Երևանի վարչական շրջաններից մեկի ղեկավարի կողմից տարիներ առաջ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2019 թվականի մայիսի 2-ին Հայաստանի քաղաքացի Ս.Ք.-ն պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10՝ հետաքննության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բազմաբնակարան շենքի շինարարության թույլտվություն տալու համար Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը տարիներ առաջ իրենից պահանջել և ստացել է 40 000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Երևանի քաղաքապետի կողմից Ս.Ք.-ին պատկանող ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն:
Ինչպես հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով 2019 թվականի մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել