HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոր ամուսնու կողմից բռնության ենթարկված անչափահաս աղջիկը ապաստան է գտել մանկատանը

Ոստիկանության Թումանյանի բաժնի ավագ տեսուչ Գայանե Ձավարյանը պատմեց, որ մարտի 31-ին Լիլիթը եկել է ոստիկանություն և հայտնել, որ չի ցանկանում տուն վերադառնալ, ուզում է մանկատուն գնալ: «Մենք այդ մասին շտապ տեղեկացրինք դպրոցի տնօրենին և ոստիկանություն հրավիրեցինք նրա նկատմամբ բռնություն իրականացրած Դավիթ Լալայանին»,- պատմեց ավագ տեսուչը:

13-ամյա Լիլիթը սովորում էր Ալավերդու դպրոցներից մեկում: Մարտի 31-ին նա ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իրենց հարևան Դավիթ Լալայանը ոտքով հարվածել է իր ձախ ոտքին, քաշքշել, վայր է գցել, պատճառել է մարմնական վնասվածք, նաև ձեռքով հարվածել է իր դեմքին: Ոստիկանության Թումանյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ Գայանե Ձավարյանը ասում է՝ Դավիթ Լալայանն իրականում ոչ թե հարևանն է, այլ Լիլիթի մոր ամուսինը, որը ոչ միայն բռնության է ենթարկել անչափահաս երեխային, այլև նրան պարտադրել բնակվել անտանիք սենյակում:

«Դավիթն ուզում է, որ ես այդ տանը մենակ ապրեմ, բայց այնտեղ շատ կռիսներ կան, ես վախենում եմ այնտեղ մենակ ապրել: Ինձ մի կտոր հաց է տալիս, ասում է՝ այդքանը քեզ հերիք է, գնա, էնտեղ կեր: Իրենք ինձ իրենց հետ սեղան թույլ չեն տալիս նստել»,- ոստիկանության ավագ տեսուչին և իր դասղեկին պատմել է Լիլիթը:

Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Դավիթ Լալայանը, բռնության արդյունքում, Լիլիթի առողջությանը պատճառել է թեթև վնաս:

Լիլիթի մայրը՝ Ք. Կ.-ն, Սոցիալական աջակցության Թումանյանի տարածքային գործակալությանը գրած իր դիմումում հայտնել է, որ ունի 3 երեխա: Նրանցից մեծը՝ Լիլիթը, առաջին ամուսնուց է: Երեխան դեռ չէր ծնվել, երբ հայրը մահացել է: Մայրն ամուսնացել է 3 անգամ: Ներկայիս ամուսնուց՝ Դավիթ Լալայանից, ունի մեկ որդի:

«Մենք ընտանիքում հաճախակի ունենում էինք վեճեր, ամուսինս մանավանդ աղջկաս չի կարողանում ընդունել որպես ընտանիքի անդամ, բացարձակ ոչ մի դրական հարաբերություն չունի Լիլիթի հետ, հաճախ հայհոյում է նրան: Մենք բնակվում ենք Դավիթ Լալայանին պատկանող տանը: Նա մարտի 31-ին սկսեց կրկին հայհոյել Լիլիթին, և մեզանից աննկատ՝ նա լքեց տունը»,- հայտնել է մայրը: Վերջինս խնդրել է իր աղջկան տեղավորել խնամքի որևէ կենտրոնում:

Դավիթ Լալայանը ոստիկանությունում բացատրություն է տվել, թե ինքը դաստիարակում և մաքրություն է պահանջում Լիլիթից: Ասել է՝ իր երեխայի նման է նրան պահում:

Դեպքից հետո մայրական կողմի պապն ու մորաքույրը մի քանի օրով Լիլիթին տարել են իրենց տուն, այն մտադրությամբ, որ երեխան կհանդարտվի, կվերադառնա տուն: Հաջորդ օրը մորաքույրը Լիլիթին դպրոց է տարել: Ճանապարհին Լիլիթը մորաքրոջից աննկատ մոտեցել է մի ոստիկանի և հայտնել, որ իրեն իրենց տուն են ուզում տանել, ասել է՝ վախենում է, չի ուզում տուն գնալ, խնդրել է իրեն տանել ոստիկանություն և ուղարկել մանկատուն: Ոստիկանը Լիլիթին ուղեկցել է ոստիկանություն:

«Երկուշաբթի էր, ոստիկանություն հրավիրեցինք համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Կարեն Կոնինյանին և սոցիալական աշխատողին: Նրանք Լիլիթին փորձեցին համոզել տուն գնալ: Լիլիթը մնաց անդրդվելի: Փորձում էինք երեխայից իմանալ, թե Դավիթ Լալայանը ինչ բռնության է իրեն ենթարկում: Պատասխանում էր ՝ վախենում եմ, չեմ ուզում տուն գնալ»,- պատմում է Գայանե Ձավարյանը:

Ապրիլի 3-ին Գայանե Ձավարյանը և դասղեկը այցելում են երեխայի տուն: Դավիթ Լալայանը ոստիկանության ավագ տեսուչի և դասղեկի ներկայությամբ սկսում է հայհոյել Լիլիթին:

«Ասաց` ինքն էստեղ մնալու գործ չունի, թող տանից դուրս գա, թող կողքի տանն ապրի, ես իրեն մի կտոր լափ կտամ: Ես իրեն չեմ պահում: Լիլիթը դա լսելուն պես տանից դուրս է փախչում»,- պատմեց Գ. Ձավարյանը:

Դասղեկի և Գայանե Ձավարյանի նկարագրելով` Լիլիթը ապրել է սարալանջին գտնվող անտանիք մի տան մեջ: Ոստիկանության ավագ տեսուչի խոսքով՝ երեխայի հետ Դավիթ Լալայանի կռիվը սկսվել է այն բանից հետո, երբ Լիլիթը ցանկություն է հայտնել գարնանային արձակուրդներին հյուր գնալ տատին և պապին: Դավիթն ասել է՝ «բա էս տան գործերն ո՞վ է անելու, փոխանակ մորդ օգնես, փոխանակ ցախ բերես»: Հետո հանձնարարել է սանրը մաքրել: Դավիթը, սանրը լավ մաքրած չլինելու պատրվակով, ոտքով հարվածել է աղջնակին, ինչից հետո Լիլիթը փախել է: Նրա պատմելով՝ պատշգամբի երկաթե աստիճանների վրա Դավիթը իրեն հրել է, Լիլիթը աստիճանների վրա վայր է ընկել, ազդրը խփել է աստիճանի երկաթի սուր ծայրին, վնասել ոտքը: Մարտի 31-ին կրկին Դավիթի հայհոյանքներից հետո Լիլիթը փախել է տնից և դիմել ոստիկանություն՝ իրեն մանկատուն ուղարկելու համար:

«Ես նկատեցի, որ երեխան այդ տանը և այդ միջավայրում այլևս չի կարող մնալ: Դավիթ Լալայանը անգամ մեր ներկայությունից չէր կաշկանդվում և հայհոյանքներ ու սպառնալիքներ էր ուղղում երեխային: Սպառնալու նման այսպիսի մի հայտարարություն արեց, թե «դանակը բերեք, ես դրան…», ու անմիջապես երևի հասկացավ, որ էս ինչ է ասում, խոսքը փոխեց, թե «բերեք, թոքերս գցեմ, ինձ, սպանեմ, պրծնեմ»: Որոշեցի երեխային այդ մարդու մոտ չթողնել: Հաջորդ օրը նրան տեղափոխեցինք մանկատուն»,- պատմեց Գայանե Ձավարյանը:

«Ես էդ երեխի՝ Լիլիթի մոր հետ օրինական ամուսնացած չեմ, պրոստը և այլն: Տղա երեխաս հիմա երկու տարեկան է: Որ տենաս, մի գազան երեխա է: Ես երեխիս տեր եմ: Ք. Կ.-ն 3 երեխա ունի, տարբեր տղամարդկանցից: Երկու անգամ ամուսնացել է, էդ տղա երեխեն է միայն ինձանից: Լիլիթի հայրը մահացել է, մեկն էլ ա՝ դրանց տերություն չեն անում: Բրախած են անտերուդուրս: Լիլիթի յանը տարած ա: Արա, նրան ոտքով չեմ խփել, ես թևիցը բռնել, շպրտել, գցել եմ տուն »,- ասաց Դավիթ Լալայանը:

«Նրա մորը ծնողական ժողովներին երբևէ չեմ տեսել, երեխան ապրում էր շատ ծանր ընտանեկան պայմաններում: Լիլիթը թույլ ընդունակություններ ունի, միգուցե տանը նրա հետ աշխատելու դեպքում դրսևորեր այլ ընդունակություններ»,- ասաց դասղեկը:

Դպրոցի տնօրենի տեղակալ Անուշ Բադալյանը պատմում է, որ Լիլիթը դպրոցում միշտ տխուր է եղել ու լուռ: Դպրոցի հոգեբանները պատճառները պարզելու համար աշխատել են նրա հետ: Հետո զրուցել են մոր հետ: Մայրն ասել է՝ իրենց տանը ամեն ինչ նորմալ է»,- պատմեց փոխտնօրենը:

Լիլիթն այժմ ապրում է մանկատանը։ Մանկատան փոխտնօրենը հայտնեց, որ այս պահին Լիլիթի վիճակը հոգեբանական տեսանկյունից կայուն է: Նա արագ ադապտացվել է մանկատան միջավայրում:

«Նա շատ կազմակերպված, հանգիստ, բավականին խելացի երեխա է: Ուսումնական պրոցեսի մեջ չեմ ասի գերազանց է, բայց բավարարից առավել է: Գնահատականները բավականին բարձր են, պատրաստակամ և աշխատասեր է: Լիլիթը կոկիկ երեխա է, ու որևէ խնդիր չենք ունեցել նրա հետ: Շատ կարևոր է, որ Լիլիթը ինքն իրեն հանգիստ է զգում»,- ասաց մանկատան փոխտնօրենը:

Լիլիթի մայրը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ գնացել է մանկատուն՝ Լիլիթին տեսնելու: «Իմ հոգեվիճակը ծանր է: Ես ինքս չէի ցանկանա, որ իմ երեխան այնտեղ լիներ: Ուզում եմ հետ բերել Լիլիթին, բայց Դավիթը երևի նորից չի հաշտվի նրա հետ»,- ասաց մայրը:

Հոդվածում աղջկա և նրա մոր անունները փոխված են

Մեկնաբանություններ (1)

Նունե
Այս դրությամբ Լիլիթի համար նախընտրելի վայրը մանկատունն է, սակայն նման իրավիճակների չհանգելու համար, պետք է ստեղծվեն կառույցներ դժվար իրավիճակներում հայտնված ընտանիքներին ճիշտ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար։ Նման դեպքերում մայրերը հայտնվում են անելանելի վիճակներում և չեն կարողանում պաշտպանել սեփական երեխաների շահերը։ Հերթական (իբրև թե) կերակրողին կորցնելու վախից դրդված անտեսում են անչափահաս երեխային կամ ենթարկում բռնության․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter