HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արամ MP3-ի ծառայության վայրն ինչո՞ւ է ընտրվել Երևանը

Հաղորդավար, հումորիստ, երգիչ Արամ MP3-ն գրեթե հինգ ամիս է՝ զորակոչվել է Զինված ուժեր, սակայն շարունակում է նկարահանվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում: 

Արամի զինծառայությունն անցնում է Երևանում, նա նախ զորակոչվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որը ավելի հայտնի է որպես Մուրացանի հոսպիտալ, այժմ ՊՆ սպայի տան «Զորական» համույթում է ծառայում:

Պաշտպանության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին զորամասի համարը, որտեղ իր ծառայությունն է անցնում քաղաքացի Արամ Սարգսյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի, օրինակ, թե ինչպե՞ս է ստացվել, որ հենց այդ զորամասն է ընտրվել որպես վերջինիս ծառայության վայր, քա՞նի քաղաքացու դիմում է ընդունվել և քանիսի՞նը մերժվել նման կարգով զինծառայություն անցնելու համար և այլն:

«Մնացած բոլոր հարցադրումների վերաբերյալ ՊՆ Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատը ոչ մի տեղեկատվության չի տիրապետում»,- ասված է հարցման պատասխանում:

Դեռևս նախորդ տարի՝ 2018թ. դեկտեմբերին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի (այդ պահին Սիմոյանը դեռ ԱԺ փոխխոսնակ չէր, փոխխոսնակի թեկնածու) իր անվան հետ կապվող լրատվամիջոցում՝ araratnews.am-ում լուր հրապարակվեց, որ Արամ MP3-ն գնում է «հայրենիքի առջև պարտքը կատարելու»՝ զորակոչվելու է որպես բուժծառայության լեյտենանտ: 

Screenshot_77.png (219 KB)

Արամ Սարգսյանը (MP3) ունի դեղագետի մասնագիտություն, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Զորակոչի ենթակա քաղաքացիները, որոնք ունեն բժշկական մասնագիտությունների գծով կրթություն, ուսումնառության ընթացքում տարկետման իրավունք են ստանում: Ի տարբերություն այլ մասնագիտությունների՝ այս դեպքում քաղաքացիները զորակոչի ենթակա են ոչ թե մինչև 27, այլ 35 տարեկանը:

Սա է պատճառը, որ անկախ այն հանգամանքից, թե որքան ճանաչելիություն ունի հաղորդավար Արամը և ինչ հաղորդում է վարում, օրենքի շրջանակում նա պարտավոր էր զորակոչվել: Ընթերցողներին, թյուրընկալումներից խուսափելու համար, տեղեկացնենք, որ պահեստազորում հաշվառված քաղաքացիների վրա չի տարածվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի վերջիններս ազատվում են զինծառայությունից, եթե ունեն երկու և ավելի երեխա: Հետևաբար, չնայած նրան, որ Արամն ունի երկու երեխա, չէր կարող ազատվել զինծառայությունից ընտանեկան տարկետման հիմքով:

Մեզ հետ զրույցում Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ ՊՆ կենտրոնական հավաքակայանում վիճակահանությանը մասնակցել է՝ քաշելով Մուրացանի հոսպիտալ՝ որպես ծառայության վայր:

«Հիմա վայեննի խոռում եմ, ես արդեն ավելի քան 10 տարի իմ մասնագիտությամբ չէի աշխատում, դրա համար Մուրացանից ինձ գործուղել են «Զորական» համույթ, որովհետև վերջին տարիներին իմ մասնագիտությունն ավելի շատ ուղղված է այդ բնագավառին»,-ասաց Արամը:

Մեր հարցին, թե ինչպես է համատեղում ծառայությունն աշխատանքի հետ, վերջինս ասաց.

«Քանի որ ես սպա եմ, աշխատանքս ժամը վեցին վերջանում է, շաբաթ-կիրակի օրերին էլ ազատ եմ»:

Մեր ճշտող հարցին՝ մի՞շտ են նկարահանումները երեկոյան ժամերին լինում և ոչ աշխատանքային օրերին, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ երբեմն լինում են նկարահանումներ նաև ցերեկը, ինչի համար թույլտվություն է խնդրում: Արամի խոսքով՝ մոտ երկու ամիս է իր զինծառայությունն անցել Մուրացանում:

Ավելի վաղ քաղաքացի Սարգիս Մելիքսեթյանը դիմել էր «Հետք»-ին՝ հայտնելով, որ եղբայրը՝ Վահե Մելիքսեթյանն ունի դեղագետի մասնագիտություն, Երևանի պետական բժշկական համալսարանում ասպիրանտուրա է սովորում և զուգահեռ դասավանդում, մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Վերջինս դիմել է Պաշտպանության նախարարությանը, որպեսզի զորակոչվի այնպիսի վայր, որ հնարավոր լինի զուգահեռ դասախոսել և համադրել գիտական աշխատանքը, սակայն դիմումները մերժվել են՝ հաստիք չլինելու պատճառաբանությամբ: Մերժվել է նաև Բժշկական համալսարանի ռեկտորի դիմումը:

Արամ Սարգսյանը տեղյակ չէր, որ Մուրացանում դեղագետի հաստիքի խնդիր է եղել, վստահեցրեց, որ վիճակահանությամբ է որոշվել իր ծառայության վայրը:

Սարգիս Մելքիսեթյանը մեզ փոխանցեց իրենց հղված ՊՆ գրություններից մեկը, որտեղ նշված է, որ Երևանի հոսպիտալային օղակում չկա դեղագետի թափուր հաստիք:

Մելիքսեթյանը տեղեկացրեց՝ վիճարկում են ՊՆ-ից ստացված մերժման հիմքերը: Ի դեպ Վահե Մելիքսեթյանի փաստաբանի գրության պատասխանը, որտեղ ՊՆ-ից կրկին ասել են, որ դեղագետի ազատ հաստիք չկա, ստացվել է 08.04.2019-ին, այն դեպքում, երբ Արամ Սարգսյանի խոսքով ինքը Մուրացանում ծառայել է մոտ երկու ամիս: ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ քաղաքացի Արամ Սարգյանը ԶՈՒ է զորակոչվել 21.12.2018-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։