HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կայացել է հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը

Մայիսի 2-ին Երևանում մեկնարկեց հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Ըստ նախարարության հաղորդագրության՝ նիստին բացման խոսքով հանդես եկավ  ԱԳՆ գլխավոր քարտուղար, միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանը։ Ողջունելով հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և հանձնաժողովի մյուս անդամներին՝ գլխավոր քարտուղարը նշեց, որ միջկառավարական հանձնաժողովները գործնական հարթակ ու հիանալի առիթ են՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանի առանձնահատուկ նշանակության մասին՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծեց ԱՄԷ-ի հետ Հայաստանի անկախացումից հետո ավանդական ջերմ հարաբերությունների առկայությունը և արդյունավետ ու բազմաբովանդակ համագործակցության ծավալումը, ինչի մասին են վկայում երկու երկրների միջև ստորագրված երկու տասնյակից ավելի փաստաթղթերը, բազում բարձրաստիճան փոխայցելությունները, խորհրդակցությունները, գործարար հանդիպումները, փորձագիտական այցերը, այսօր առկա շաբաթական տասնյակից ավելի ավիաչվերթների իրականացումը։

Կարևորելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում կայանալիք քննարկումները` ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մատնանշեց գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, կրթության, գիտության, մեդիայի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության առկա ներուժը և ընդգծեց, որ Հայաստանը կաջակցի էմիրաթական կապիտալի ակտիվ մասնակցությանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Կարևորելով Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը՝ Վահագն Մելիքյանը նշեց, որ ՀՀ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է որպես կարևորագույն կամուրջ՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև՝ միևնույն ժամանակ առաջարկելով դիտարկել Հայաստանը որպես բարենպաստ հարթակ Էմիրությունների համար՝ դեպի ԱՊՀ և հատկապես ԵԱՏՄ երկրների շուկա մուտք գործելու համար:

Ողջունելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախագահ Վահագն Մելիքյանին և հայկական պատվիրակության անդամներին՝ պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Ընդգծելով անցած 21 տարիների երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ ընթացքը՝ պետնախարարը մատնանշեց կարևորագույն տնտեսական պայմանագրերի կնքումը զբոսաշրջության, ներդրումների և առևտրափոխանակության բնագավառներում։ Այս համատեքստում հատուկ կարևորվեց ՀՀ նախագահի 2019թ․ հունվարին Աբու Դաբի կատարած այցելությունը և ԱՄԷ արտաքին գործերի նախարարի 2017թ․ հուլիսի այցը Հայաստան:

Վերահաստատելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը՝ պետնախարարը հատուկ ընդգծեց, որ ԱՄԷ-ն հայկական ապրանքների արտահանվող ամենամեծ 8-րդ շուկան է և ամբողջ աշխարհով հայկական ներմուծումների 11-րդ աղբյուրը։

Նիստի բացման ավարտին կողմերը միմյանց մաղթեցին բեղմնավոր և արդյունավետ քննարկումներ և վստահություն հայտնեցին, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքների արդյունքում ձեռքբերվելիք պայմանավորվածությունները, ստորագրվելիք համաձայնագրերն իրենց լուրջ ներդրումը կունենան հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter