HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դատախազը՝ Միհրան Պողոսյանի արտահանձման գործընթացի և Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու «ՔՈ»-ի հաղորդման մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի ուզում իր կարծիքը հայտնել «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ, որով կուսակցությունը խնդրում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել մանդատից։

«Քրեադատավարական օրենքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, օրենքը նախատեսում է դիմումի քննման ընթացակարգ, հաղորդումը ուղարկել ենք ՀՔԾ, 180 հոդվածով նախատեսված ընթացակարգեր են նախաձեռնված, ստուգողական գործողություններ են կատարվում, դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է իրավական գնահատական տալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ իր կարծիքը հրապարակելը կարող է կաշկանդել տասնօրյա ժամկետում նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին։ «Ես տեսել եմ հանցագործության մասին հաղորդում, որը պետք է քննվի ու տրվի իրավական գնահատական»,- ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձման գործընթացին, դատախազն ասաց, որ այն «բնական էքստրադիցիոն պրոցեսի մեջ է»։

«Այստեղ ուզում եմ մի բան պարզաբանել՝ արտահանձնման գործընթացի իրականացման ընթացում ենթակա անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավական կարգավորումների համաձայն՝ այս գործընթացը գաղտնի գործընթաց է, այսինքն այն պետությանը, որին դիմում են, ինքը պարտավոր է չհրապարակել, և մենք էլ ենք ունենում բազում գործեր, երբ որ արտասահմանյան որևէ պետության հետախուզվողին հայտնաբերում ենք այստեղ, և էքստրադիցիոն պրոցեսում ինքը դիմում է ապաստանի համար, և մենք պարտավոր ենք պահպանել սկսած միջազգային իրավական փաստաթղթերից սահմանված ընթացակարգերը, որը ենթադրում է դրա համար պատկան մարմինների քննարկում և որոշման կայացում, սա էլ իր հերթին ենթակա է վիճարկման դատական եռաստիճան կարգով և մինչև անձն այդ գործընթացները չավարտի, մենք չենք կարող արտահանձնել»,- ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով է ընդունելի, որ արդարադատության գեներալը քաղաքական ապաստանի համար դիմի այլ պետության, դատախազն արձագանքեց, որ այն որևէ մեկի համար ամոթ չէ։ «Յուրաքանչյուր էքստրադիցիայի ենթարկվող անձի իրավունքն է, և յուրաքանչյուր սուվերեն պետություն ինքն է որոշում հարցի լուծումը»,- ասաց նա։

Գործընթացի դանդաղ բնույթի մասին հարցին Արթուր Դավթյանն արձագանքեց. «Որ պահին որ լինում են բավարար հիմքեր անձին հետապնդում իրականացնելու, իրականացվում է դա, եթե դրա արդյունքում անձը վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ է, ուրեմն վարույթը շարունակվում է, եթե թաքնվել է կամ բացակայում է երկրից, դրա համար էլ կան իրավաական մեխանիզմներ։ Կոնկրետ ձեռք բերված գործերից ոչ մեկով իրավական համակարգի դանդաղում չի եղել. որ պահին եղել է անհրաժեշտ հիմքեր հետապնդում իրականացնելու, հենց այդ պահին դա իրականացվել է»:

Հարցին՝ չի՞ բացառում, որ հնարավոր է ՌԴ-ն ապաստան տա Միհրան Պողոսյանին և չեղարկվի արտահանձնումը, դատախազը պատասխանեց․ «Ոչ մի պարագայում այդպիսի բան չի բացառվում»։

Դավթյանի խոսքով՝ քրեական հետապնդումից ազատվելու փորձեր անում են գրեթե բոլոր հետախուզվողները, բայց իր գործունեության ընթացքում չի եղել դեպք, որ այդ ճանապարհով որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter