-ին ստիպում հաշվի նստել իր որոշումների հետ: Թեև Թուրքիայի համար շանտաժով օգուտներ կորզելը փորձված մարտավարություն է, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրների հետ հարաբերություններում կարող է անդառնալի լինել հատկապես տարածաշրջանի համար. ի վերջո, գործողությունների լայն հնարավորություն ունեցող Թուրքիան կարող է պատուհաս դառնալ տարածաշրջանի երկրների և ժողովուրդների համար: Թուրքիան, իհարկե, չի ցանկանա լիարժեք մեկուսանալ ԱՄՆ-ից և ԵՄ-ից, բայց հատկապես Ս-400 ԶՀ համակարգի շրջանակներում ցույց տվեց, որ չի պատրաստվում հանդես գալ միայն ՆԱՏՕ-ի կամ նրա առանձին անդամների շահերից ելնելով, այլ կարող է վարել կատարյալ ինքնուրույն քաղաքականություն:

Դեռևս 1949թ. Թուրքիան ցանկություն հայտնեց միանալ դրանից ամիսներ առաջ կազմավորված Հյուսիսատլանտյան դաշինքին` զգուշանալով խորհրդային իշխանությունների կողմից Արևմտյան Հայաստանը վերցնելու սպառնալիքներից, սակայն եվրոպական երկրների կողմից անվստահելի Թուրքիան ՆԱՏՕ-ին միացավ միայն 1952թ.` Կորեական պատերազմին մասնակցելու համար զորք տրամադրելուց հետո:

Այս միացումը կամ «ամուսնությունը», ինչպես որոշ վերլուծաբաններ են անվանում, Թուրքիային հնարավորություն տվեց շունչ քաշել և զարգանալ արագացող տեմպերով: Սա ձեռնտու էր նաև Արևմուտքին. Այն, ի դեմս Թուրքիայի, ձեռք բերեց կարևոր պատվար` Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունից եկող սպառնալիքին աշխարհագրորեն մեծ նշանակություն ունեցող հատվածում դիմակայելու համար:

Լարվածություն հաճախ է առաջանում Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում, բայց ներկայիս իրավիճակին մոտ եղել է միայն 1974թ.՝ թուրք-հունական ընդհարման ժամանակ, երբ թուրքական կորպուսն օկուպացրեց Կիպրոսի հյուսիսը: Այս հարցն այսօր էլ կանգնած է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կոկորդին:

ՆԱՏՕ-ի շնորհիվ Անկարան հատկապես վերջին տասնամյակներում ձեռք բերեց ռազմաքաղաքական մեծ նշանակություն` դառնալով հզորությամբ 2-րդն ալյանսում: Իրանին ու Ռուսաստանին հակազդելու համար Թուրքիային տրամադրվող ռազմական և ֆինանսական աջակցությունը բարեհաջող օգտագործվում է տարածաշրջանում իր դիրքերի բարելավման համար` դրանք համարելով ազգային նպատակների իրագործման միջոց:

Մյուս կողմից, տնտեսական ու ռազմական հզորություն ունեցող պետության համար կարևոր էր ներքին անվտանգությունը. Թուրքիան ներքաղաքական հարցերում լուրջ փոփոխություններ սովորաբար չի ունենում, ուստի այստեղ իշխանափոխության ամենահարմար տարբերակը շարունակում էր մնալ հեղաշրջումը: Թուրք-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի վատացան ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ Ֆեթհուլլահ Գյուլենն ապաստան գտավ ԱՄՆ-ում, մի շարք ապստամբներ հեռացան Եվրոպա: 2016թ. հուլիսի 15-16-ի հեղաշրջման ձախողված փորձը թուրք ղեկավարությունը բարեհաջող օգտագործեց սեփական իշխանությունն ամրապնդելու համար. պաշտոնազրկվեցին 30 նահանգապետներ, 103 գեներալներ ու ադմիրալներ, 8 հազար ոստիկան, 15 հազար ուսուցիչ: Աշխատանքից ազատվեցին ընդհանուր 152 հազար քաղաքացի, իսկ 160 հազարի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, որոնց մի մասի դատավարությունը դեռևս շարունակվում է (FETÖ): Այս առիթն Էրդողանն օգտագործեց ընդդիմության և բանակի դիրքերը թուլացնելու ու իր իշխանությունն ուժեղացնելու համար:

Սրանից առաջ` 2015թ., թուրքական ՌՕՈւ-ի կողմից թուրք-սիրիական սահմանին ռուս օդաչուի սպանությունից հետո լարված էին նաև ռուս-թուրքական հարաբերությունները, բայց հեղաշրջման փորձի առաջին ժամերին արդեն պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն Թուրքիայի «դաշնակիցների», իր աջակցությունը հայտնեց Էրդողանին: Վերջինս նաև ափսոսանք հայտնեց ռուս օդաչուի մահվան համար, և կարծես սրանցով որոշակիորեն կարգավորվեցին հարաբերությունները Մոսկվայի և Անկարայի միջև: Եթե մինչև 2000-ականները Թուրքիան իր անվտանգության ռազմավարության շրջանակներում սպառնացող արտաքին վտանգ էր համարում Հունաստանը, Սիրիան, ՌԴ-ը և Իրանը, ապա այժմ վերջին երկուսը Թուրքիայի համար ավելի քիչ վտանգավոր են Սիրիան այսօր ի զօրու չէ սպառնալ Թուրքիային, իսկ Հունաստանի հետ որոշակի լարվածությունը լուրջ բախման վերաճելու հեռանկար դեռևս չունի:

Այսօր Թուրքիայի թիվ մեկ սպառնալիքը քրդական հարցն է, իսկ դրա լուծումը` երկրի անվտանգության երաշխիքներից մեկը: Խնդիրն այն է, որ ամերիկյան և իսրայելական կողմերն աջակցում են քրդական պետության ստեղծմանը, մինչդեռ Անկարայի շահերի հետ համադրվում են ՌԴ-ի և Իրանի դիրքորոշումները:

Սա ևս հեռացնում է դաշնակիցներից և փոխարենը Թուրքիային դրդում ջերմանալ Արևելքի հետ: ԵՄ-ի փակ դռներն իրենց հերթին Էրդողանի համար առիթ հանդիսացան զարգացնել իսլամականացումը երկրում` ձգտելով գոնե մահմեդական աշխարհում հասնել գերիշխանության` այն հակադրելով Իսրայելին ու իր եվրոպացի դաշնակիցներին:

Տնտեսական և ռազմական հզորության հասած Թուրքիան ԱՄՆ-ի և ընդհանրապես ՆԱՏՕ-ի շրջանակներում կարևոր գործընկեր է, մինչդեռ ՆԱՏՕ-ից հեռացած Թուրքիան կարող է գլխացավանք դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլև հենց նատօականների համար: Անկախ ներքին ու արտաքին սպառնալիքներից՝ թյուրքալեզու ժողովուրդներին մեկ տերության մեջ միավորելու գաղափարը չի մարում: Իսկ դա նշանակում է հետևյալը. Թուրքիայի ձեռքերն ազատ կլինեն նախ սեփական ժողովրդի նկատմամբ` բռնապետական կարգերը վերադարձնելու համար, հերթական ցեղասպանությունն իրականացնելու հնարավորություն կունենա` նախ քրդական բնակչության նկատմամբ, կսպառնա իր երազանքի տարածքում գտնվող ազգերին ու պետություններին:

Այդ դեպքում այստեղ կարևոր է հաշվի առնել նաև Արցախյան հիմնախնդրի առկայությունը, ինչը ռուս-թուրքական բարեկամությունը կարող է լուծել ի վնաս արդարության: Ազատ ձեռքերով Թուրքիան չի կարող չսպառնալ հայ ժողովրդին:

Եթե ընդհանրացնենք Թուրքիայի անցած ճանապարհը ՆԱՏՕ-ում և նրա հետ, ապա կստացվի, որ Թուրքիան նախ պատսպարվեց ՆԱՏՕ-ի ներսում, դարձավ վերջինիս համար կարևոր պատվար` դիմակայելու ԽՍՀՄ-ին, այս ընթացքում ստացավ մեծ աջակցություն, որը զարգացում ապահովեց Թուրքիայի համար: Վերջինս, լավագույնս շահարկելով իր աշխարհագրական դիրքը, կարողացավ ուրույն տեղ գրավել համաշխարհային քաղաքականության մեջ` ուլտիմատումներով կորզելով ցանկալի արդյունք:

Ի վերջո, հզորացած, տնտեսական ու ռազմական անկախություն ձեռք բերած, ներքին կայուն իշխանություն ունեցող պետությունը փորձում է ազատվել դաշնակցային կապանքներից և իրագործել երբեմնի երազանքը, ինչին ամեն գնով փորձում է դիմակայել ՆԱՏՕ-ն և առաջին հերթին` ԱՄՆ-ը:

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter