HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ամբաստանյալը պնդում է, որ մահվան ելքով վթարի ժամանակ մեքենայի ղեկին ոչ թե ինքը, այլ ընկերն է եղել

Քաղաքացի Սուրեն Ջեյրանյանը դիմել է «Հետքին»` բարձրաձայնելով 2017 թվականին տեղի ունեցած վթարի գործի շրջանակներում իր նկատմամբ տեղի ունեցած ենթադրյալ ապօրինությունների մասին: Ջեյրանյանի պնդմամբ՝ թեև գործում առկա են իր անմեղությունն ապացուցող մի շարք փաստեր, երկու տարի է՝ չի կարողանում ապացուցել, որ վթարի ժամանակ ինքը մեքենայի ղեկին չի եղել:

Այսպես, 2017 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 21:45-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին ավտովթար է տեղի ունեցել, և սեփականության իրավունքով Սուրեն Ջեյրանյանի հորը՝ Սամվել Ջեյրանյանին պատկանող «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան բախվել է համընթաց ուղղությամբ շարժվող «Վազ 2121» մակնիշի մեքենայի ետնամասին: Վթարի հետևանքով «Վազ 2121» մակնիշի մեքենայի վարորդ Գեղամ Սարգսյանը մահացել է, նույն մեքենայում գտնվող 4 տարեկան երեխան ստացել ծանր մարմնական վնասվածքներ:

«Ֆոլքսվագեն» մեքենայի մեջ գտնվելիս են եղել Սուրեն Ջեյրանյանը և վերջինիս ընկեր Ռաֆայել Սարգսյանը, որը նաև Ջեյրանյանների բիզնեսի փոխտնօրենի պարտականությունն է իրականացնելիս եղել:

Այժմ գործի շրջանակներում Ռաֆայել Սարգսյանը տուժողի, իսկ Սուրեն Ջեյրանյանը ՝ ամբաստանյալի կարգավիճակ ունի:

Վերջինիս պաշտպան Արման Թամրազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքից հետո Սուրեն Ջեյրանյանը հայտարարել է, թե  մեքենան ինքն է վարել, սակայն այդ ժամանակ չի իմացել, որ վթարի հետևանքով մարդ է մահացել:

Ըստ պաշտպանի՝ նման հայտարարություն անելիս Սուրեն Ջեյրանյանը հաշվի է առել հանգամանքը, որ Ռաֆայել Սարգսյանն իր մանկության ընկերն է, դեպքի օրը Գյումրի էին գնացել և վերադառնում էին իրենց ընտանիքի բիզնեսի հարցերով, մեքենան, փաստացի, իրենց ընտանիքին է պատկանել, և ինքը՝ Ջեյրանյանն է այն հանձնել Ռաֆայել Սարգսյանին, որ վարի:

Օգոստոսի 5-ին Սուրեն Ջեյրանյանը ներկայացել է Եղվարդի քննչական բաժին և ձերբակալվել, օգոստոսի 8-ին նրան մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևելության  կանոնները խախտելու և անզգուշությամբ մահ պատճառելու. ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու հոդվածներով: Արման Թամրազյանի խոսքով՝ Սուրեն Ջեյրանյանը 4 ամիս չի հայտնել, որ մեքենան ինքը չի վարել, այլ Ռաֆայել Սարգսյանը՝ թեև շատերի, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների մոտ այդպիսի կասկածներ եղել են, իսկ այն բանից հետո, երբ հայտնել է, քննիչը որոշել է նրա հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների վրա արգելանք դնել:

Ինչի՞ց են առաջացել հարազատների կասկածները

Ըստ Արման Թամրազյանի՝ կասկածներն այն մասին, որ վթարի ժամանակ Սուրեն Ջեյրանյանը մեքենայի ղեկին չի եղել, առաջացել են վերջինիս և Ռաֆայել Սարգսյանի մարմնական վնասվածքների բնույթից, տեղակայման վայրից ու մի շարք այլ հանգամանքներից ելնելով:

 Մասնավորապես՝ վթարից հետո Սուրեն Ջեյրանյանի վնասվածքները եղել են գլխի աջ ճակատային մասում, ինչպես նաև` աջ ձեռքի արմնկային մասում եղել են պատռված վերքեր և քերծվածքներ, Ջեյրանյանը նաև փակ գանգուղեղային տրավմա է ստացել, իսկ Ռաֆայել Սարգսյանի մոտ դատաբժիշկը ֆիքսել է աջ արմնկային հատվածում քերծվածքի սպի, ինչպես նաև եղել է վերք, որի վրա անգամ հանգուցակար չի դրվել:

Ջեյրանյանի մեքենան առջևի աջ մասով բախվել է «Վազ 2121» մեքենայի հետևի ձախ մասին, վարորդի և ուղևորի ամրագոտիներն ամրացված չեն եղել, անվտանգության բարձիկները վթարի հետևանքով գործարկվել են:

Ըստ Թամրազյանի՝ գործարկվել են առջևի մասում գտնվող և ղեկի վրայի անվտանգության բարձիկներն ու ուղևորի առջևի մասում գտնվող բարձիկները: Քանի որ մեքենան կողասահքի մեջ է ընկել և ձախ կողմով հարվածել բետոնե սյանը, գործարկվել են նաև վարորդի ձախ կողմում գտնվող անվտանգության բարձիկները:

Արման Թամազյանի խոսքով՝ Սուրեն Ջեյրանյանը գլխով հարվածել է մեքենայի դիմապակուն, իսկ վարորդի նստատեղում գտնվելով ՝ նա չէր կարող հարվածել դրան, քանի որ մեքենայի ղեկը նրան կզրկեր այդ հնարավորությունից:

Պաշտպանը համոզված է, որ եթե նույնիսկ ընդունենք, որ հարվածը եղել է այնքան ուժեղ, որ Ջեյրանյանը, վարորդի նստատեղում գտնվելով, հարվածել է մեքենայի դիմապակուն, ապա այդ դեպքում Ջեյրանյանը ղեկին բախվելով՝ լուրջ վնասվածքներ պիտի ունենար կրծքավանդակի, ինչպես նաև ոտքերի շրջանում:

Փաստաբան. «Մեքենայից հետքերը վերցվել են քրեադատավարական կոպիտ խախտումներով»

Ըստ դեպքի վայրի զննության արձանագրության՝ քննիչը դեպքի վայրից մի շարք արյան հետքեր և միկրոմասնիկներ է վերցրել: Պաշտպանը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի պահանջին, նշեց, որ դեպքի վայրից  վերցված հետքերը պետք է հստակ նկարագրվեն, պետք է հստակ նկարագրվի նաև, թե որ հատվածից է դրանցից յուրաքանչյուրը  վերցվել, ինչ բնույթ ունի, ինչ եղանակով, ում կողմից է վերցվել, դրանք պետք է փաթեթավորվեն, փաթեթը պետք է կնքվի և ընթերակաների ստորագրությամբ ամրագրվի, որպեսզի որևէ մեկը հետագայում չկարողանա վիճարկել փաթեթի մեջ գտնվող հետքի արժանահավատությունը:

Մինչդեռ դեպքի վայրի զննության մասին արձանագրության մեջ քննիչն ընդամենն արձանագրել է, որ մեքենայի սրահից վերցվել են արյան և միկրոմասնիկների հետքեր, դրանք փաթեթավորվել են 1-ից 11 փաթեթներում ու կնքվել: Նման պայմաններում, ըստ Արման Թամրազյանի, որևէ մեկը չի կարող պնդել, որ քննիչի վերցրած կոնկրետ հետքը գտնվել է մեքենայի մեջ՝ կոնկրետ տեղում:

Սուրեն Ջեյրանյանը միջնորդել է կարևոր փորձաքննություններ անցկացնել՝ պարզելու, թե ով է եղել մեքենայի ղեկին:

Արման Թամրազյանի խոսքով՝ Սուրեն Ջեյրանյանը նախաքննության ընթացքում  միջնորդել է դատագենետիկական փորձաքննություն նշանակել՝ պարզելու համար, թե մեքենայի սրահում եղած որ մասի արյունն ում կողմից է թողնված, ինչպես նաև դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել՝ պարզելու համար, թե ըստ վնասվածքների առկայության, առաջացման բնույթի մեքենայի որ հատվածում ով է գտնվելիս եղել:

Քննիչ դատագենետիկական փորձաքննություն նշանալելուց առաջ բացել է փաթեթները, որում, ըստ արձանագրության մեքենայից վերցված արյան հետքերն են:

Արման Թամրազյանի խոսքով՝ թեև  դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշված է, որ փաթեթները  համարակալվել են 1-ից 11 փաթեթներով, ինչից կարելի է ենթադրել, որ խոսքը 11 առանձին փաթեթների մասին  է՝ պարզվել է, որ բոլոր ենթադրյալ հետքերը տեղադրված են երկու ծրարի մեջ. մեկում՝ 7, մյուսում ՝ 4 հետքեր են:

Արման Թամրազյանի խոսքով՝ ծրարների կնիքների վրա ընթերակաների ստորագրությունները բացակայում են:

«Այսինքն`քննիչը ցանկացած պահի հետքերը ծրարի մեջ դնելու և կնքելու հնարավորություն է ունեցել, որը քրեադատավարական կոպիտ խախտում է»,- ասաց Արման Թամրազյանը:

Պաշտպանը նշեց նաև, որ թեև քննիչը փաթեթը բացելիս արձանագրել է, որ դեպքի վայրից վերցված հետքերը մառլյայի խծուծներ են, դատագենետիկական փորձագետը նշել է, որ 7 փաթեթներից 3-ն անվտանգության բարձիկի կտորներ են, մյուս 4-ը մառլյայի խծուծներ:

Նշենք, որ արդեն ծրարների մեջ գտնվող փաթեթների վրա առկա են տեղեկություններ՝ «մեքենայի ղեկից վերցված արյան հետք», «վարորդի կողքի նստատեղից վերցված արյան հետք», «վարորդի կողքի անվտանգության բարձիկից վերցված արյան հետք» և այլ բովանդակությամբ, սակայն, ըստ Արման Թամրազյանի, փաթեթի վրայի գրառումը չի կարող դեպքի վայրի զննության անձնագրության բացը լրացնել:

Պաշտպանի խոսքով՝ դեպքի վայրի զննության արձանագրությունը, որից բխում են մյուս կարևոր ապացույցները, անթույլատրելի ապացույց է, ուստի մյուս բոլոր ապացույցները ևս անթույլատրելի են:

Ենթադրյալ խախտումներն ու դրանց հետևանքները գործի վրա

Պաշտպանի խոսքով՝  նկարագրված, ինչպես նաև այլ խախտումների արդյունքում փաթեթների վրա առկա գրառումներով հնարավոր չէ հստակ ասել, թե որ հետքը որտեղից է վերցվել, իրականում անվտանգության բարձիկի կտորն է վերցվել,  թե՞ արյան հետքը՝ մառլյայի  խծուծով:

Ինչպես արդեն նշեցինք, Սուրեն Ջեյրանյանի պաշտպանական կողմը վիճարկում է հանգամանքը, որ ինքը եղել է մեքենայի ղեկին:

Ըստ գործի նյութերի՝ մեքենայի մեջ արյան բազմաթիվ հետքեր կան, և ամենաշատ հետքերը առջևի աջ նստարանի և առջևի աջ դռան միջնամասում են եղել, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ  առավել շատ արնահոսող անձը հենց այդ կողմում է նստած եղել:

Պաշտպանի խոսքով՝ դեպքի վայրում եղած վկաները բնութագրել են, որ տղաներից մեկը արյունոտված էր, իսկ մյուսը՝ ոչ:  Նկատի ունենալով, որ Սուրեն Ջեյրանյանը շատ վնասվածքներ է ունեցել, Արման Թամրազյանը փաստում է, որ շատ արյունոտվածը եղել է Սուրեն Ջեյրանյանը:

Մեքենայից վերցված հետքերից մեկն, ըստ փաթեթի վրա առկա գրության, վերցվել է վարորդի կողքի նստարանի կողային հատվածից, բայց նշված չէ, թե որ կողային հատվածի մասին է խոսքը, մինչդեռ սա էական հանգամանք է:

Արման Թամրազյանի խոսքով՝ եթե Ռաֆայել Սարգսյանը լիներ մեքենայի ղեկին, ապա, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ նրա աջ ձեռքն է վնասված եղել, նրա արյան հետքը կմնար վարորդի կողքի նստատեղի ձախ կողային մասում:

Նշենք, որ ըստ դատագենետիկական փորձագետի՝ մեքենայի աջ կողմում եղած հետքերը Ռաֆայել Սարգսյանինն են, ձախ կողմինը՝ Սուրեն Ջեյրանյանինը, նշված է նաև, որ վարորդի կողքի նստարանի կողային հատվածի հետքը Ռաֆայել Սարգսյանինն է:

Թամրազյանի խոսքով՝  վարորդի կողքի նստարանի արյան հետքերը տեղակայված են թիկնային հատվածում:  Պաշտպանը հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարող էին աջ արմնկային շրջանում վնասվածքներ ստանալու դեպքում Ռաֆայել Սարգսյանի  թիկնային հատվածում արյան հետքեր առաջանալ:

Այս հարցերի պատասխաններն, ըստ պաշտպանի, իր ցուցմունքով տալիս է Սուրեն Ջեյրանյանը:

Վերջինիս խոսքով՝ վթարից հետո ինքը գտնվել է մեքենայի  աջ կողմում, այսինքն՝ վարորդի կողքի նստատեղին, մոտեցել է կողքի դռանը, բացել, Ռաֆայել Սարգսյանին մեքենայից իջեցրել, քանի որ վերջինս վթարից հետո նստել ու ոչինչ խոսելիս չի եղել:

Նշենք, որ Ռաֆայել Սարգսյանն իր ցուցմունքներում ասում է, թե դեպքից հետո անգիտակից վիճակում է եղել, ոչինչ չի հիշում:

Ըստ Արման Թամրազյանի՝ Սուրեն Ջեյրանյանը վարորդի դռնից մտել է մեքենայի մեջ, միջնամասում և մեքենայի առջևի հատվածում ընկած իրերը հավաքել, հետևի նստարանից վերցրել է իրենց անձնական իրերը և դուրս եկել մեքենայից, ու այս ընթացքում և՛ ձեռքի, և՛ գլխի շրջանում ունեցել է արնահոսող վերք:

Արման Թամրազյանը վստահ է, որ մեքենայի ձախ կողմում՝ վարորդի նստատեղի արյան հետքերն առաջացել են, երբ Սուրեն Ջեյրանյանը մտել է մեքենայի մեջ՝ իրերը վերցնելու և Ռաֆայել Սարգսյանին այնտեղից դուրս բերելու համար:

Պաշտպանը բարձրաձայնեց այն մասին, որ դատահետքաբանական դատաբժշկական համալիր փորձաքննություն իրականացնող փորձագետը գործում կեղծ տվյալներ է մտցրել՝ ապացուցելու համար, որ Սուրեն Ջեյրանյանը, գտնվելով վարորդի նստատեղում, շարժվել է ձախից աջ  ու գլուխը հարվածել մեքենայի առջևի դիմապակուն:

«Եթե նման բան լիներ, ապա, ըստ Արման Թամրազյանի, Սուրեն Ջեյրանյանի արյան հետքերը կլինեին մեքենայի աջ կողմում: Բացի դա, մեքենան, ըստ գործի նյութերի, երկրորդ բախումն է ունեցել՝  ձախ կողմով բախվել է, մետաղե սյանը, որի հետևանքով մեքենայում եղած անձինք պիտի տեղաշարժվեին դեպի ձախ:

«Սա նշանակում է, որ Ռաֆայել Սարգսյանը պիտի իր նստատեղից գար ձախ, եթե նա իսկապես գտնվելիս լիներ վարորդի կողքին»,- ասաց Արման Թամրազյանը և նշեց, որ Ռաֆայել Սարգսյանի արյան հետքերը ձախ կողմում չկան:

Ըստ պաշտպանի՝ փորձագետը մեքենայի դիմապակու վրա վնասվածք չի նկարագրել, բայց ըստ գործի նյութերի՝ Սուրեն Ջեյրանյանը գլխով հարվածել է դիմապակուն:

«Եթե փորձագետը նկարագրեր հետքը, ապա դա լինելու էր ուղևորի դիմացը և հաստատվեր, որ Ջեյրանյանը այդտեղ է նստած եղել»,- ասաց պաշտպանը:

Թամրազյանը նշեց, որ փորձագետն, ի վերջո, կատեգորիկ եզրակացության չի եկել, որ Սուրեն Ջեյրանյանն է վարել մեքենան, այլ նշել է՝ «ամենայն հավանականությամբ» նա է վարել:

Հետաքրքիր է, որ ընդամենը 7 օր է տևել այս փորձաքննությունն այն դեպքում, երբ նմանատիպ փորձաքննությունները սովորաբար ամիսներ են տևում: Ըստ Արման Թամրազյանի՝ այս փորձաքննությունը ձևական բնույթ է կրել:

2018 թվականի հունվարի 5-ին լրանալիս է եղել Սուրեն Ջեյրանյանին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը,  և անհրաժեշտ է եղել հնարավորինս արագ ստանալ դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննության պատասխանը:

Դեկտեմբերի 14-ին փորձաքննությունը սկսվել է, և դեկտեմբերի 21-ին արդեն տրվել եզրակացությունը: Հատկանշական է, որ գենետիկական փորձագետի եզրակացությունը ևս դատահետքաբանական-դատաբժշկական փորձագետին տալու անհրաժեշտություն է առաջացել, այն նրան տրվել է դեկտեմբերի 21-ին, այսինքն՝ փորձագետը նույն օրը նոր ապացույցներ է ստացել ու կազմել եզրակացությունը:

Պարզելու համար, թե ով է եղել մեքենայի ղեկին, անհրաժեշտ են վարորդի և ուղևորի կոշիկներն ու հագուստը

Արման Թամրազյանի խոսքով՝ բախման ժամանակ գազի և արգելակման ոտնակներից պետք է հետքեր մնային վարորդի կոշիկների վրա, բախման հետևանքով ղեկի հետ շփվելու արդյունքում անդրավարտիքի հետքեր պիտի մնային նաև ղեկի վրա, անվտանգության բարձիկի վրա պիտի մնային վերնահագուստի միկրոմասնիկներ:

Երբ քննիչը հարցաքննել է Սուրեն Ջեյրանյանին ու Ռաֆայել Սարգսյանին, հարցրել է, թե ի՞նչ հագուստ են նրանք կրելիս եղել դեպքի ժամանակ, որտեղ են գտնվում դրանք, և ինչպես Սուրեն Ջեյրանյանն, այնպես էլ Ռաֆայել Սարգսյանն ասել են, որ իրենց հագուստներն իրենց տանն են, իսկ  քննիչը դրանք հայտնաբերելու, գործին կցելու ուղղությամբ ոչինչ չի արել: Միայն այն ժամանակ, երբ փորձաքննություն նշանակելու որոշում է կայացրել, հասկացել է, որ հագուստն ու կոշիկները փորձագետին կարող են անհրաժեշտ լինել ու նրան գրություն է ուղարկել, թե հագուստն ու կոշիկները հայտնաբերել հնարավոր չի եղել:

Դեպքի վայրը լքելու մեղադրանքը

Սուրեն Ջեյրանյանը նշել է, որ դեպքի վայրում գտնվող անձանցից մեկն ու ինքը գնացել ու փորձել են «Վազ 2121» մակնիշի մեքենայի վարորդին դուրս բերել:

Ըստ Արման Թամրազյանի՝ ապացույցներով հաստատված է նաև, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկը առաջարկել է Ջեյրանյանին ևս հիվանդանոց տեղափոխել, սակայն վերջինս ասել է, որ ավելի լավ է՝ մյուսներին տանեն:

Պաշտպանը հարց է բարձրացնում, որ եթե հաստատված է, որ Ջեյրանյանը բուժօգնություն ստանալու կարիք է ունեցել, ձեռքի վրա կարեր են դրվել, հաստատվել է, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել, շտապօգնության բժիշկը առաջարկել է գնալ հիվանդանոց,  ապա ինչո՞ւ են նրան մեղադրում դեպքի վայրը լքելու մեջ: Պաշտպանը հարց է բարձրացնում. եթե Սուրեն Ջեյրանյանը շտապօգնության բժշկի հետ գնար հիվանդանոց ՝ բուժօգնություն ստանալու, ապա նրան պիտի մեղադրեի՞ն դեպքի վայրը թողնելու մեջ:

Ըստ պաշտպանի՝ քննիչն ու դատախազը շահագրգռվածություն են ունեցել

Ըստ Արման Թամրազյանի՝ նախինում ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով անձին մեղադրանք չէր առաջադրվում, մինչև ավտոտեխնիկական փորձագետը չէր որոշել, որ անձը թույլ է տվել երթևեկության կանոնների խախտում:

«Վերջին երկու տարվա ընթացքում Գլխավոր դատախազության հորինած նորարարական իրավաբանության արդյունքում մարդկանց մեղադրանք են առաջադրում առանց այդ եզրակացության ու կալանավորում: Նույնը տեղի է ունեցել Սուրեն Ջեյրանյանի դեպքում, վթարից հետո նա կալանավորվել է, ու եթե հետագայում պարզվեր, որ անմեղ է, ապա դրա պատասխանատվությունը կրելու էին քննիչն ու դատախազը»,- ասաց Թամրազյանը՝ եզրակացնելով, որ այս անձինք շահագրգռված են եղել գործի ելքով:

Արման Թամրազյանի խոսքով՝ նախաքննության ավարտին քննիչը մեղադրյալի պաշտպանական իրավունքի կոպիտ խախտումներ է թույլ տվել:

2017 թվականի դեկտեմբերի 28-ին Սուրեն Ջեյրանյանի մեղադրանքը փոփոխելու համար քննիչը գնացել է քրեակատարողական հիմնարկ, և Սուրեն Ջեյրանյանը հրաժարվել է իր նախկին պաշտպանից, խնդրել իրեն հինգ աշխատանքային օր ժամանակ տրամադրել՝  նոր պաշտպան գտնելու համար, բայց քննիչը 5 օրացույցային օր է տրամադրել՝ իմանալով հանդերձ, որ առջևում  ոչ աշխատանքային օրեր են:

Հունվարի 5-ին լրանալիս է եղել Ջեյրանյանին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը, որից հետո կամ նա պիտի ազատ արձակվեր, կամ գործի նախաքննության ավարտ հայտարարվեր ու այն ուղարկվեր դատարան: Արման Թամրազյանի խոսքով՝ քննիչը Ջեյրանյանին առաջարկել է ծանոթանալ իր մեղադրանքի որոշմանը, վերջինս հրաժարվել է՝ նշելով, որ պաշտպան չունի: Ապա քննիչը որոշել է գործում հանրային պաշտպան ներգրավվել, և Ջեյրանյանը նրանից ևս հրաժարվել է՝ նշելով, թե ինքը վճարունակ է, իրեն պարզապես աշխատանքային 5 օր էր անհրաժեշտ տրամադրել՝ պաշտպան գտնելու համար: Քննիչն, այնուամենայնիվ, գործի նախաքննության ավարտ է հայտարարել, նյութերը տրամադրել ՔԿՀ-ին, որպեսզի տրամադրեն Ջեյրանյանին, ապա պաշտպանական իրավունքների խախտմամբ գործն ուղարկվել է դատարան: Արդյունքում Ջեյրանյանը զրկվել է միջնորդություններ, առարկություններ անելու և այլ հնարավորություններից:

Վթարի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում հարուցված է երկու այլ քրեական գործ

Այս գործի քննության ընթացում երկու այլ քրեական գործեր են հարուցվել: Մեկի հիմքում վթարի գործով Եղվարդի քննիչի ենթադրյալ անօրինական գործողություններ են: Մասնավորապես՝ դատարանում հարցաքննված երկու ընթերակաները հայտնել են, որ իրենց ներկայությամբ դեպքի վայրի քննություն իրականացնելիս «Ֆոլկսվագեն» մեքենայից հետքեր չեն վերցվել, այսինքն՝ որևէ ընթերակա այդ գործողությանը ներկա չի եղել:

«Որևէ կերպ բացառված չէ, որ քննիչը հետքը վերցրել է, բայց չի արձանագրել, ապա աչքաչափով գրառում է կատարել, թե այս հետքը այս կամ այն հատվածից է վերցվել»,- ասաց Արման Թամրազյանը:

Վերջինս նշեց նաև, որ ընթերականերից մեկի ցուցմունքի համաձայն՝ ինքը դեպքի վայր ավելի ուշ է հասել, քան տեղանքի զննության արձանագրության մեջ նշված ժամն է:

Մյուս քրեական գործը վերաբերում է իրեղեն ապացույցը չպահպանելուն: Սամվել Ջեյրանյանին պատկանող «Ֆոլկսվագեն» մեքենան պահվելիս է եղել Եղվարդի ոստիկանության տուգանային հրապարակում, որը հատուկ պահպանվող տարածք է:

Ինչպես արդեն նշեցինք փորձագետը որևէ կերպ չի նկարագրել մեքենայի դիմապակու վրայի գլխով հարվածի հետքը, և գործի դատաքննության ընթացքում կողմերը գնացել են մեքենան զննելու, որտեղ պարզվել է, որ մեքենայի դիմապակին կոտրված է քարերով, և դրանք լցված են մեքենայի մեջ:

«Այսինքն՝ իրեղեն ապացույցը ոչնչացվել է, ու մենք զրկվել ենք մեր անմեղությունն ապացուցելու հնարավորությունից»,- ասաց Արման Թամրազյանը՝ համոզմունք հայտնելով որ իր կողմից մատնանշված խախտումները միտումնավոր են արված:

Չփարատված կասկածները մեկնաբանվել են ի վնաս Սուրեն Ջեյրանյանի

Արման Թամրազյանի խոսքով՝ Սուրեն Ջեյրանյանը միջադեպից րոպեներ առաջ «Վայբերի» տեսազանգով խոսելիս է եղել մի աղջկա հետ, և վերջինս իր ցուցմունքներով հաստատել է, որ Ջեյրանյանը գտնվելիս է եղել վարորդի կողքի նստատեղին: Ռաֆայել Սարգսյանն ի սկզբանե ընդունել է, որ Սուրեն Ջեյրանյանը տեսազանգով զրուցել է այդ աղջկա հետ, նշել, որ այդ ժամանակահատվածում, երբ ինքը վարել է մեքենան, իրենք Գյումրիում են եղել, իսկ երբ հերքվել է հանգամանքը, որ Սուրեն Ջեյրանյանի՝ «Վայբերի» տեսազանգով խոսելու ժամանակ իրենք Գյումրիում են եղել, Սարգսյանը սկսել է պնդել, որ ինքն այդ օրն  առհասարակ չի վարել մեքենան:

Ռաֆայել Սարգսյանն այժմ ասում է, որ Սուրեն Ջեյրանյանն իրեն անհիմն մեղադրում է հանցանքի կատարման մեջ: Ըստ Արման Թամրազյանի՝ թեև Սուրեն Ջեյրանյանը իր հայտնած հանգամանքներն ապացուցող փաստեր է ներկայացրել՝ չփարատված կասկածներն ի վնաս Ջեյրանյանի են մեկնաբանվել ու նրան մեղադրանք է առաջադրվել նաև սուտ մատնության հոդվածով:

Նշենք, որ այժմ Սուրեն Ջեյրանյանի գործը Աշտարակի դատարանում հասել է ավարտական փուլի: Պաշտպան Արման Թամրազյանի խոսքով՝ Ռաֆայել Սարգսյանը նիստերին չի գալիս:

«Երևի չի կարող գալ, նայել Ջեյրանյանի աչքերին ու ասել՝ ես չեմ եղել ղեկին, դու ես եղել»,- կարծում է Արման Թամրազյանը:

Հ.Գ. Մենք  կապ ենք հաստատել նաև Ռաֆայել Սարգսյանի փաստաբանի հետ և  առաջիկայում կներկայացնենք  նաև վերջինիս տեսակետը:

Լուսանկարում՝ Արման Թամրազյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter