HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորից ազգային ինքնության մասին

Ալեքսանդր Արորդի Վարպետյան

Նախ որպես պոստուլատ (կանխադրույթ), հարկ է մեկընդմիշտ ընդունել մեկ քանի սկզբունքներ, այստեղ` գոնե երկուսը.

- Ցանկացած փիլիսոփայություն, հոգեվերլուծություն, մտաեզրահանգում թե որևէ խնդրականի վերաբերյալ դատողությունը ճշմարտամոտ է այնքանով` որքանով ունի էաբանական, դիալեկտիկական և տիեզերական օրինաչափություններին համապատասխան հիմք, նույնիսկ եթե դրանք լինեն սոսկ հանճարեղ կռահումներ: Առավել ևս, որ այդ օրինաչափությունները «թեմա և վարիացիաներ» սկզբունքով դրսևորվում են բնության, կեցության և «ռեալիզմ» որակվող բոլոր ասպարեզներում: Հակառակ դեպքում դրանք զուտ հայեցողական «արտադրաքներ» են, լոկ ինֆորմացիոն կուտակումներ կամ գաղափարական կարկատաններ: Այդպես, այսօր  «պատկերային բժշկության»  (ավելի ստույգ` գլխուղեղի էլեկտրամագնիսական տոպոգրաֆիայի ) ստեղծումն ու բարգավաճումը ծնեցին նեյրոփիլիսոփայություն, նեյրոհոգեբանություն,  նեյրոլեզվաբանություն ու նման գիտաճյուղեր, որոնք իրենց զուտ հումանիտար տարատեսակներից տարբերվում են հոգեգործունեության քիչ թե շատ «ֆունդամենտալ»  հետազոտություններով ու «տեսանելի» հիմնավորումներով:                                                                                                                                            – Երկրորդ, որևէ թեմա արծարծելուց առաջ հարկ է հարակից որոշակի գիտելիքներ և արմատական ճանաչողություն ունենալ խնդրո առարկաների վերաբերյալ:
Այս նվազագույն պայմանների առումով  2009/05/04 թ. «Հետք» կայքում հրապարակված «Ազգային ինքնությունը բախման և երկխոսության գործընթացներում» (http://hetq.am/am/society/vardan-jaloyan/) խորագրով ակնարկը խիստ թերի, մակերեսային և ինքնին մոլորության մեջ է մի շարք պատճառներով.
- Նախ ինքնություն  եզրի ու հասկացության վերաբերյալ: Հայ. ինք(ն)  բառարմատային եզրը  ոմանք մակաբերում են ի  դերանվանական արմատից , որն հայերենում նշանակում է «մի բան», ի-մեջ, և առնչվում ին-այն, ինչ-ինչություն-էություն  հոլովումների հետ, իսկ այլ լեզուներում համապատասխանում սանս. I-dam, ay-am ( հմմտ. անգլ. I am, ֆրանս. Je sui -ես եմ ),  հուն. έ-fέo-foi, լատ. sui, ֆրանս. soi, գերմ. sein, հնխ. *seuo- (Հ.Աճառյան, հմմտ. ռուս. свой-իր, сам-само-ինքը, самօë-ինքնություն): Եվրոպ. identité-identity  ձևը  լատ.  identitas-ի ածանցումն է, որի արմատն է  idem-ը («Le Petit Robert» ֆրանս.), ճիշտ ինչպես սանս. «I-dam»-ը: Այսինքն, ըստ նախնյաց լեզվամտածողության զանազանվել են են Ես-ն ու ինք -ը, վերջինս ընկալվելով որպես էություն երանգավորմամբ ինչ-որ գոյացություն: Առավել ևս, որ ինքն-ություն  բառի -ություն  վերջածանցը ցուցանում է հենց էություն է (հմմտ. Աստված-աստվածություն, է-էություն ևն):

- Ակնհայտորեն Idem-ը տարբերվում է Ես-ից, և ըստ Զ. Ֆրոյդի հանդիսանում մարդու հոգեկան ոլորտի Id-այն  բնազդային հակումը (identity  եզրի պարզարմատը),  ի տարբերություն Ego/Ես-ի («անձի» ինքնագիտակցությունը)  և SuperEgo- ԳերԵսի ( իբր մարդու կողմից ներքնայնացած հասարակական չափանիշների ամբողջությունը: Տե’ս «Էություն» հատորը, էջ 387-338):

Հոգեվերլուծության այլ մեկ դեմք Կ.Գ. Յունգը նույնպես որոշակիորեն տարբերում է Ես-ն ու Ինքը, ֆրանս. moi-ն և soi-ն, մոտավորապես նույն բնորոշումներով (գիտակցական-անգիտակցական, anima-հոգի և վերաճային animus-ոգի, անհատական-կոլեկտիվ, և այլն), soi-ինքը  բնորոշելով որպես ոչ ամբողջովին ըմբռնելի «անհատականության գլոբալ գոյացություն»: Եվ հենց այդ  soi-ինքի  ֆենոմենոլոգիային նա նվիրում է Aion-Էոն խորագրով իր հետազոտությունների հանրահայտ ժողովածուն (ըստ հուն. Aion/Էոն-դարաշրջան և հավերժություն հասկացության ), մարդու soi-ինքի  մեջ որոնելով հնագույն արխետիպեր և սիմվոլիկան` դիցաբանական, գնոստիկական, քրիստոնեական և միջնադարյան ալքիմիայի ասպարեզներում: Որպես արխետիպեր նա ընդունում է Քրիստոսի և Անտիքրիստոսի ֆենոմենները (հակադիր երկվություն ),  որպես խորհրդանիշ` Ձուկը (Քրիստոս ), իսկ ընդհանրապես Ձուկ կենդանակերպը` նախաստեղծ ու հակադիր զույգ ձկներով, որոնք ըստ նրա առնչվում են բաբելական Օհան աստծո հետ, իսկ իրականում և շատ ավելի վաղ` շում.-աքքադ. Էա-Հայա տիեզերածովի, իմաստության և Մե էություն-զորությունների տիրակալ, ձկնակերպ աստծո, իսկ առավել ստույգ` դեռևս Մեծամորից հայտնի, Միջագետքում փոխառված և ողջ Առաջավոր Ասիայում համատարած բուն հայկական Է-Էություն գերաստվածության հետ, որը ցայսօր հարատևում է հայ առաքելական եկեղեցում, իսկ տարբեր կերպարավորումներով`  համարյա բոլոր կրոնների, փիլիսոփայական ուսմունքների մեջ, ինչպես դելփյան տաճարի «Ճանաչիր ինքդ քեզ և Է’ի» արձանագրության, Սպինոզայի causa sui-ինքնապատճառի, Կանտի «Ինքնին իր»-ի ( երկուսն էլ էություն ենթատեքստով… )  կամ արդի տիեզերաբնության մեջ Եզակիություն-ԳերԷություն հասկացության մեջ:

- Մեկ խոսքով, ինքնությունը  ի սկզբանե մարդուն տրված հատկանիշ է, որը նրա, հասարակությունների, ողջ մարդկության էվոլյուցիայի հետ անցնելու է զարգացման ձիգ ու խրթին մի ճանապարհ, ըստ հայ գաղտնագիտական դպրոցների* ` մարդու էացման միջոցով (բառացի` «Ի բնե լինել և հոր նման դառնալ», հմմտ. Պլատոնի eydos-նախագաղափար հասկացությունը, որից և’ idea-գաղափարը, և’ ideal-կատարելության տիպարը… ) :  Որպես  «Աստծո որդի» էացման արխիտիպերից մեկն է հենց Քրիստոսը, որպես «և’ ճանապարհ, և’ ճշմարտություն. և’ կյանք»…

Այդ ճանապարհի խոչուխութերից մեկը հասարակագիտության  հիմնահարցերից  «անհատ և հասարակություն» անտագոնիզմն է, այլորեն արտահայտված ֆրոյդյան Id- Ego-SuperEgo վերաճային գործընթացում, դիալեկտիկորեն` «հակադրությունների պայքարի ու միասնության» օրինաչափությամբ, փիլիսոփայորեն` ընդհանրացում-տարբերակում, ամբողջացում-տարանջատում երկակի ու տիեզերական բոլոր խմորումներում, կենսաբանորեն` ինքնաիդանտիֆիկացիա գործառույթով, արդի գլոբալացման հետ` քաղաքակրթությունների բախումներում և էթնիկական փոքրամասնությունների գոյապայքարում, իսկ քաղաքակիրթ երկրներում… հենց «թյունինգ» կոչված հոսանքի…

Զի, սկսյալ հոտային կեցությունից յուրաքանչյուր գոյաձև զարգանում է իր հիմնական հատկանիշների կատարելագործման ուղղությամբ, որը մարդու համար իր ներաշխարհն է, նրա բուն ինքնությունն ու նրա անհատականացումը**, իսկ դրանց զարգացումը անցնում է գիտակցության և ինքնագիտակցության վերաճի, ինքնաիդանտիֆիկացիայի ու անհատականության շեշտման ճանապարհով, որոնց ակնառու օրինակները «սուր անհատականությամբ օժտված» հանճարներն են***, իսկ հավաքականորեն` ակնառու քաղաքակրթությամբ ազգերը, ապա ազգային-ազատագրական շարժումները, այժմ `ազգային փոքրամասնությունների համաշխարհային զարթոնքը:

Եվ եթե ինքնության խնդրականն ու ճգնաժամը 60-ական թվականներին հառնեց հենց ԱՄՆ-ում (ոչ թե ծնվեց, այն միշտ էլ եղել է ու դեռ երկար կլինի…), ապա այն պարզ պատճառով, որ բազմաէթնիկ այդ երկրում անհրաժեշտ դարձավ և նույնիսկ անհաջող փորձ եղավ արհեստական  «ազգային ինքնություն» և ամերիկացու տիպար ստեղծել (անհատականացման առումով` «թյունինգը» ստեղծվեց ինքնաբերաբար, ըստ նշյալ գործընթացի):

Այժմ այդ ֆենոմենը  զանգվածային միգրացիաների հետևանքնով, դրսևորվում է նաև Եվրոպայում, որտեղից էլ 2008թ. Ն. Սարկոզին  «ազգային ինքնության» խնդրականը դարձեց ընտրարշավային իր ձին, ապա հիմնեց «Ինքնության նախարարությունը» , հասարակական և քաղաքական խնդիրների հետ լուծելու համար մշակութային, քաղաքակրթական և հոգևոր ժառանգության ու արժեքների պահպանումը: Իսկ եթե կայացած ազգերն ու պետություններն ունեն ինքնության խնդրական ( այդ թվում խիստ նախանձախնդրորեն նաև թուրքերը )` ապա ետաճի, գլոբալիզացման և ուծացման պայմաններում ազգային փոքրամասնությունները` բազմիցս առավել:

Բոլորովի այլ խնդիր է թե այդ ինչպես է արվում: Թերհաս շրջանակները` գավառական ու պրիմիտիվ «ազգապաշտությամբ», միջակությունները` արևմտյան կապկումներով… և այդու հենց ապազգայնացմամբ: Այլ խնդիր է նաև սոցիակալական, քաղաքական, կրթական թե մշակութային ինքնությունները, որոնք ի տարբերություն ժառանգական նախադրյալների և «կոլեկտիվ ենթագիտակցության», համեմատաբար նոր ձևակերպումներ են և կարող են փոփոխվել ինչպես ցանկացած ճարտարպետական կառույցի ներքին-արտաքին երեսապատումները, կոնստրուկտիվ կմախքը` ոչ  (ցավոք, այդ մակարդակին են նշյալ ակնարկի ու դրա աղբյուրների դիտարկումները ):

Այս առումով ազգերը չեն մահանա, կանհետանան միայն ինչպես թույլ, խամրած ու անդեմ բոլոր գոյաձերը, իսկ հասուն էթնոսները իրենք ինքնությամբ ու առանձնահատկություններով կմիավորվեն  համամարդկային գերզարգացած համայնքում, ինչպես հիերարխիկորեն բոլոր գոյաձևերը «տիեզերական սիմֆոնիայում», նրա «վերջնական վիճակ» նախաստեղծ Եզակիությունում, ըստ Պլոտնի, Լայբնիցի և ընդանրապես նեո-պլատոնականության` ի դեմս «անհատական մոնադների» և Առաջնամիակի, ըստ քրիստոնեության` Հայր Աստծո և «երկնային արքայությունում», ըստ էիզմի` ԳերԷության, որտեղից էանալ- «Ի բնե լինել և հոր նման դառնալ» խորհուրդը:

Ինքնության դեմ բոլոր հարձակումները արևմտյան ինտելեկտուալիզմի և «դեմոկղատիայի» մածանով մարքսիզմ-լենինիզմի վերապրուկներ են, որի թերհասությունից էլ փլուզվեց ԽՍՀՄ-ը, և որի այլ սպառնալիքն է արևմուտքում ազգային փոքրամասնությունների զարթոնքը: Երկու դեպքում էլ ազգային ինքնության դեմ բարբաջողները նույն «պարկապզուկն» են փչում, թեև շատերը առանց գիտակցելու, գուցե մասամբ էլ… կիսագրագիտությունից, ինչպես կիսով չափ փոսը թռնելն է անկում ակնկալում: Սակայն տվյալ դեպքում տուժում է ազգը, որը ի տարբերություն լոկ էթնիկական հավաքականության կամ սոսկ հասարակության` խիստ որոշակի ինքնությամբ հավաքական ներաշխարհ է (այս ևս մեկ առանձին և չափազանց կարևոր թեմա է, նաև ինքնության առնչությամբ): Եվ եթե կա «հոգիների որս», «ուղեղների լվացք», բաղաձայն երգելով թե «ռաբիզով» լսողության բթացում ու մշակութային «մուտացիաներ», ապա դրանում անհիմն « փիլիսոփայությունները» ու թերի փոխառությունները կարող են նույնքան վնասակար լինել` որքան Նեսոյի քարաբաղնիսը…

Անշուշտ հարկ է միշտ յուրացնել զարգացած  քաղաքակրթությունների կենսափորձը, սակայն անգամ կենդանիներին հատուկ մեկ հատկությամբ. բնությունից ընտրելով ու վերցնելով  միայն օգտակար սնունդն ու բուժիչ  բուսատեսակները:

Մարսել,  07. 05. 2009 թ.

* Ի դեպ, կապված Եվրոպայում ալքիմիայի տարածման հետ,  Կ.Գ. Յունգը հիշատակում է նաև միջնադարյան Հարրանի նեոպլատոնական դպրոցը, որտեղից էլ Turba philosophorum  ու նման հիմնական գործերի նախատիպերը արաբերեն  թարգմանությամբ հայտնվել են Եվրոպայում, ապա թարգմանվել լատիներեն: Այս հանգամանքով կարող է բացատրվել ալքիմիայում հուր-ջուր, ձուկ-արև փոխառնչությունները կամ «փիլիսոփայական քար-հայկական աղ» այլաբանությունները…

** Չինացին և վիետնամացին ֆիզիոնոմիայով  համարյա  չեն տարբերվում, մինչդեռ զանազանվում են իրենց հոգենկարագրով, աշխարհայացքով, լեզվով, կեցական ու հոգևոր մշակույթներով, որոնք նրանց ինքնության բաղադրիչներն են:  Հումանիզմի տեսանկյունից առանձնապես  հարգանքի են արժանի  հենց այդ  և յուրաքանչյուր անհատի ինքնությունը, որին « Մարդու իրավունքների»  խարտիան դեռևս  չի հասել , բայց  քաղաքացիական և արժանապատվության իրավունքներից հետո երբևէ   անպատճառ կհասնի:                                                                                                                                                                 *** Ս. Փարաջանովի հարազատ թեման անձի միակության-անկրկնելիության գաղափարն է, արտահայտված անգամ նախնադարյան-հոտային պայմաններում և «Հեռավոր նախնյաց ստվերները» փառահեղ կինոնկարում, ապա «Նռան գույնը»  և հետագա գործերում, ինչպես նաև երբեք չկրկնվող զարդանախշերի առատ գործածության մեջ: «Պիմիտիվ կոմունիզմից»  հետո «գիտական կոմունիզմով» տոգորված  խորհրդային ժամանակներում այդ հակոնտյա էր  «զանգվածների» գափարաբանությանը, ինչն էլ նրա ու նմանների հալածանքների պատճառ դարձավ: Հարգելի մշակութաբանը զարմանալիորեն անտեսում է այս գերկարևոր խնդրականը,  թեև մեծ անհատականությունի հետ հիշատակելով նաև Ս. Փարաջանովին…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter