HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Տարոն-Ավիան» օգնության է հասել «Արմենիային»

Մայիսի 1-ից հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերության «Boeing 737-500» օդանավը (գրանցումը՝ EK-73775) սկսել է Երեւանից թռիչքներ կատարել դեպի ռուսական Վորոնեժ եւ Միներալնիե Վոդի: Այս փաստը որոշակի տարակուսանք էր առաջացրել ավիացիայով հետաքրքրվողների շրջանում, քանի որ ընկերությունը 2018-ի հունվարից թռիչքներ չի կատարում Հայաստանից, մյուս կողմից՝ նշված ուղղությունները սպասարկում է հայկական մեկ այլ օպերատոր՝ «Ավիակոմպանիա Արմենիան»:

«Հետքի» հետ զրույցում «Տարոն-Ավիայի» կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը հայտնել է, որ «Արմենիայի» միակ ինքնաթիռը («Boeing 737-500», EK-73736) ուղարկվել է տեխսպասարկման, ու քանի որ չվերթները բնականոն շարունակելու հարց է ծագել, «Արմենիան» դիմել է «Տարոն-Ավիային»՝ օդանավը ժամանակավոր տրամադրելու հարցով: Ըստ Քարամյանի՝ իրենք են մայիսի 1-ից մինչեւ 15-ը իրականացնելու թռիչքները դեպի ռուսական երկու քաղաքներ (ընդհանուր 9 երկկողմանի չվերթ, որոնցից 5-ը՝ Երեւան-Վորոնեժ-Երեւան, 4-ը՝ Երեւան-Մին. Վոդի-Երեւան), իսկ «Արմենիայի» մյուս չվերթներն (Թբիլիսի, Թել Ավիվ, Բեյրութ, Լիոն) իրականացնում է վրացական կողմը: Խոսքը «Georgian Airways»-ի մասին է, որի հիմնադիրները, ինչպես հայտնի է, նաեւ «Արմենիայի» սեփականատերերն են:

Հարցին, թե ինչու է «Տարոն-Ավիան» թռիչքներն իրականացնում սեփական կոդի (H7) տակ, եթե դրանք իրականում «Արմենիայի» թռիչքներն են, Լ. Քարամյանն ասել է, որ իրենց օդանավը թեկուզ «թաց լիզինգի» պայմաններով «Արմենիայի» շարժակազմ մտցնելու համար ժամանակ կպահանջվեր, եւ որոշվել է վարվել այս կերպ: Ընդ որում՝ EK-73775-ը շահագործում են հենց «Արմենիայի» օդաչուները:   

Հիշեցնենք, որ «Տարոն-Ավիան» ունի 3 հատ «Boeing 737-500», որոնցից EK-73772-ն ու EK-73776-ը հանձնված են վարձակալության սուդանական «Badr Airlines»-ին: Հարցին, թե արդյոք ամսի 15-ից հետո EK-73775-ը նորից պիտի կանգնած մնա, Քարամյանը դրական պատասխան է տվել: Նշենք, որ մինչեւ «Արմենիայի» չվերթների իրականացմանն անցնելն այս բորտը կանգնած էր Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ բերվել էր Կիեւում տեխսպասարկում անցնելուց հետո:

Ինչ մնում է սեփական թռիչքներ կատարելուն, ապա «Տարոն-Ավիան» դեռ սպասում է ավիացիոն շուկայի պայմանների բարելավմանը, որի մասին նախկինում գրել ենք: Խոսքը ՀՀ-ում եւ ԵԱՏՄ տարածում, մասնավորապես՝ Ռուսաստանում, հավասար պայմաններով մրցակցային դաշտ ստեղծելու մասին է:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter