HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է համաներում կիրառել մի շարք վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ

Կառավարությունն առաջարկում է համաներում կիրառել վարչական իրավախախտում կատարած մի շարք անձանց ու պետական տուրքի համար կիրառված տույժերի նկատմամբ։ Նախագիծը քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից։ Առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ և 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե վերջիններս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարեն պետական տուրքի մայր գումարը:

Նույն հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերի, ինչպես նաև այդ վարչական իրավախախտումների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման:

Նախագիծը ներկայացրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, որի խոսքով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների երթեւեկության նկատմամբ 2018թ. մարտի 15-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացվել է վերահսկողություն: Վերահսկողության ընթացքում կայացվել է 81 վարչական ակտ՝ ընդհանուր 47 միլիոն 400 հազար դրամի չափով:

Կայացված ակտերից պետբյուջե է մուտքագրվել 1 միլիոն 900 հազար դրամ գումար։

Արզումանյանի խոսքով՝ նախատեսվում է նաև առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարներից:

Իսկ այն մարդատար-տաքսի ավտոմոբիլային ուղեւորափոխադրում իրականացնողները, որոնք լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեն, կարող են ազատվել պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից՝ պետական տուրքի մայր գումարը մարելու դեպքում:

Նախագիծն ընդունվեց և ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter