Դատախազը՝ Մարտի 1-ի դատավարության մասին. «Կտեսնեք երեք նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով»
Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի ժխտում այն, որ իշխանափոխությունը մեծ դեր է խաղացել Մարտի 1-ի գործի վերաբացման հարցում։ Ըստ նրա՝ իշխանափոխությունից հետո մարդիկ սկսել են համագործակցել իրավապահ մարմինների հետ և անկաշկանդ տեղեկություններ հաղորդել։
Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։
«Իշխանափոխությունը կապ ուներ ակնհայտորեն, բայց ամենակարևոր էֆեկետն այն է, որ մարդիկ համագործակցեցին: Դուք կտեսնեք անձանց, ովքեր հրապարակային ցուցմուքներ են տալիս։ Իշխանափոխությունը կապ ունեցավ, որ քաղաքացին անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, դատավարության մասնակիցն անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, մասնակցեց քննչական գործողությունների կատարմանը»,- ասաց Դավթյանը։
Գլխավոր դատախազի վստահեցմամբ՝ Մարտի 1-ի գործի դատավարության գրեթե ամբողջ ընթացքը հանրությունը կտեսնի և կտա իր գնահատականները։
«Բացառիկ աննախադեպ դատավարություն է լինելու: Դուք կտեսնեք Երրորդ հանրապետության ժամանակվա նվազագույնն ասեմ՝ երեք նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»,- ասաց Դավթյանը։
Գլխավոր դատախազի խոսքով՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ամենատարբեր շշուկներն ու մեկնաբանություններն արվել են, ու հիմա էլ արվում են։ «Բայց շատ կարևոր է, որ հրապարակային դատաքննությամբ մեր հանրությունը կտեսնի յուրաքանչյուրին, յուրաքանչյուրի հայտնած տեղեկությունները, և պայմանական ասված՝ ինքն էլ իր համար գնահատականներ կտա»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ամբողջ դատավարությունը դռնբաց է լինելու, Արթուր Դավթյանն ասաց, որ կլինեն փոքր հատվածներ, որոնք դռնփակ են։ «Բայց, որպես կանոն, հրապարակային կլսեք մարդկանց ցուցմունքները»,- ավելացրեց նա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել