HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի շախմատի ֆեդերացիան արձագանքել է գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի հայտարարությանը

Հայաստանի շախմատի ֆեդերացիան պարզաբանում է ուղարկել գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի այսօրվա հայտարարության կապակցությամբ: Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Զարմանքով ու ցավով ենք ծանոթացել hetq.am լրատվականի ս.թ. մայիսի 6-ի էլեկտրոնային էջերում «Միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի հայտարարությունը ապակողմնորոշող վերնագրով ու մտահոգիչ բովանդակությամբ հոդվածին։  

Մեջբերելով Շախմատի ֆեդերացիայի կայքում հրապարակված տեղեկատվության առանձին կտորներ Լիլիթ Գալոյանի կողմից փորձ է արվել անառողջ աղմուկ ստեղծել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի շուրջ։

Նպատակ հետապնդելով բացառել հասարակական ընկալումներում Շախմատի ֆեդերացիայի մասին հերյուրանքների տարածումը, ակնկալում ենք սույն նամակի ամբողջական հրապարակումը ձեր կայքում և թերթում։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան պարզաբանում է. Լիլիթ Գալոյանը հավաքականում չի ընդգրկվել ցածր վարկանիշային ցուցանիշների պատճառով:

Լիլիթ Գալոյանը իր նամակում ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը, փորձ է անում իրավիճակը ներկայացնել իրեն ձեռնտու լույսի ներքո՝ անհիմն մեղադրանքներ և պահանջներ ներկայացնելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային և շախմատային համայնքին:

Հաշվի առնելով, որ իրավիճակը նամակում ներկայացված է աղճատված և միակողմանիորեն, ինչը հանրության շրջանում կարող է անարդարացիորեն սխալ ընկալում ձևավորվել, ստորև ներկայացնում ենք Շախմատի ֆեդերացիայի պարզաբանումը:

2017 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհուրդը որոշում է կայացրել 2018 թվականի Հայաստանի կանանց հավաքականը կազմավորել է հետևյալ կերպ.

2 շախմատիստ՝  2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների միջին ցուցանիշներով,

1 շախմատիստ՝ 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունքով.

2 շախմատիստ՝ մարզիչների առաջարկությամբ՝ ֆեդերացիայի որոշմամբ: Թիմի երկու անդամների ընտրության համար հիմք ընդունելով 2018 թվականի հունվարից մայիս ամիսներ ընկած ժամանակահատվածի միջազգային ելույթները: 2 շախմատիստների անունները հրապարակել մայիս ամսին:

Լիլիթ Գալոյանը 2017թ. իր ունեցած  ցածր միջազգային վարկանիշի և  2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարում զբաղեցրած 3-4-րդ տեղի պատճառով  չի ընդգրկվել 2018 թվականի Հայաստանի շախմատի կանանց ազգային հավաքականի կազմում: Ավելացնենք նաև, որ Գալոյանը 2018 թվականին չի մասնակցել որևէ միջազգային մրցաշարի:

2017 թվականի դեկտեմբերի 16-ին ֆեդերացիայի խորհրդի  նիստի անդամները ՀՀ շախմատի ազգային հավաքականների կազմավորման կարգը որոշելիս ղեկավարվել են 2006 թվականին ընդունած կանոնադրությամբ, այլ ոչ թե ինչպես նշում է Գալոյանը՝ նոր կանոնադրության 8.19 կետի դրույթներով: Եւ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչու՞ է Գալոյանը որոշել,  թե փոփոխությունները ընդունվել են նոր կանոնադրության 8.19 կետի համաձայն: Դա ընդամենը իր ենթադրություններն են, որոնք որևէ փաստով չեն հաստատվում:

«Հայաստանի շախմատային ֆեդերացիա»-ի 2006թ. դեկտեմբերի 2-ի կոնֆերանսում հաստատվել է կազմակերպության կանոնադրությունը:  ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է 2006թ. դեկտեմբերի 29-ին: Կազմակերպության նշված հիմնադիր փաստաթուղթը գործել է մինչև 2017 թվականի հուլիսի 8-ը, այդ օրը արտահերթ կոնֆերանսի կողմից հաստատվել է ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Փոփոխված կանոնադրությունը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է 2018թ. հուլիսի 27-ին:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն. Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաև դրանում փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները և լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:

Նույն իրավանորմի 5-րդ կետի համաձայն. Կազմակերպության կանոնադրության և կառավարման մարմինների իրավական ակտերի միջև հակասության դեպքում գործում է կանոնադրությունը:

Վերը նշված փաստական հանգամանքների և հիշատակված իրավական նորմերի վերլուծությունը, հնարավորություն է տալիս պնդելու, որ մինչև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի հուլիսի 27-ը, ուժի մեջ է եղել և գործել է ֆեդերացիայի 2006թ. ընդունած կանոնադրությունը:

Հին Կանոնադրությամբ ընդհանրապես ամրագրված չէր, թե ով և ինչպես էր ձևավորում հավաքականների թիմերի կազմը:

Ֆեդերացիան 2018 թվականի հավաքականի կազմավորման կարգի մասին տեղեկացրել էր շախմատիստներին, այդ թվում նաև Գալոյանին, ով հասկանում էր, որ եթե ցանկանում է 2018 թվականին հայտնվել կանանց հավաքականի կազմում, ապա պետք է մասնակցի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարին: Մասնակցելով մրցաշարին, Գալոյանը զբաղեցրել էր երրորդ-չորրորդ տեղերը, կիսելով այն Աննա Սարգսյանի հետ:  Հավելենք, որ Գալոյանը 2010 թվականից մինչև 2017 թվականի ներառյալ չի մասնակցել Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարին:

Մրցաշարի ավարտից հետո երկրորդից չորրորդ տեղ գրաված շախմատիստուհիները /այդ թվում նաև Գալոյանը/ կարող էին պայքար տանել հավաքականի երկու թափուր տեղերի համար:

2018 թվականի մարտի սկզբին Ֆեդերացիան առաջարկել էր Գալոյանին իր ընտրությամբ որևէ միջազգային մրցաշարի մասնակցություն՝ ֆեդերացիայի հովանավորությամբ: Այդ փաստն ընդունում է նաև Գալոյանը իր դիմումում: Սակայն, Գալոյանը մերժել էր այդ առաջարկը՝ պատճառաբանելով այն վատառողջությամբ: Ինչպես նշում է Գալոյանը իր դիմումում՝ «իմ կողմից շատ սպասված նոր կարգավիճակս անսպասելիորեն հանդիսացել է խոչընդոտ Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցելու համար»:

Այսպիսով Լիլիթ Գալոյանը օբյեկտիվորեն չի ընդգրկվել Հայաստանի շախմատի 2018 թվականի կանանց հավաքականի կազմում, հաշվի առնելով հետևյալ փաստերը.

ա/ 2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների ցուցանիշներն են՝ 2277 և 2300, միջինը՝ 2289: Հետևաբար, նա չէր կարող ընդգրկվել 2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների միջին ցուցանիշներ ունեցող 2 շախմատիստների կազմում:

բ/ 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունք չի ցուցաբերել՝ զբաղեցրել էր 3-4-րդ հորիզոնականները:

գ/ չի ընդգրվել 2 շախմատիստների կազմում, քանի որ 2018 թվականին չի մասնակցել Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը և  միցազգային մրցաշարի / ծախսերը ամբողջությամբ կատարվելու էին ֆեդերացիայի կողմից/: 

Հետևաբար, Գալոյանի այն պնդումը, որ  Ֆեդերացիայի իրավասու մարմինների ոչ իրավաչափ գործողության արդյունքում նա զրկվել է Հայաստանի շախմատի կանանց ազգային հավաքականի կազմում հանդես գալու հնարավորությունից՝ փաստազուրկ է և անհիմն: Վերը նշված փաստերը վկայում են այն մասին, որ Լ.Գալոյանը չի ընդգրկվել 2018 թվականի հավաքականի կազմում ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ պատճառներով՝

- 2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային միջին վարկանիշների ցածր ցուցանիշներ.

- 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարում զբաղեցրած 3-4-րդ հորիզոնականները.

- 2018 թվականի ընթացքում  միջազգային մրցաշարերում չմասնակցելու հանգամանքը:    

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Հայաստանի շախմատային մեծ  ընտանիքում մշտապես դրական մթնոլորտ պահպանելու ցանկությունը հորդորում ենք Լիլիթ Գալոյանին զերծ մնալ տարատեսակ շահարկումներից և իրավամբ գործել Շախմատային «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսի ներքո, դժվարին պահին կանգնելով իր ավագ գործընկերների կողքին և ոչ դիմաց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter