HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգում են գյուղացիները

«Հետքի» հարգելի խմբագրություն,

վերջերս հեռուստատեսությամբ հայտարարվեց, որ կառավարությունը թույլատրել է սեփականություն հանդիսացող հողատարածքների մինչև 1500 ք/մ կառուցապատելու իրավունք տալ, որպեսզի գյուղացին կարողանա արտադրական, ջերմոցային, անասնապահական, վերամշակման, սառնարանային և այլ գերծունեություն ծավալել: Որոշումը ճիշտ է, հիանալի: Վերջապես ազատվեցինք քաշքշուկներից: Շատ ուրախացանք: Ընկերներով որոշեցինք, որպեսզի կարողանանք մեր մտածածը իրականացնել, դիմենք բանկի օգնությանը, գրավ դնենք մեր ունեցած ողջ հողատարածքները և այդ գումարով գործ անենք:

Բայց զարմանալի բան, պարզվում է՝ մեր երկրում այլևս հողը ոչ մի արժեք չունի: Հայաստանում բանկերը հրաժարվում են հողը որպես գրավ ընդունելուց: Ուղղակի սարսափելի է, մեր այս փոքրիկ երկրում հողը ոչինչ է... Եթե այդպես է, ապա մեր կռիվը, հազարավոր զոհերը, թափված արյունը ինչի՞ համար էին: Անհավատալի է, որ մեր երկրում նման մարդիկ կան...

Հարևաներիցս մեկը անցյալ տարի իր 6000 ք/մ խաղողի այգին էր գրավադրել, որի դիմաց 4 մլն դրամ վարկ էր ստացել, բարեխղճորեն մարում է, և ինքն էլ շատ գոհ է: Բայց հիմա տեսեք, թե ինչպես էր գնահատվում: Ամենաթանկը խաղողի շատ լավ մշակված այգին է, որը գնահատվել է 1 ք/մ-ը 4 ԱՄՆ դոլար, սրանից 51 տոկոսը դուրս է գալիս, ինչպես իրենք են ասում' լիկվիդային, այսինքն՝ տվյալ պահին վաճառելու դեպքում այն կարժենա 2 ԱՄՆ դոլար, իսկ բանկը իր հերթին վճարում է մնացածի 40-60 տոկոսը, այսինքն՝ մշակված խաղողի այգու 1 ք/մ-ը արժե մեկ դոլար:

Եթե նկատի ունենանք, որ վատագույն դեպքում 1 ք/մ-ից ստացվում է 5-6 կգ խաղող ու, աստված չանի, գրավատուն չկարողանա վարկը փակել, այդ դեպքում այգին անցնում է բանկին որպես սեփականություն, նվեր, որի հետ կարող է վարվել, ինչպես ցանկանա: Այդ ո՞ր խելոք գյուղացին այդպիսի բան կանի: Նույն ժամանակահատվածում, խոսքը քաղաքամերձ հողատարածքների մասին է, մշակովի հողատարածքները, վարելահողերը ամենաբարձրը գնահատվում էր 1 ԱՄՆ դոլար, հանած 51 տոկոս լիկվիդացիոն արժեքը, բանկի կողմից վճարի սահմանափակումը ստացվում էր այնպես, որ 1 ք/մ մշակովի հողը արժեր 40-50 դրամ, մինչդեռ մեկ փունջ կանաչին արժե 400 դրամ:

Հիմա ամենացավալին. հարց է առաջանում այդ դեպքում, և հաշվելն էլ դժվար չէ. ի՞նչ արժե մեր երկրի ողջ տարածքը: Ուրեմն, ըստ մեր կառավարության հաստատված գների, Հայաստանի ողջ հողատարածքը գնահատվում է 2-3 հարյուր միլիոն դոլար, այն էլ լավագույն դեպքում: Ու ինչ... Պարզվում է՝ եթե մի օլիգարխի խելքին փչի բոլորիս երկրից վռնդել, շատ էլ հնարավոր է: Լավ, դա թողնենք մի կողմ:

Ասացեք խնդրեմ, ԻՆՉԻ՞ կամ Ո՞ւՄ են ծառայում այդ բանկ կոչվածները, որ դեռ տարին չսկսված այդպես են դիմավորում խեղճ գյուղացուն: Գրավ են վերցնում միայն բնակարաններ, այն էլ միայն քաղաքում: Երկու շաբաթ է՝ մտածում ենք, բայց պատասխան չենք գտնում: Մեկն ասում է՝ դիտավորյալ են անում, որ հարյուրավոր հեկտարներով հողեր են զավթել ու զավթում, կոպեկներ վճարելով, մեկն ասում է, թե ընտրությունների հետ է կապված, իբր օլիգարխները և մյուսները դեպուտատ ընտրվելու համար բանկերից փող են վերցնում, որ ցույց տան, թե իրենք փող չունեն: Էս ի՞նչ օյին են բերում ես խեղճ ժողովրդի գլխին, դուռ ու երդիկ բոլորը փակել են:

Մեզնից շատերը որ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏ» բանկից էինք օգտվում, այս չարաբաստիկ լուրից հետո մնացել ենք շվարած, մի դուռը բացում են, երեքը փակում: Այո, համոզվելու բան չկա, դիտավորյալ են անում... Եթե չեն մշակում, ինչի՞ համար են վերցրել: Իհարկե, պատճառը հայտնի է. հողագործին, մշակին չեն օգնում, որ հողը մնա դատարկ, որ գյուղացին հիասթափվի, զուր ջանքեր, առանց այդ էլ հիասթափված է, ու հողը ձրի տա իրանց: Մի երեք-չորս տարի առաջ քաղաքամերձ հողերի շուկայական արժեքը չէր իջնում 10-15 դոլարից, անունը դրել են «լճացում» ու մի երեք տարի էլ ես երկիրը սոված կպահեն, որից հետո կհանեն վաճառքի տասնապատիկ ավել գներով: Վախենամ՝ այն ժամանակ հայ գնորդ չգտնվի: Դե, ոմանց համար ի՞նչ նշանակություն ունի…

Հարգելի խմբագրություն, մենք Կոտայքի մարզից ենք, ուզում էինք նախագահին կամ վարչապետին հասցեագրել, բայց չգիտենք՝ ինչպես ձևակերպենք: Խնդրանքներս մեկն է. այս նամակը ուղղեք նախագահին և վարչապետին, որ այս՝ մեզ համար շատ կարևոր հարցին մի լուծում գտնեն, որ բանկերին հասկացնեն, թե ինչ է նշանակում գյուղացուն մենակ թողնել իրենց խնդիրների հետ, այսպես թե այնպես շահողը միշտ էլ իրենք են:

Շնորհակալ ենք:

Կոտայքի մարզի բնակիչներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter