HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանը գրանցել է պոտենցիայի բարձրացման հավելումներ` արգելված բույսով

Կենսաբանական ակտիվ հավելումները նույնականացվում են իբրև սնունդ և վերահսկվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։

Դրանք կարգավորվում են Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգով և ենթակա են պարտադիր պետական գրանցման: ԵԱՏՄ մի երկրում տրված գրանցման վկայականը փոխադարձ ընդունելի է միության անդամ բոլոր երկրներում։

«Հետք»-ն ուսումնասիրել է Եվրասիական տնտեսական միության գրանցման վկայականների պետական ռեեստրը և պարզել, որ Հայաստանը գրանցել է տղամարդկանց պոտենցիայի համար նախատեսված այնպիսի կենսաբանական հավելումներ, որոնք պարունակում են ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգով արգելված բույսեր, մասնավորապես՝ տատաշ (tribulus՝ lat., якорцы՝ рус.):

Դրա ցանկացած տեսակ կենսաբանական ակտիվ հավելումներում չի թույլատրվում կիրառել։

Սակայն  2019թ. հունվարի 23-ին Հայաստանում պետական գրանցում է ստացել ամերիկյան «Healtherco» ընկերության «Epimtrin» անվամբ տղամարդկանց պոտենցիայի համար նախատեսված կենսաբանական ակտիվ հավելումը։

Գրանցումն իրականացրել է «Էֆ-Դի-Էյ» լաբորատորիան, որը հանդիսանում է «Տոնուս-Լես» լաբորատորիայի իրավահաջորդը։ Գրանցման ստացողը «Ֆարմատեք» ՓԲԸ-ն է։ Հայաստանում այս հավելումը չի վաճառվում։

Նույն բույսը պարունակող, պոտենցիայի համար նախատեսված կենսաբանական ակտիվ հավելում 2017թ. դեկտեմբերին գրանցել է նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայության տակ գտնվող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը («ՀԱԲԼԾԿ»)։

Պետական գրանցում է տրվել լիտվական «Aconitum» ընկերության «Potenzine superior» կենսաբանական ակտիվ հավելումներին, որոնք ևս, պարունակում են տրիբուլուս։ Գրանցման ստացողը՝ «Իմմունոֆարմ» ԲԲԸ-ն։

Ներկայում ԵԱՏՄ-ում պետական գրանցում և վաճառքի թույլտվություն ունեն տրիբուլուս պարունակող 7 անուն հավելում, որոնցից 6-ը կենսաբանական ակտիվ հավելումներ են, իսկ 1-ը՝ սպորտային սնունդ։

Բացի վերը նշված երկու դեպքերից, մնացած 5 հավելումների գրանցումն իրականացրել է Ղազախստանը։

Դրանց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մենք փորձեցինք «ՀԱԲԼԾԿ»-ից և «Էֆ-Դի-Էյ» լաբորատորիայից ճշտել՝ տեղյակ են արդյոք, որ գրանցել են արգելված բույս պարունակող կենսաբանական ակտիվ հավելումներ։

«Էֆ-Դի-Էյ» լաբորատորիայից մեզ սկզբում հայտնեցին, որ տեղյակ չեն, այդ փաստից և ժամանակ խնդրեցին՝ ուսումնասիրելու նշված կենսաբանական ակտիվ հավելման գրանցումը:

Օրերս ընկերության տնօրեն Աննա Հակոբյանը մեզ պատասխանեց, որ իրենց լաբորատորիայում դեռևս այս տարվա փետրվարից ստեղծվել է մոնիտորինգային խումբ, որն ուսումնասիրում է իրենց լաբորատորիայի իրականացրած գրանցումները՝ դրանցում եղած անհամապատասխանությունները հայտնաբերելու նպատակով՝ հավելելով, որ քանի որ նախկինում նորմատիվ փաստաթղթերի դաշտը հստակ չէր, այդ պատճառով «ոչ ճիշտ գրանցումներ կատարելու նախապայմաններ էին առաջացրել»:

Սակայն տնօրենը հաստատեց, որ «Հետք»-ի կողմից ներկայացված փաստերի և դրանց ուսումնասիրության հիման վրա՝ իրենք որոշում են կայացրել «Epimtrin» կենսաբանական ակտիվ հավելումը հետ կանչել շուկայից.

«Հիմք ընդունելով մոնիտորինգային խմբի եզրակացությունը պետական գրանցում ստացած «Epimtrin» կենսաակտիվ հավելման մեջ «Տատաշ» (tribulus, якорцы) բույսի առկայության կապակցությամբ, հայտնում ենք, որ այն իրոք ներառված է ՄՄ ՏԿ 021/2011-ի արգելված բույսերի ցանկում և ենթակա է հետկանչման»,- նշված է ընկերության՝ «Հետք»-ին ուղղված պաշտոնական պատասխանում:

Այսօր «ՀԱԲԼԾԿ» փոխտնօրեն Արմենուհի Ավագյանը մեզ հայտնեց, որ իրենք ևս, ուսումնասիրել են մեր ներկայացրած փաստերը և որոշել են հետ կանչել 2017թ. իրենց կողմից գրանցված «Potenzine superior» կենսաբանական ակտիվ հավելումը՝ ավելացնելով, որ նախկին ղեկավարության ժամանակաշրջանից կուտակված խնդիրների պատճառով այս հարցին դեռևս ուշադրություն չէին դարձրել.

«Այո՛, խնդիրը կար. թե՛ անուշադրության արդյուքն է, թե՛ չիմացության, ես դա չեմ կարող ասել, բայց, համենայն դեպս, փաստը մնում է փաստ, որ եղել է: Պետք է հասկանալ՝ արդյոք էլ ուրիշ ինչ խնդիր կա, որովհետև շատ հնարավոր է՝ էլի խնդիրներ լինեն: Մենք արդեն սկսել ենք գործընթաց. մինչև մեր այստեղ լինելը, այսինքն՝ մինչև 2018թ հունիսը բոլոր գրանցումները վերանայում ենք»,-հայտնեց Ա. Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter