HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Նախագիծը միտված է խաղամոլության մակարդակը նվազեցնելուն». խորհրդարանը քննարկեց վիճակախաղի գովազդի սահմանափակման փաթեթը

Խորհրդարանում այսօր քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած «Գովազդի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով տների», «Խաղատների մասին» օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու հարցը։

Նախագծով առաջարկվում է «յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրել 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում»: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները, վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում սպորտային միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ:

Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում՝ այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում և դրա ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:

Հիմնական զեկուցող Հրաչյա Հակոբյանն ասաց, որ բավական երկար է աշխատել այս փաթեթի վրա՝ դեռ նախորդ գումարման խորհրդարանից և մանրակրկիտ քննարկումներ է ունեցել։

«Խնդիրը տոտալիզատորների գովազդին է վերաբերվում, առաջարկվում է հեռուստահաղորդմամբ 07:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում թույլատրել գովազդը։ Քանի որ երկար աշխատանքային քննարկումներ են եղել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ռադիոյի ոլորտի ներկայացուցիչներն ասացին, որ քանի որ այդ ոլորտը սպեցիֆիկ է, ուստի առավոտյան 08:00-ից երեկոյան 20.00-ն հնարավոր լինի գովազդ թույլ տալ, քանի որ անիմաստ է ուրիշ ժամի գովազդ տեղադրելը»,- ասաց Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ կայքերի ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում այն փոխզիջման են գնացել, որ թույլատրվի կայքերում գովազդ տեղադրել, որը չի գերազանցի կայքի 20 %-ի սահմանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն ասաց, որ ահազանգեր է ստացել արտաքին գովազդի օպերատորներից, որ փոփոխությունների հետևանքով մեծ վնասներ են կրելու։ Հրաչյա Հակոբյանն արձագանքեց, որ միակ կողմը, ում հետ չի քննարկել նախագիծը, արտաքին գովազդի ներկայացուցիչներն են, ապա ասաց, որ նախագծի գաղափարն իր մոտ ծագել է՝ «ճնշվելով արտաքին գովազդից»։

«Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հասկացա, որ իրենք մեծ կախում ունեն այդ ընկերություններից, նույնը չէի ասի արտաքին գովազդի պարագայում: Կայքերում ձեռնտու է, քանի որ նրանց գործողությունները հենց ինտերնետ դաշտում է»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ պատրաստ է հանդիպել նաև արտաքին գովազդի ոլորտի ներկայացուցիչներին։

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն ասաց, որ նախագիծն ուղղված է խաղամոլության մակարդակը նվազեցնելուն։ Պատգամավորի խոսքով՝ ներկայացված նախագիծը կոնսենսուսային է, բոլոր խմբակցությունների պատգամավորների կողմից առաջարկներ են եղել, որոնց մի մասն ընդունվել է։

«Ուզում եմ նաև հավելել, որ լրատվական թողարկման ընթացքում մամուլի ակումբի հետնամասում գովազդը թույլատրվում է, երբ այն տարբերանշանի տեսքով է, որը չպետք է պարունակի կայքի հասցեն»,- ասաց նա։

Անդրադառնալով արտաքին գովազդի խնդրին՝ վերջինս ասաց, որ երբ նախկինում արգելվեց ալկոհոլի և ծխախոտի արտաքին գովազդը, նրանք արագ փոխարինվեցին այլ ծառայություններով։

«Էնպես որ շատ անհանգստանալ պետք չէ, լավ աշխատանքի դեպքում կլինեն նոր գովազդատուներ»,- ասաց նա։

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն էլ ասաց, որ նախագծի հեղինակի բարձրացրած հարցը կառավարության համար ընդունելի հիմնախնդիր է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter