HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հարթագյուղից մինչեւ Նովոռոսիյսկ ու Ղրիմ

Լոռու Հարթագյուղ համայնքից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցածներից այսօր կենդանի են միայն երկու հոգի, որոնցից մեկը 95-ամյա Սուրեն Սարգսյանն է:

Տարիների հեռվից Սուրեն պապը դժվարությամբ է հիշում պատերազմի դրվագները, տեղանուններն ու տարեթվերը: Զրույցի ընթացքում նրան երբեմն հուշում է որդին, ով ասում է, թե պապը նախկինում այնքան է պատմել անցած օրերի մասին, որ ինքը համարյա անգիր հիշում է:

Սուրեն Սարգսյանը զորակոչվել է 18 տարեկանում՝ 1942-ին, պատմում է, որ իրենց գյուղից ավելի քան 20 հոգի էին, սկզբում տարել են Դիլիջան, որտեղից ուղարկել են Էջմիածին, ապա՝ Հոկտեմբերյան, որտեղից էլ հասել են Աբխազիա՝ Սուխում: Այստեղից զորքի հետ Սուրեն պապը ոտքով անցել է 260 կմ ու հասել Տուապսե, որտեղից էլ ուղարկել են Նովոռոսիյսկ, որտեղ «ֆրոնտն» էր: Տուապսեում Սուրենը հանդիպել էր հորը՝ Մակարին, որի զորքն իր հերթին մեկնել էր Կրասնոդարի ուղղությամբ (վերջինս հետագայում ոտքից վիրավորվել էր ու զորացրվել):   

Գերմանական զորքերը 1942-ին գրավել էին Նովոռոսիյսկի մեծ մասը, սակայն 1943-ի փետրվարին խորհրդային ուժերը կարողացել էին փոքր պլացդարմ հետ վերցնել ու պահել այն մինչեւ ամբողջ քաղաքի ազատագրումը նույն տարվա սեպտեմբերին:      

95-ամյա վետերանը պատմում է, որ իրենք խրամատավորվել էին Նովոռոսիյսկի մատույցներում: Հատկապես լավ հիշում է, որ այստեղ վիրավորվել էր իր համագյուղացի տղաներից մեկը՝ Վազգենը, որն արդեն չկա: Գերմանացիների արկակոծությունից հայ տղաներից մեկը զոհվել էր, մյուսները շտապել էին նրա մոտ, այդ պահին Վազգենը փորձել էր ընկերներին հետ պահել ու գլուխը հանել էր խրամատից, սակայն հարեւանությամբ պայթել էր արկը, որի բեկորներից մեկն էլ դիպել էր Վազգենի աչքին: Քանի որ բեկորի հարվածային ուժը թույլ էր, Վազգենը ողջ էր մնացել, բայց, ինչպես Սուրեն պապն է հիշում, «աչքը կախվել էր»: Վազգենը նաեւ ձեռքից էր վիրավորվել:

Սուրենն ընկերոջն ուղեկցել էր բուժսանիտարական գումարտակ, սակայն ոտքից վիրավորվել էր նաեւ ինքը: Դրանից զատ՝ կռիվների ընթացքում ոտքերը նաեւ ցրտահարվել էին: Մի փոքր առաջ գնալով՝ հիշում է, որ ինքն այլ զինվորների հետ բուժում էր ստանում տնային պայմաններում, երբ հայտնի էր դարձել, որ այդտեղ են գալիս Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլը: Պապը նկատի ունի 1945-ի փետրվարին կայացած Յալթայի (Ղրիմի) կոնֆերանսը «մեծ եռյակի» մասնակցությամբ: Ավելի ուշ նրան Ղրիմից ուղարկել են Հայաստան՝ Ախթալա, որտեղ մեկ-երկու ամիս բուժվել է հայտնի գործարար Միքայել Արամյանցի՝ առողջարանի վերածված տանը: Կազդուրվելուց հետո Սուրեն պապը կրկին մտել է բանակի շարքերը, որտեղից զորացրվել է միայն 1949-ին:

Զորացրվելուց հետո ամուսնացել է, ասում է՝ «հերս ու մերս ամուսնացրին», 6 երեխա է ունեցել՝ 3 աղջիկ, 3 տղա: Պապը նաեւ 16 թոռ ունի (8-ական աղջիկ ու տղա): Մեծ Հայրենականին մասնակցած ու կենդանի մնացած վետերաններին 95-ամյա պապը մի բան է մաղթում՝ առողջություն:     

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter