HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Ծառուկյանն արեց իր գործը. Ծառուկյանը պետք է հեռանա՞

«Նոր Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը պիտի անջատվեն»,-հեղափոխության ամբիոնից խոստանում էին շարժման առաջնորդները: ԲՀԿ ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, հակառակ հեղափոխության հռչակած արժեքների, խորհրդարանում է:

«Քաղաքացու որոշում» (ՔՈ ՍԴԿ) կուսակցությունը դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմելու ՍԴ:

Նման քայլ անելով՝ ՔՈ-ն, թերևս, չէր բացառում, որ Գագիկ Ծառուկյանն իր մանդատը կամավոր վայր կդնի՝ նոր իշխանություններին ազատելով գործարարի հետ ուղիղ առճակատման գնալու անախորժությունից:

Ի՞նչ հիմքով պիտի այդ քայլին գնա Ծառուկյանը, եթե  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է Ծառուկյանին «խոշոր սեփականատեր» համարում, ԿԸՀ-ն գրանցել էր նրա թեկնածությունը, քանի որ ներկայացրած փաստաթղթերում օրենքի հետ հակասություն չէր գտել, իսկ ընտրությունների արդյունքների օրինականությունը որևէ մեկը չի վիճարկում:

Սրանից բացի՝ խորհրդարանում Ծառուկյանի ներկայությունը վարչապետ Փաշինյանի և Ծառուկյանի համատեղ ստորագրած «հուշագրի» տրամաբանական շարունակությունն է: «Հուշագրով» Ծառուկյանը հաստատել էր իր «հավատարմությունը հեղափոխությանը», Փաշինյանն էլ  պարտավորվել էր, ըստ էության, չխանգարել Ծառուկյանին՝ զբաղվել բիզնեսով և մասնակցել ԱԺ ընտրություններին:

Եվ «ՔՈ»-ն հիմա ստեղծում է քաղաքական մի նոր իրավիճակ, երբ իշխանությանը ստիպում է կատարել իր խոստումը՝ քաղաքականությունից հեռացնել օլիգարխին: ԱԺ նախագահը նամակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝  «ներեցեք, որ անհանգստացնում ենք, բայց նեղություն չէի՞ք քաշի հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք հավաստում են Ձեր՝ ոչ թե գործարար, այլ սեփականատեր լինելու մասին» ոճով: Ինչի հետևեց Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ «մանդատս վայր չեմ դնում, հարցե՞ր» ոճով:

Որքանո՞վ է, առհասարակ, անկեղծ իշխանության ցանկությունը՝  ԲՀԿ-ն չօգտագործել որպես արհեստական բևեռ: Եվ որքա՞ն հետևողական կլինի «ՔՈ»-ն՝ օլիգարխին քաղաքականությունից հեռացնելու հարցում ընդդիմանալով իշխող ՔՊ-ին:

2006 թ-ից մինչ օրս ԲՀԿ-ն կատարում է իրեն վերապահված՝ «երկրորդ քաղաքական ուժի» դերը: Եվ երբ գործող համակարգն ունենում է վստահության հերթական ճգնաժամի խնդիր, այն ժամանակ Գագիկ Ծառուկյանը որոշակի ծառայություններ է մատուցում, ձայներ փախցնում ընդդիմությունից և այլն:

ԱԺ վերջին ընտրություններին ևս ԲՀԿ-ն իրենով փակեց քաղաքական մյուս ուժերի մուտքը խորհրդարան՝ ՔՈ, «Սասնա ծռեր», ՀՅԴ, անգամ ՀՀԿ:

Նախադեպերը վկայում են, որ Ծառուկյանը իրեն տեսնում է ոչ միայն իշխանությունների գործիքի դերում, այլ նաև ինքնուրույն խաղացողի: Նրա հավակնությունները բարձր են, նա իրեն տեսնում է ընդհուպ՝ կառավարության ղեկավարի պաշտոնում:

2015-ին Ծառուկյանը «երկրորդ քաղաքական ուժից» փորձեց հավակնել առաջինին՝ դառնալով ընդդիմադիր ուժերի առանցքը:

Սերժ Սարգսյանը նրան ցույց տվեց իր տեղը՝ սպառնալով հանձնարարել ստուգել «օդում կախված» մի շարք լուրերի իսկությունը:

Այդ ժամանակ Ծառուկյանին պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանը. «Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն»: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ «ընդդիմադիր» ԲՀԿ-ի դեմ ՀՀԿ-ի քայլերը որակեց իբրև «քաղաքական տեռոր»:

Այս պաշտպանությունը Ծառուկյանին գործնականում ոչինչ տալ չէր կարող: 2015-ի փետրվարի 5-ին Ծառուկյանն ասում էր. «Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»: Մարտի 5-ին, սակայն, նրա հռետորաբանությունը լրիվ այլ տոնայնությամբ էր. «Ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները»:

Մեկ տարի անց Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն: Շատերը կհիշեն բեմականացված տեսարանները, թե ինչպես էին մարդիկ տասնյակներով գնում նրա դուռը և աղաչում, որ վերադառնա քաղաքականություն: Ծառուկյանի ընտրազանգվածի, նրա կուսակցությունում հարմարավետ տեղավորված կուսակցականների վերաբերմունքը իրենց առաջնորդի հանդեպ հիշեցնում է Հասարակածային Գվինեայի քաղաքացիների ներքին երկյուղածությունը 1979-ից այդ երկրի նախագահ Նգեմանի հանդեպ: Ի դեպ, 2003 թ.-ին այդ երկրի պետական ռադիոն հայտարարեց, որ նախագահ Նգեման նույնական է երկնքում գտնվող Աստծո հետ և մշտական կապի մեջ է Բարձրյալի հետ: Եվ, ահա, այսօր դարձյալ օրակարգային է գործարար Ծառուկյանի քաղաքականությամբ չզբաղվելու հարցը: Իշխանությունը, սակայն, պետք է ազնվություն ունենա ինքն իրեն հարց տալու՝ ո՞վ է մեղավոր, որ Ծառուկյանը ակտիվ քաղաքականության մեջ է՝ օլիգարխն ի՞նքը, թե՞ օրվա իշխանությունը:

Խնդիրն այն է՝ Փաշինյանը քաղաքական կամք կունենա՞ հեռացնել Ծառուկյանին հիմա, երբ հասցրել է օգտվել նրանից ճիշտ այնպես, ինչպես օգտվել են նախորդ երեք նախագահները:

Ծառուկյանն իրեն խաբված է զգում: Սակայն որքան էլ փաստաթղթային առումով սեփականատեր Ծառուկյանը ամենևին գործարար Ծառուկյանը չէ, միևնույն է, ԲՀԿ ղեկավարը պատրաստ է հերթական անգամ նոր ճակատ դառնալ գործող իշխանության համար: Նրա գործողությունների արսենալն այնքան էլ մեծ չէր. նա կարող էր հրաժարվել մանդատից՝ արժանապատվորեն հիմնավորելով իր քայլը, սակայն գիտակցում է, որ այդ քայլն էլ իր սեփականության անձեռնմխելիության երաշխիքը չէ: Ծառուկյանը նախընտրեց մնալ խորհրդարանում՝ բարձրացնելով ԲՀԿ-ի՝ որպես «իսկական» ընդդիմության ինքնարժեքը: Հիմա նա կարող է հավակնել նաև նախորդ ռեժիմի ուժերի միավորման առանցքի դերին: Հիշենք, որ ԲՀԿ-ի գործառույթներից մեկն էլ ԱԺ-ում «ականի» դերն է՝ ճիշտ ժամանակին անցնել ավելի ուժեղի կողմը:

Սակայն Ծառուկյանն ինքը չափազանց խոցելի է: Նախ՝ «Մարտի 1-ի գործով» նրա անունը ևս կա օլիգարխների ցանկում, որոնց թիկնազորերը հատուկ համազգեստ էին ստացել: Եվ հետո, մինչ օրս չեն հերքվել « չստուգված լուրերը չմուծած միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից և երիտասարդների կրթվելու իրավունքից գողացած միլիարդները` չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Շարունակում են օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»: Իսկ ԱԱԾ-ի ձեռքերը, որքան տեսնում ենք, այսօր ավելի երկար են, քան երբևէ..

Մեկնաբանություններ (1)

Սողոմոն
Ձեզ այսպիսի վերնագրեր չեն սազում ,հարգելի Հետք,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter