HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:

Վարչապետը կարևորել է մայիսի 2-ին Երևանում հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄԷ հետ համագործակցությունը, և վերջին շրջանում երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը, նաև զբոսաշրջության ոլորտում նկատվող աճի միտումները վկայում են Հայաստան-ԱՄԷ համագործակցության զարգացման դրական դինամիկայի մասին:

ԱՄԷ պետնախարարը գոհունակություն Է հայտնել Հայաստան այցի, հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկումների արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ: Ահմադ Ալի Ալ-Սայեղիի խոսքով՝ ԱՄԷ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ, տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ, և հանձնաժողովի գործունեությունը հենց այդ մասին է վկայում:

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով տնտեսական փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Հայաստանի վարչապետը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ՝ տնտեսության զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով: Հայ-էմիրաթական տնտեսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, ՏՏ, վերականգնվող էներգետիկայի, ջրամբարաշինության ոլորտներում համագործակցությունը:

Ահմադ Ալի Ալ-Սայեղին նշել է, որ ԱՄԷ համար ևս հետաքրքրական է վարչապետի նշած ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, և ընդհանրապես ԱՄԷ-ն պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցությունը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար ոլորտներում:

Վարչապետը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ քայլերին: Երկուստեք կարևորվել են գործարար համաժողովների անցկացումն ու բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերի կազմակերպումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter