HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շերեմետևոյում բռնկված օդանավում եղած 78 մարդկանցից ողջ են մնացել 37-ը

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հրդեհված ինքնաթիռում եղած 78 մարդկանցից ողջ են մնացել 37-ը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել էր 13 զոհի մասին: 

Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունը սկզբում տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել ռուսական ԶԼՄ-ներում, օրինակ՝ եթե 78 մարդկանցից ողջ են մնացել 37-ը, ապա ինչու միանգամից չի հայտարարվում 41 զոհի մասին: Մի քանի լրատվամիջոցներ էլ գրել էին, որ 37-ը փրկվել են, 13-ը՝ զոհվել, մնացած 28-ի ճակատագիրն էլ անհայտ է:

Ավելի ուշ, այնուամենայնիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածքային վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան վերջիվերջո հաստատեց, որ միջադեպի հետևանքով զոհվել է 41 մարդ:

Հիշեցնենք՝ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100-95 ուղևորատար ինքնաթիռը տեղական ժամանակով 18:00-ին մեկնել էր «Շերեմետևո»-ից, սակայն օդում մի քանի պտույտ կատարելուց հետո 18:40-ին արտակարգ վայրէջք էր կատարել կրկին «Շերեմետևո»-ում: Վայրէջքի պահին օդանավի շարժիչները սկսել են այրվել: Հրշեջներին հաջողվել էր մարել կրակը, սակայն օդանավի կեսն ամբողջությամբ այրվել է:

Sukhoi Superjet 100-95 օդանավը պատկանում էր «Աերոֆլոտ» ավիաընկերությանը, որը մայիսի 5-ին և 6-ին նախատեսված չվերթները չեղարկել է օդանավակայանի թռիչքուղու փակման պատճառով: Այս պահի դրությամբ «Շերեմետևո»-ն աշխատում է սահմանափակ ռեժիմով, երկու թռիչքուղներից բաց է միայն մեկը:

Ավելի վաղ TACC-ը գրել էր, որ օդանավի բռնկման հիմնական կանխավարկածը կայծակի տակ հայտնվելն է: Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության՝ այդ վարկածը հաստատել էր նաև օդանավի անձնակազմի անդամներից մեկը: 

Կատարվածի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով: Ստեղծվել է նաև պետական հանձնաժողով՝ միջադեպի հետաքննությամբ զբաղվելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter