HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նախկին փոխմարզպետ. «Փողոցաշինական աշխատանքների դանդաղեցման հարցում մեղքի մեծ բաժին ունեն կապի, ջրի, լույսի օպերատորները»

Մեկ տարի առաջ Գյումրիում սկսված փողոցաշինության աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը 2018թ․ ապրիլից ղեկավարում էր Գյումրու քաղաքապետի խորհրդական Արարատ Բալաբեկյանը: Շիրակի մարզպետարանում կատարված կադրային փոփոխություններից հետո խմբի ղեկավարման առաջարկ արվեց նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանին:

«Գյումրու քաղաքապետի առաջարկով, Տարածքային եւ զարգացման նախարարության համաձայնությամբ, առավել ընդգրկուն աշխատանքային խումբ ձեւավորելու նպատակով է դա եղել: Տարածքային նախարարությունից եղել է առաջարկ ինձ նշանակել խմբի ղեկավար: Ես ղեկավարումը ստանձնել եմ օգոստոսի 13-ից ու աշխատել մինչեւ դեկտեմբեր ամիսը»,- պարզաբանում է Արա Մելիքջանյանը:

Դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, նախկին փոխմարզպետի լիազորությունները դադարեցնելուն զուգահեռ, Արա Մելիքջանյանը հրաժարվել է նաեւ վերահսկող աշխատանքային խմբի ղեկավարումից:

«Անցած տարվա դեկտեմբերից ես դե ֆակտո այդ խմբի ղեկավարը չեմ, բայց որ բացում ես Գյումրու քաղաքապետարանի կայքն, այնտեղ տեղադրված որոշումով ես դե յուրե շարունակում եմ ղեկավարել արդեն իսկ գոյություն չունեցող խումբը: Որքան գիտեմ, մինչեւ օրս աշխատանքային նոր խումբ չի ձեւավորվել եւ նոր ղեկավար չի նշանակվել,- նկատում է Արա Մելիքջանյանը,- դե ձմեռվա ամիսները հաշվի առնելով՝ խմբի անգործությունը պիտի բնական դիտվեր, քանի որ աշխատանքներ էլ չէին ընթանում, սակայն ապրիլից պետք էր առաջացած բացը լրացնել»:

Խոսելով 2018թ․ օգոստոսից-դեկտեմբեր կատարած վերահսկողական աշխատանքների մասին, Արա Մելիքջանյանը նկատում է, որ փողոցաշինական աշխատանքների դանդաղ ընթացքի ու առաջացած թերությունների համար մեղավորներ փնտրելիս շատ հաճախ թիրախավորվում են ոչ այն կառույցները, որոնք իսկապես ունեն մեղքի բաժին:

«Հստակ կարող եմ ասել, որ այդ ամենում մեղավորության չափաբաժնով ամենավերջին տեղում քաղաքապետարանն է, թեպետ, չգիտես ինչու, հենց այս կառույցին են առաջին պլան բերում, երբ խոսքը գնում է թերացումների մասին: Քաղաքապետարանն անգամ գումարների հետ գործ չունի՝ ամբողջն իրականացվում է ՎԶԵԲ-շինարարական կազմակերպություն,ՎԶԵԲ-օպերատորներ համատեքստում:

Շինարարական աշխատանքների ընթացքը վերահսկում է մրցույթն անցած «Ճաննախագիծ» ինստիտուտը, որն այս ծրագրի դեպքում հա՛մ նախագծողն է, հա՛մ տեխնիկական հսկողություն իրականացնողն, ինչպես նաեւ հեղինակային հսկողություն իրականացնողը: Եվ հիմնական պահանջներն էլ պետք է ներկայացնել հենց այս կազմակերպությանը»,- նկատում է նախկին փոխմարզպետը:

Ըստ Արա Մելիքջանյանի՝ քաղաքի գլխավոր փողոցները ծայրից ծայր քանդելը, շինարարական աշխատանքների դանդաղումն ունի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ՝ պայմանավորված մի շարք չնախատեսված հանգամանքներով:

Զրուցակցիս պնդմամբ, մրցույթը շահած շինարարական կազմակերպությունները վստահ են եղել, որ մինչեւ անցած տարվա վերջ ստանձնած պարտավորությունները կատարելու են եւ փողոցները հանձնվելու են շահագործման: Բոլոր տեսակի խնդիրները ծագել են նախագծային անհամապատասխանության հետեւանքով:

«Կոմունիկացիաների պատասխանատուների ներկայացրած գծագրերը, քարտեզները, որով պետք է առաջնորդվեին շինարարները՝ շատ հաճախ չէին համապատասխանում իրականությանը: Ասենք տված է, որ տվյալ փողոցի վրա պիտի 70 սմ փորեն, 20 սմ փորելուց հետո մալուխ կկտրեր, բայց ըստ գծագրի՝ էդտեղից մալուխ չպիտի անցներ: Բնականաբար, շինարարը դադարեցնում է աշխատանքը, հետո օրերով սպասում, որ վթարը վերացվի, էդ ընթացքում վերանայվում են նախագծերը՝ եղավ, որ ժամանակն անտեղի կորավ: Անընդհատ խնդիրներ է լինում «Վեոլիա ջրի» հետ: Գերցեն փողոցում, ոչ շինարարի մեղքով, վթար եղավ, սխալ նախագիծ էին տվել, 3 օր բնակիչները ջուր չունեին, չէինք կարողանում ջրմուղի աշխատողներին բերեինք, որ վթարը վերացնի, շինարարն էլ գործը շարունակի եւ նմանատիպ այլ դեպքեր նաեւ մյուս օպերատորների հետ»,- նկատում է զրուցակիցս:

Արա Մելիքջանյանը չի ժխտում նաեւ շինարարի կողմից իրականացրած անորակ աշխատանքի փաստը: Տիգրած Մեծ փողոցի հիմնանորոգումը ստանձնած «Սիսիանի ԲՈՒՍՏ» ՍՊԸ-ի անցած տարի շարած եզրաքարերը խոտանվել են, եւ շինարարին հանձնարարվել է փոխարինել նորերով: «Բողոքը ստացել էին թաղամասի բնակիչներից: Կազմակերպությունը բազալտը բերել էր Սիսանից, որը չէր համապատասխանում ընդունված որակի ստանդարտին, ոնց որ տուֆ լիներ՝ շատ էր ծակոտկենությունը, դրանք շատ ջուր են կլանում, հետո ցրտի ժամանակ պարզապես տրաքում են՝ ջրթողություն չունեն գրեթե: Հիմա իրենք մոտ 1 կմ նման որակի եզրաքար էին շարել ու դա պիտի փոխեին»:

Նույն կազմակերպությունն աշխատանքներ է իրականացնում նաեւ Գարեգին Նժդեհ փողոցում: Այստեղ շարած բարձր եզրաքարերի պատճառով հետիոտների ընկնելու եւ վնասվելու մի քանի դեպք է արդեն արձանագրվել: Որոշ շենքերի մուտքերի դիմացի մայթի հատվածը նման բարձրության եզրաքարերի պարագայում հիմնանորոգելու դեպքում խնդիրներ են առաջանալու բնակիչների համար: Մարզպետարանի հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչները բողոքել են, որ եթե եզրաքարերի բարձրությունը չիջեցվի, ապա մայթի մակերեսի բարձրանալու պատճառով մուտքի դռները չեն բացվի: «Հետք»-ի ունեցած տեղեկություններով, բողոքին ի պատասխան, շինարարը խորհուրդ է տվել կտրել մուտքի դռների ներքեւի հատվածը:

«Հենց այս ամենը հաշվի առնելով էլ ասում եմ, որ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Մի տեղ շինարարն է մեղավոր, բայց ունենք դեպքեր, երբ բնակիչներն են խոչընդոտներ ստեղծել,- ասում է Արա Մելիքջանյանը,- անցած տարի Կոմիտաս փողոցոմ մի բնակչի տան դիմաց բազալտե եզրաքարարը քանդել էին, որ նորով փոխարինեն: Բնակիչը պահանջում էր տեղադրել 50 սմ բազալտե եզրաքարեր ու իր ուզածին հասնելու համար չէր թողնում Արմենթելի՝ օդանավակայան գնացող մալուխներն անցկացնեին: Շինարարը, որպեսզի կարողանար փողոցը հանձնել շահագործման, էս դեպքում «Մերձմոսկովյան ԲԲԸ», համաձայնվեց իր հաշվին էդ 25 մետր եզրաքարերը 50 սմ բարձրությամբ շարել ու դա հավելյալ ծախս էր շինարարի համար, որ իրենց գրպանից արեցին: Նույն եզրաքարերից քաղաքացիները գողանում, տանում էին, որովհետեւ շինարարը բերում, օրերով շարում էր փողոցի վրա եւ այլն»:

Նախկին փոխմարզպետի համոզմամբ, աշխատանքների կազմակերպման հարցում եղած որոշակի անհստակությունները եւս իրենց դերակատարումն ունեցել են: Վերահսկող աշխատանքային խմբի ղեկավարումը ստանձնելուց երկու ամիս անց Արա Մելիքջանյանը ցանկացել է հրաժարվել եւ անգամ դիմում է գրել:

«Բանն այն էր, որ նույն խնդրի հետ կապված շինարարը դիմում էր մեզ, հետո գնում էր քաղաքապետարան: Մենք, միմյանցից անկախ, կայացնում էինք երկու տարբեր որոշում, որն իհարկե պիտի պրոբլեմներ առաջացներ: Որպեսզի շինարարը չդառնա երկու տիրոջ ծառա, ու գործն էլ տեղից շարժվի, ես դիմում գրեցի, որ դուրս գամ, հետո իհարկե այդ հարցերը հարթվեցին,- պարզաբանում է զրուցակիցս,- ես կարող եմ ասել, որ արվել է հնարավորն ու անհնարը, սակայն լիքը պրոբլեմներ բացահայտվել են բուն գործընթացի ժամանակ: Սեղանի մոտ հեշտ է նախագծելը, հանձնարարություներ տալը, այ երբ շինարարը սկսում է փորել, էդ բոլոր գծագրերը հօդս են ցնդում, որովհետեւ երկրաշարժից հետո կոմունիկացիոն համակարգում արված բազմաթիվ շեղումները այդտեղ արտացոլված չեն: Հասարակ մի օրինակ՝ երկրաշարժից հետո մարդիկ որտեղից ուզել՝ ջրի ու կոյուղու խողովակ են տարել, բայց դրանք ջրմուղի տված գծագրերում արտացոլված չեն՝ ինչ սովետից ժառանգել էին, էդ էլ հրամցրել են մեզ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter